
Դոնալդ Թրամփը դժգոհ է Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը։ Այդ մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ես շատ հիասթափված եմ Պուտինի հետ այսօրվա հեռախոսազրույցից, քանի որ չեմ կարծում, որ նա պատրաստ է դրան (պատերազմը դադարեցնելուն, խմբ.)։ Չեմ կարծում, որ նա ուզում է կանգ առնել, ու դա շատ վատ է»,- լրագրողներին հայտարարել է Թրամփը։ «Ես նրա հետ որևէ առաջընթացի չեմ հասել»,- շարունակել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Կրեմլից հայտարարել էին, որ հուլիսի 3-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը «բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների շուտափույթ ավարտի հարցը», իսկ Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցային գործընթացը շարունակելու Մոսկվայի պատրաստակամության մասին։
Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը լիովին չի դադարեցրել Կիևին զենքի մատակարարման գործընթացը: Նա նախկին նախագահ Ջո Բայդենին մեղադրել է Ուկրաինային մեծ ծավալներով սպառազինություն հատկացնելու մեջ, ինչը «սպառնում էր թուլացնել ԱՄՆ պաշտպանական համակարգը»։
«Մենք զենք ենք մատակարարում, բայց նախկինում չափազանց շատ ենք մատակարարել նրանց։ Բայց մենք շարունակում ենք զենք մատակարարել։ Եվ աշխատում ենք նրանց հետ ու փորձում օգնել նրանց, մենք դա չենք դադարեցրել: Գիտեք, Բայդենը, նրանց զենք մատակարարելով, դատարկեց մեր ամբողջ երկիրը, և մենք պետք է համոզվենք, որ մեզ համար նախատեսված բավականաչափ սպառազինություն ունենք»,- հավելել է Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ հուլիսի 4-ին նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Վերջինս ավելի վաղ նշել էր՝ հույս ունի, որ կկայանա Թրամփի հետ հեռախոսազրույց, որի ընթացքում կքննարկվի Կիևին սպառազինության որոշ տեսակների մատակարարումների դադարեցման հարցը։
Ինչպես հայտնի էր դարձել հուլիսի 1-ին, Վաշինգտոնը դադարեցրել էր Ուկրաինային սպառազինության որոշ տեսակների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության Patriot տեսակի համակարգերի հրթիռների մատակարարումը։ Ընդորում, CBS News-ը նշում է, որ ամերիկյան սպառազինության որոշ տեսակների մատակարարման դադարեցումը վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև մյուս երկրներին։
Փոխարենը, ԱՄՆ Պետքարտուղարությունից պնդում են, որ Ուկրաինային սպառազինության մատակարարումը չի դադարեցվել։ Bloomberg-ն էլ նշում է, որ եվրոպացի պաշտոնյաները «ցնցվել են» այդ որոշումից։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել