HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրգործ. փոստային բաժանմունքի 3 աշխատակից մեղադրվում է առևտրային կաշառք ստանալուն օժանդակելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ վարչությունում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի թվով 3 աշխատակիցների կողմից առևտրային կաշառք ստանալուն և լիազորությունները չարաշահելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի օպերատորներ Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը և Ա. Իսրայելյանը 2010թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում օժանդակել են նույն փոստային բաժանմունքի պետ, կարգադրիչ և կառավարչական լիազորություններ իրականացնող առևտրային կազմակերպության ծառայող Ս. Գրիգորյանին՝ լիազորությունները չարաշահելուն և առևտրային կաշառք ստանալուն:

Մասնավորապես, Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը, Ա. Իսրայելյանը և Ս. Գրիգորյանը, օժտված լինելով ՀՀ տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող անձանց տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակները ներկայացնող անձանցից անձը հաստատող փաստաթղթով դրանք ընդունելու և դրանց համար հաշվարկված բոնուսային գումարներ տրամադրելու լիազորություններով, հիշյալ բաժանմունքի պետի գիտությամբ և հանձնարարությամբ ընդունել են քաղաքացի Ի. Գևորգյանի կողմից հանձնված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների խմբաքանակներում կեղծ, իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված և այդ կազմակերպությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող կտրոններ պարունակող խմբաքանակներ:

Հիշյալ աշխատակիցները նշված խմբաքանակներն ընդունել են տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեններով, դրանք ձևակերպել առանց այդ քաղաքացիների ներկայության և վճարել բոնուսային գումարներ՝ այդկերպ օժանդակելով բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանին՝ չարաշահելու իր լիազորությունները և դրանք օգտագործելու Ի. Գևորգյանի օգտին:

Արդյունքում Ա. Մկրտչյանի կողմից ելքագրվել է 8 203 600 դրամի, Կ. Միրիջանյանի կողմից՝ 9 306 200 դրամի, իսկ Ա. Իսրայելյանի կողմից՝ 8 572 900 դրամի բոնուսային գումար, որի հետևանքով պետությանը պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող գույքային վնաս:

Ի. Գևորգյանին այդկերպ օժանադակելու դիմաց վերոհիշյալ փոստային բաժանմունքի օպերատորներ Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը, Ա. Իսրայելյանը և բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանը Ի. Գևորգյանից ստացել են ընդհանուր 1 000 000 դրամ առևտրային կաշառք, որը հավասարապես բաժանել են:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մկրտչյանին, Կ. Միրիջանյանին և Ա. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-200-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց մասով դրվագն առանձնացվել է առանձին վարույթ և ուղարկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Փոստային բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանի մասով քրեական գործը կարճվել է՝ վերջինիս մահվան հիմքով: Իսկ Ի. Գևորգյանի վերաբերյալ դրվագը դատարան էր ուղարկվել ավելի վաղ և գտնվում է դատաքննության փուլում:

Գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter