HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եկեղեցին իրականում օգնում է Հայաստանի քաղաքացիներին

Վերջերս «Հետք» էլեկտրոնային կայքի «Եկեղեցին մատնո՞ւմ է Հայաստանի քաղաքացիներին» խորագրով հրապարակած նյութը մեծապես անհանգստացրեց և վրդովեցրեց մեզ: Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին ուղղված մատնության անհիմն մեղադրանքն անընդունելի և վիրավորական է, հատկապես սփյուռքի մեջ ծառայող հայ հոգևորականների համար, ովքեր իրենց ծառայության ընթացքում ամեն օր առնչվում են Հայաստանից արտագաղթած քաղաքացիների հետ: Բացի այն, որ փորձ է արվում պիտակավորել և անվանարկել Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությունը, նման անհեթեթ և անհիմն մեղադրանքներով անվստահություն է սերմանվում նաև սփյուռքում Հայաստանի քաղաքացիների և եկեղեցականների միջհարաբերություններում:

Հաշվի առնելով, որ հանիրավի զրպարտություն է հարուցվում մեր Մայր Եկեղեցու հանդեպ՝ ստիպված ենք որոշ անձերի լուսաբանել և ներկայացնել, թե իրականում ինչ աշխատանք է կատարում եկեղեցին և հատկապես եկեղեցականը սփյուռքում հաստատված, փաստաթղթային խնդիրներ ունեցող Հայաստանի քաղաքացիների համար:

Շատերը, հավանաբար, չեն պատկերացնում, թե ինչպիսի վիճակում են երբեմն հայտնվում Հայաստանից արտագաղթած շատ հայորդիներ, ովքեր, օտարության մեջ հանդիպելով դժվարությունների, հաճախ եկեղեցում և եկեղեցականի միջոցով են գտնում իրենց մխիթարությունը և գոտեպնդվում: Սա վկայում է դարերի խորքից եկող և շարունակվող վստահության ու հարգանքի մասին, որը Հայ Եկեղեցին ձեռք է բերել մեր ժողովրդի կյանքում՝ իր նվիրյալ և արդյունավոր ծառայության շնորհիվ:

Հայաստանից արտագաղթած շատ հայորդիներ, չունենալով հստակ պատկերացում՝ դրսում իրենց սպասվող կյանքի մասին, անպատրաստ լքում են Հայրենիքը՝ երբեմն սխալմամբ կարծելով, որ իրենց դյուրին և փափուկ կյանք է սպասվում: Բայց արի ու տես, նրանց հույսերը միշտ չէ, որ արդարանում են: Սոցիալական ծառայությունները նախկինի պես գաղթականներին գրկաբաց չեն ընդունում և դյուրությամբ ժամանակավոր կացարան չեն տրամադրում: Կարելին գործադրվում է, որպեսզի գաղթականը հոգեբանորեն ընկճվի, նյարդերը տեղի տան և ի վերջո վերադառնա իր երկիր: Պետք է նշել, որ շատերին չի հաջողվում հաղթահարել հոգեբանական այս պատնեշը:

Փաստաթուղթ չունեցող Հայաստանի քաղաքացիները հաճախ են դիմում եկեղեցուն, և հոգևորականը ոչ թե մատնում է նրանց, այլ ընդհակառակը՝ օգտակար է լինում: Խնդրանքները տարբեր են լինում. ֆինանսական օգնություն, աշխատանքի տեղավորում, ժամանակավոր կացարանի տրամադրում և այլն:

Եկեղեցին փորձում է հնարավորինս աջակցել և օգնել նրանց: Շատերը, չունենալով կեցության կարգավիճակ, բնականաբար, զրկված են նաև աշխատանքի իրավունքից: Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիներից շատերը հաճախ կատարում են տնտեսուհու, ծերերի ու երեխաների խնամակալության աշխատանք: Իսկ նման աշխատանքներ առաջարկում են սփյուռքում երկար ժամանակ հաստատված և համեմատաբար կայացած հայ ընտանիքները, որոնք հաճախ հենց եկեղեցականի միջնորդությամբ են ծանոթանում և աշխատանքի վերցնում Հայաստանի քաղաքացիներին, որով հոգևորականը կապող օղակ է հանդիսանում նրանց միջև:

Շատ անգամներ նրանց աշխատանք է տրամադրվում հենց եկեղեցում: Շնորհալի և տաղանդավոր Հայաստանի քաղաքացիներն ընդգրկվում են եկեղեցու ծիսական և մշակութային կյանքից ներս՝ բերելով իրենց կարևոր մասնակցությունը եկեղեցական և համայնքային տարբեր միջոցառումներին:

Եկեղեցու միջոցով Հայաստանի քաղաքացիները հաղորդակից են լինում հայ մշակութային, եկեղեցական և համայնքային կյանքին՝ զերծ մնալով օտար և վնասակար երևույթներից: Նրանց երեխաները այցելում են կիրակնօրյա դպրոցներ, երիտասարդները՝ Աստվածաշնչի ուսուցումների՝ չզրկվելով հայեցի և քրիստոնեական դաստիարակությունից:

Համայնքի մեջ եկեղեցականը շփվում և հաղորդակցվում է տարբեր շրջանակների մարդկանց հետ, հաճախ իր ջերմ և անմիջական վերաբերմունքով մտերմացնում նրանց՝ առիթ հանդիսանալով նոր ընկերային հարաբերությունների և երբեմն էլ երիտասարդ ընտանիքների կազմավորման:

Սակայն ամենակարևորը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորները Աստծո խոսքն են մատակարարում Հայաստանից արտագաղթած և դժվարությունների մեջ հայտնված հայորդիներին: Եկեղեցականի հորդորներով և աջակցությամբ նրանցից շատերը լցվում են համբերությամբ և լավատեսությամբ՝ չընկրկելով դժվարությունների առջև:

Ի ուրախություն մեզ և ի պատիվ Հայաստանի քաղաքացիների՝ պետք է նշել, որ նրանք հիմնականում հաճախում են եկեղեցի, հաղորդակցվում և խորհրդակցում են հոգևորականի հետ: Հետևաբար, ջերմ և օգտակար այս հարաբերությունների համատեքստում, երբ եկեղեցին և հոգևորականը իրենց կարելիության սահմաններում ձգտում են օգնել դժվարությունների մեջ հայտնված գաղթական հայորդիներին, բացարձակապես անընդունելի և անհասկանալի է «Հետք» էլեկտրոնային կայքում Հայաստանի որոշ անանուն քաղաքացիների անունից հրապարակված նյութը:

Փորձենք լայնախոհ լինել և անհիմն մեղադրանքներով ու զրպարտություններով չսևացնենք Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությունը և չփչացնենք սփյուռքում եկեղեցականի և Հայաստանի քաղաքացիների հարաբերությունները: Չհիմնվենք ենթադրությունների և սխալ մեկնաբանությունների վրա, այլ լինելով իրատես, արձանագրենք իրականությունը և արդարորեն խոստովանենք, որ Եկեղեցին սփյուռքի մեջ օգնում և շատ կարևոր աշխատանք է կատարում Հայաստանի քաղաքացիների համար:

Տ. ՊԱՐԹև աբեղա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոգևոր Հովիվ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր Եկեղեցու

