
Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց:
«Մասնավորապես՝ Վ.Ս.-ն «List.am» կայքում տեղադրել է ավտոմեքենաների շուկայականից անհամեմատ ցածր վաճառքի արժեքներ և գնելու ցանկություն հայտնած անձանց հայտնել է՝ իբր նշված ավտոմեքենաները տոկոսով գումարի դիմաց արդեն իսկ գրավադրված են իր հետ նույն շենքում բնակվող անձի մոտ:
Այնուհետև, Վ.Ս.-ն գնորդներին հայտնել է Երևանում գտնվող տարբեր հասցեներ և պարզաբանել, որ զբաղվածության պատճառով անձամբ չի կարող ներկայանալ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գումարը կարող են փոխանցել իր ընտանիքի անդամներից մեկին, որից հետո կարող են տեսնել և զննել ավտոմեքենաները։
Դրանից հետո, Վ.Ս.-ի կողմից վարձակալված օրավարձով բնակարաններում հանցավոր խմբի անդամները ընդունել են գնորդներին՝ նրանցից վերցնելով ընդհանուր 9 մլն 115 հզր ՀՀ դրամ և 34 հզր 300 ԱՄՆ դոլար գումար: Հափշտակված գումարը Վ.Ս.-ի պահանջով փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից երկուսին:
Վ.Ս.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) (14 դրվագ) և (2 դրվագ), համապատասխանաբար, հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (hանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը), 1-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (hանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 238–րդ հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով (անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը):
Պատճառված վնասի չափով արգելանք է դրվել հանցավոր կազմակերպության անդամներից երեքի շարժական և անշարժ գույքերի վրա:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել