
Վլադիմիր Զելենսկին քաղաքացիությունից զրկել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցրել է Օրեստ Բերեզովսկու՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Օնուֆրիի ուկրաինական քաղաքացիությունը։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի պետական անվտանգության ծառայությունը։
Գերատեսչությունը պնդում է, որ Բերեզովսկին 2002 թվականին ստացել է ՌԴ քաղաքացիություն և ուկրաինական իշխանություններին չի հայտնել այդ մասին, սակայն «շարունակել է օգտվել Ուկրաինայի քաղաքացու կարգավիճակից»։
Ուկրաինայի պետական անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Բերեզովսկին շարունակում է պահել կապը Մոսկվայի պատրիարքության հետ, որն աջակցում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը և «գիտակցաբար հակազդել է ուկրաինական եկեղեցու կանոնական անկախության ձեռքբերմանը»։
«Չնայած լայնամասշտաբ ներխուժմանը, Բերեզովսկին (միտրոպոլիտ Օնուֆրին) փաստացի շարունակում է աջակցել Ռուս ուղղափառ եկեղեցուն և դրա առաջնորդներին, մասնավորապես՝ պատրիարք Կիրիլին»,- ասված է ուկրաինական հատուկ ծառայության հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Մոսկովյան պատրիարքության մամուլի խոսնակ, միտրոպոլիտ Կլիմենտը ուկրաինական «Суспільне» հեռուստաընկերությանը հայտնել է, որ միտրոպոլիտ Օնուֆրին, բացի ուկրաինական քաղաքացիությունից, չունի որևէ այլ երկրի քաղաքացիություն ու երբևէ չի դիմել որևէ այլ երկրի քաղաքացիության։ Նրա խոսքով՝ Օնուֆրին «որպես Ուկրաինայի քաղաքացի կպաշտպանի իր իրավունքները»։ Միտրոպոլիտ Կլիմենտը հավելել է, որ քաղաքացիության դադարեցման որոշումները «ենթակա են իրավական որոշակի կասկածի»։
Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ քաղաքացիության կորստի հիմքեր կարող են լինել մեկ այլ երկրի քաղաքացու անձնագիր կամովին ստանալը, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիություն ընդունելը խաբեության և կեղծ տեղեկությունների ու փաստաթղթերի տրամադրման միջոցով:
Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես հետո Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին հայտարարեց Մոսկովյան պատրիարքությունից իր ամբողջական անկախության մասին, սակայն վերջնական չխզեց հարաբերությունները։ Ավելին, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Մոսկովյան պատրիարքության որոշ եկեղեցականներ սկսեցին մեղադրվել ռուսական քարոզչության տարածման մեջ։
Իսկ արդեն 2024 թվականի օգոստոսին Ուկրաինայի խորհրդարանը «Ուկրաինայում Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին» օրենք ընդունեց: Դա վերաբերում էր նաև Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Մոսկովյան պատրիարքությանը։
Լուսանկարը՝ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայության
Մեկնաբանել