Մեկնաբանություններ (7)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ինչ «զրպարտության» մասին է խոսքը,եթե հոդվածում տպված է(ր) ՓԱՍՏ` սևը-սպիտակի վրա ու ստորագրված նամակ,որը ՀՀ Սահմանադրության հոդված 8.1-ի կոպիտ խախտում է: Խնդրեմ- ձեր ԿՈՆԿՐԵՏ պատասխանը` ուղղված նամակի առկայությանը ու նամակի բովանդակությանը:
Hermine
Արդեն իսկ բազում անգամներ բացահայտվում է մեր եկեղեցու, նկատի ունեմ սպասավորների իրական դեմքերը, բայց զարմանալիորեն ամեն անգամ Մայր Աթոռը արդարացնում է Վեհափառից սկսած մինչև սարկավագ, կարևորը լինի Գարեգին Բ-ի դաբրոն, մնացածս մեղք ենք գործում երբ համարձակվում ենք ինչ որ բան ասել, քանդում ենք եկեղեցին, մենք անիծյալ հրչակվելու վտանգի տակ ենք հայտնվում,,, ինչ որ բան ինձ հուշում է, որ մենք գնում ենք միջնադար՝ խավարամիտ միջնադար... մաքրել է պետք կառույցը կեղծ հոգևորականներից...
Գոռ Հախվերդյան
Կկրկնվեմ սիրելիներս առանց զլանալու, որ չպետք է անտարբերությամբ կամ քննադատությամբ մոտենանք հարցին, չմոռանանք որ մեր բոլորի միասնությունն է մեր եկեղեցին, մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է որպես քրիստոնյա սիրելու իր մտերիմին այնպես, ինչպես իր անձը կսիրէ, ու եթե իսկապես մենք սիրում ենք մեր եկեղեցին ու մեր հոգևորականներին փոխարենը նրանց քննադատենք ու զրպարտենք պետք է օգնենք նրանց մեր աղոթքներով ու մեր խորհուրդով լինելու ավելի ուշիմ և լուսավոր իրենց դժվարին ճանապարհին: Իսկ ինչ ենք անում մենք' այսօր, փոխարենը նրանց աջակից ու օգնական լինելու: Ամեն դեպքում ես ինձ համարում եմ այն երանելի սերունդի ներկայացուցիչ որին բախտ է վիճակվել շրջապատված լինելու Հոգեշնորհ ու Արժանապատիվ այնպիսի հոգևորականներով որոնք լուսավորում են մեր հոգիները: Իսկ եթե մեզանից յուրաքանչյուրը իրեն հարց տա թե ինչ է ինքն արել եկեղեցու ու ազգի համար ապա համոզված կասեմ, որ իրեն թույլ չի տա երբեք քննադատական կամ զրպարտական խոսքեր ուղղել եկեղեցուն և նրա Լուսավորիչ ու բարեխիղճ ծառայողներին: Բացենք մեր հոգիներն Աստծո և ինքներս մեր առջև: Եվ հավատացեք սիրելի եղբայրներ և քույրեր այն ժամ կհասկանանք որ ինքներս մեզ խաբելով երբեք Տիրոջը չենք խաբի: Փորձենք այս դեպքում յուրաքանչյուրս մեր մեջ փնտրենք մեր սխալը կատարվածի վերաբերյալ նախքան դիմացինին մեղադրելը:
բենյամին
Պետք չէ խառնել եկեղեցին եկեղեցիականից: Այսօր եկեղեցին դրանց շնորհիվ դարձել է բիզնես կենտրոն: Նայեք դրանց ապրելակերպին, ունեցվածքին, մեքենաներին, պալատներին,հողամասերին, որ մեկը թվեմ:Հոգևորականը իրավունք չունի սոված հայի կողքով սլանալ ջիպերի շքերթով հայհոյում են, չեն հավատում,դադարում են աղոթելուց: 20 դրամանոց մոմը դարձրին 60 դրամ, բոլոր ծառայությունները /թաղում թե հարսանիք, կնունք թե քառսունք /միայն փողով և հետո ասում են աղանդները մեզ շրջապատել և կլանել են: Ով կարող է հիշել թեկուզ մի դեպք երբ եկեղեցին կամ դրա որեվե պաշտոնյա մասնակից եղած լինի խառն միջադեպերին, կանգնի իր ժողովրդի կողքին: Կրելի է երկար շարունակել, բայց ակամայից հիշեցի` սար ու ձոր տերտերի փոր....
Arsen
Uzum em hishem mom@ erb er 20 dram, chem karoghanum :)
john
Պարգև Հայր Սուրբ սուս մնա:Դրսի «Հայաստանցիների»80/100 գիտեն որ այդ ամենն էլ ՃԻՇՏ է:Նամակի պատճեն մի միլիոն անգամ ավելի ն է համոզում քան Ձեր վերևի հանձնարարականով «թխած» ոչ այնքան համոզիչ հոդվածը:
Գոռ Հախվերդյան
Սիրելի եղբայր John; նախ և առաջ հարգել սովորենք; հետո խոսել և վերջում նոր խոսենք ճշտից: Խնդրում եմ որ յուրաքանչյուրս հաշվի նստենք ինքներս մեր ամձի հետ ու միայն այդ ժամ կհասկանանք որն է ճիշտ և որը' սխալ: Եթե ցանկանում եք իրականությունն իմանալ, ասեմ ավելին որ ձեր տոկոսային հաշվարկներում փոքր ինչ սխալվել եք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter