
ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում վերականգնել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանից պահանջում է վերսկսել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը, որը Թեհրանը դադարեցրել էր իրանական միջուկային օբյեկտների վրա հարվածներից հետո։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը։
Բրյուսն «անընդունելի» է անվանել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնելու՝ Իրանի որոշումը «այն պահին, երբ նա հնարավորություն ունի փոխել ընթացքը և ընտրել խաղաղության ու բարգավաճման ուղին»:
Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է «առանց հետագա հապաղման», ամբողջությամբ վերականգնի ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը։
«Իրանը պետք է լիովին համապատասխանի «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրով նախատեսված երաշխիքներին, մասնավորապես՝ ՄԱԳԱՏԷ-ին տրամադրի տեղեկատվություն, որն անհրաժեշտ է չգրանցված միջուկային բաղադրիչների վերաբերյալ վաղեմի հարցերի պարզաբանման և լուծման համար»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել էր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության դադարեցման մասին համաձայնագիրը։ Իրանցի պատգամավորները դեռ մեկ շաբաթ առաջ էին համապատասխան որոշումն ընդունել։ ԵՄ արտաքին գործերի նախարարները քննադատել էին Իրանի որոշումը։ Համանման հայտարարություն էր տարածել նաև Մոսկվան։
Լուսանկարը՝ Associated Press-ի
Մեկնաբանել