HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում ձերբակալվել են ընդդիմադիր մի շարք քաղաքապետներ

Ստամբուլի քաղաքապետարանի դեմ կոռուպցիայի գործով Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել են Ադանայի քաղաքապետ Զեյդան Քարալարը, Ադըյամանի քաղաքապետ Աբդուրահման Թութդերեն, ինչպես նաև Անթալիայի քաղաքապետ Մուհիթին Բյոչեքը։ Այդ մասին գրում է Hürriyet-ը։

Նշվում է, որ Քարալարը և Թութդերեն արդեն իսկ տեղափոխվել են Ստամբուլ: Երեքն էլ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներ են։ 

Պարբերականի փոխանցմամբ՝ հետաքննության ընթացքում ուսումնասիրվել են Ազիզ Իհսան Աքթաշի (նա ազատ է արձակվել ցուցմունք տալուց և զղջալու մասին հայտարարություններից հետո) ընկերություններում աշխատող վկաների, ինչպես նաև կալանքի տակ գտնվող որոշ մեղադրյալների ներկայացրած դիմումներն ու փաստաթղթերը: Հենց այս հիմքով էլ ձերբակալվել են Քարալարը և Թութդերեն։ 

15 հոգուց, որոնց նկատմամբ ձերբակալման օրդերներ են տրվել, 11-ը կալանավորվել են, մինչդեռ հայտնի է դարձել, որ մեկ մարդ գտնվում է արտերկրում, իսկ մյուս երեքի ձերբակալման գործընթացը շարունակվում է:

Ընդդիմադիր երեք քաղաքապետների ձերբակալությունից հետո Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը կուսակցության գործադիր կոմիտեի արտահերթ նիստ է հրավիրել։

Սպասվում է, որ նիստի արդյունքների վերաբերյալ հայտարարություն կտարածվի։ 

Ավելի վաղ նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև Իզմիրի նախկին քաղաքապետ Թունչ Սոյերը, որը ևս այս կուսակցության ներկայացուցիչ է։ Ընդհանուր առմամբ, դատախազությունը տվել է քաղաքապետարանների 157 աշխատակիցների ձերբակալման օրդեր։ 

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ձերբակալվել էր նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։ Դրա հետևանքով Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում լայնամասշտաբ բողոքի ակցիաներ էին տեղի ունեցել։ Ընդդիմությունը կարողացել է հավաքել 20 միլիոն ստորագրություն։ Թուրքիայի այդ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Իմամօղլուին և նախագահի պաշտոնում նրա թեկնածությանը։

Կոլաժը՝ artigercek.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter