
Թուրքիայում հերքում են կառավարության կազմում վերադասավորումների մասին լուրերը
Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների այն պնդումները, որ այդ երկրի կառավարությունում շուտով կարող են վերադասավորումներ լինել։
Թուրքական մի քանի պարբերական, այդ թվում՝ Nefes-ը, Cumhuriyet-ը, T24 պորտալը գրել էին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կառավարության կազմում մտադիր է 4 նախարարի փոխել։ Շրջանառվող անունների թվում էին առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գյուղատնտեսության և անտառային տարածքների հարցերով նախարար Իբրահիմ Յումաքլըն, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Էրսոյը և աշխատանքի ու սոցիալական ապահովության հարցերով նախարար Վեդաթ Իշըքհանը։
«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե նախագահը կառավարության նիստում հայտարարել է, որ այն կարող է վերջինը լինել որոշ նախարարների համար, իրականությանը չեն համապատասխանում: < ... > Նման հայտարարությունները սպեկուլյատիվ և մանիպուլյատիվ են, որոնք հիմնված չեն որևէ կոնկրետ տեղեկատվության վրա»,- ասված է թուրքական գործակալության տարածած հայտարարության մեջ։
Թուրքիայի գործող կառավարությունը, որը գլխավորում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ձևավորվել է 2023 թվականի հունիսին այն բանից հետո, երբ նույն տարվա մայիսին Էրդողանը հաղթեց նախագահական ընտրություններում։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել