HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարի ու մարզպետի մասնակցությամբ ծառատունկի «արդյունքը»

Համապետական շաբաթօրյակների ժամանակ համայնքային և պետական պաշտոնյաները տեսախցիկների առաջ ակտիվ մաքրման աշխատանքներ են իրականացնում, ծառեր տնկում ու ազդարարում հերթական մաքուր ու կանաչ տարածքի մասին: Սակայն, նկարվելուց հետո որևէ մեկը հետամուտ չի լինում ո՛չ տարածքի մաքրության, ո՛չ պահպանության հարցում: 

Լուսանկարը՝ 2019թ. ապրիլի 7

2019թ. ապրիլի 7-ի Էջմիածնի քաղաքապետի, Արմավիրի մարզպետի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մասնակցությամբ խմբակային լուսանկարով ազդարարվեց շաբաթօրյակից հետո 200 ծառ տնկելու մասին: Այսօր այդ ծառերի կեսն էլ չի պահպանվել. տարածքը չունի ոռոգման ցանց, և պաշտոնյաները հավանաբար անձրևների հույսով էին ծառատունկ կազմակերպել:

Լուսանկարը՝ 2019թ. ապրիլի 7

2019թ. ապրիլի 7-ին Էջմիածնի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, որ Էջմիածին-Արմավիր մայրուղու ճանապարհամերձ հատվածում, որը համապետական շաբաթօրյակի ժամանակ Էջմիածնի քաղաքապետարանի, ՏԿԵՆ-ի և Արմավիրի մարզպետարանի աշխատակազմերի համատեղ ջանքերով մաքրվել էր աղբից, համալրվել է ծառերով։

«Վաղ առավոտից մեկնարկած աշխատանքների արդյունքում, կրկին համատեղ ջանքերով, այս տարածքում տնկվեց շուրջ 200 ծառ, այդ թվում՝ հացենի, մրգատու ծառեր և թփեր։ Ծառատնկման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Դիանա Գասպարյանն այլևս Վաղարշապատ համայնքի ղեկավարը չէ: Սուրեն Պապիկյանը ՏԿԵՆ-ից տեղափոխվել է Պաշտպանության նախարարություն, իսկ Համբարձում Մաթևոսյանն այժմ վարչապետի գլխավոր խորհրդականն է: Նրանց, դժվար թե մտահոգի իրենց տնկած ծառերի ճակատագիրը:

Ծառատունկից հետո, Էջմիածնի քաղաքապետարանի ավտոմեքենաներով մի քանի անգամ ջրել են ծառերը, սակայն կարճ ժամանակ անց տարածքը մատնվել է անուշադրության:

Այսօր համայնքային սեփականություն համարվող տարածքի մի մասը դարձյալ վերածվել է աղբանոցի: Հարևանությամբ գտնվող քարի արտադրամասի թափոնները կուտակվում են տարածքում։

Վաղարշապատի համայնքապետարանի լրատվական բաժնից «Հետք»-ին փոխանցեցին, որ տարածքը՝ 6000քմ մակերեսով, չունի ոռոգման ցանց: Քաղաքապետարանը նպատակադրվել է ոռոգման ցանց անցկացնել և նոր ծառեր տնկել: Իսկ թե երբ՝ հայտնի չէ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter