
Քննչական գործողություններ են իրականացվում Նարեկ Կարապետյանի տանը և ՀԷՑ-ում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի Երևանում գտնվող տանը վաղ առավոտից քննչական գործողություններ են իրականացվում։ Իրավապահները գտնվում են նաև ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում։ Քննչական կոմիտեից չմեկնաբանեցին տեղեկությունը։ Նարեկ Կարապետյանը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին։
Նշենք, որ Կարապետյանները հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, երբ 2025թ. հունիսի 17-ին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը news.am կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել էր, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։
«Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»,- նշել էր Ս. Կարապետյանը:
Հարցազրույցի հրապարակումից հետո օպերատիվ գործողություններ են իրականացվել գործարար Սամվել Կարապետյանի՝ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատանը, ապա նա ձերբակալվել, այնուհետև երկու ամսով կալանավորվել է։
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Հուլիսի 2-ին իրավապահները խուզարկեցին «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակը։
Հուլիսի 4-ին Երևանում հանրահավաք ու երթ էր կազմակերպվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի, որին մասնակցում էր նաև Նարեկ Կարապետյանը։
Մեկնաբանել