
Իսրայելը դարձյալ կհարձակվի Իրանի վրա, եթե Թեհրանը վերսկսի միջուկային ծրագիրը. Axios
Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր շարունակմանը, եթե Թեհրանը փորձի վերսկսել իր միջուկային ծրագիրը։ Այդ մասին գրում է Axios պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վերջինիս տվյալներով՝ հրեական պետությունում կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իր համաձայնությունը տալ այդ գործողությանը։
Սպիտակ տանը այս գիշեր կայացած ընթրիքի ժամանակ իրանական միջուկային ծրագիրը եղել է Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի քննարկման հիմնական թեման։
Axios-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն հույս ունի Թրամփի հետ համաձայնության գալ այն պայմանների շուրջ, որոնց դեպքում Իսրայելը արդարացված կհամարի Իրանին նոր հարվածներ հասցնելը:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Իսրայելը սկսեց հարվածներ հասցնել Իրանին: Թիրախում էին նաև այդ երկրի միջուկային օբյեկտները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու միջուկային էներգետիկայով զբաղվող գիտնականները: Ի պատասխան՝ Իրանը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին։ Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները ևս հարվածներ հասցրեց իրանական միջուկային օբյեկտներին։ Երկու օր անց էլ հայտարարվեց հրադադարի մասին։
Պաշտոնական տվյալներով՝ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է Իրանի 935 բնակիչ։ Իսրայելում էլ իրանական հարվածների հետևանքով զոհվել է 28 մարդ։
Լուսանկարը՝ Majid Saeedi / Getty Images
Մեկնաբանել