
Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է դատավոր Արտակ Կարապետյանը՝ բավարարելով Քննչական կոմիտեի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է տալ համաձայնություն պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Ազգային ժողովը 2025թ. հուլիսի 7-ին հարցը քննարկել է և հաջորդ օրը՝ հուլիսի 8-ին, տվել համաձայնությունը։ Դրանից անմիջապես հետո՝ նույն օրը, Գլխավոր դատախազը դիմել էր Ազգային ժողովին՝ այս անգամ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրով, որը նույնպես բավարարվել է։
Գլխավոր դատախազն Ազգային ժողովում հայտարարեց, որ Քննչական կոմիտեն 2025թ. մարտի 18-ին ստացել է Ազգային անվտանգության ծառայության ավագ օպերլիազորի պատշաճ հաղորդումն այն մասին, որ Արթուր Սարգսյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2024թ. հուլիսից 2025թ. մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել է իրականացնել ահաբեկչություն և իշխանության յուրացում:
Գլխավոր դատախազի խոսքով՝ կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս հանրային քրեական հետապնդում հարուցել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ։
Աննա Վարդապետյանը ներկայացրել էր նաև կալանավորման հիմքերը՝ նշելով, որ վարույթը գտնվում է սկզբնական փուլում։ Դեռեւս հարցաքննված չեն վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների մասին վկայող հնարավոր տեղեկություններ ունեցող անձինք, այդ թվում՝ հանցավոր խմբի ենթադրյալ անդամներ, որոնց հետ Արթուր Սարգսյանն անձամբ ծանոթ է, իսկ որոշների հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ։ Հետևաբար պատգամավորի ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է խոչընդոտել քրեական վարույթով ապացույցների ձեռքբերման գործընթացին՝ դեռևս չհարցաքննված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:
Արթուր Սարգսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Մեկնաբանել