
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ, որոնք մեկնարկել են հունիսի 29-ից և կավարտվեն հուլիսի 6-ին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
«Մրցումներին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցում է 19 թիմ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցումների մասնակիցներին բանակային խաղերին մասնակցության համար և շնորհավորել բոլոր այն մասնակիցներին, ովքեր հաջողություն են գրանցել:
«Բանակային խաղերի անցկացմամբ ցանկանում ենք լրացուցիչ խթաններ ստեղծել ծառայողների համար, որ նրանք ավելի կենտրոնացած լինեն իրենց աշխատանքի վրա և պրոֆեսիոնալ մակարդակը շարունակական բարձրացնելու ուղղությամբ առավել մեծ մոտիվացիաներ ունենան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մրցումներն անցկացվում են «Կողմնորոշում» մրցաձևից: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի շրջանակում անցկացվել են նաև տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ:
Ռազմականացված քառամարտ, ռազմականացված կրոսավազք, կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևավճարով`1-ին տեղ՝ 1 000 000 դրամ, 2-րդ տեղ՝ 500 000 դրամ, 3-րդ տեղ՝ 300 000 դրամ, 1-ին տեղ գրաված թիմը՝ գավաթով:
Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիր թիմի անդամները կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևավճարով` 1-ին տեղ՝ 300 000 դրամ, 2-րդ տեղ՝ 200 000 դրամ, 3-րդ տեղ՝ 150 000 դրամ:
Թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն՝ համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել