HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ու Ֆիլիպինները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և համաձայնագիր

Օգոստոսի 15-ին մեկնարկեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ֆիլիպինների Հանրապետություն: Այցելությունն սկսվեց Ֆիլիպինների ազգային հերոս Խոսե Ռիզալի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ, որից հետո Մանիլայի քաղաքապետ Ալֆրեդո Լիմը Էդվարդ Նալբանդյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին:

Մանիլայում Հայաստանի արտգործնախարարին ընդունեց Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Աքինոն: Նախագահը կարևորեց դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի տարում երկկողմ հարաբերություններին նոր լիցք տալու Հայաստանի նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ՀՀ արտգործնախարարի առաջին այցելությունը Ֆիլիպիններ նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը Ֆիլիպինների ղեկավարին փոխանցեց Հայաստանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծեց, որ իր այցելության նպատակը ասիական տարածաշրջանում կարևոր դերակատարություն ունեցող երկրի՝ Ֆիլիպինների հետ համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելն է:

Ֆիլիպինների նախագահը Հայաստանի արտգործնախարարին պատմեց երկրում իրականացված քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների արդյունքների և այդ ոլորտներում իրագործվող ծրագրերի մասին:

Էդվարդ Նալբանդյանը Բենիգնո Աքինոյին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումները: Զրույցի ընթացքում մանրամասն անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի:

Նույն օրը՝ ավելի վաղ, կայացել էին Էդվարդ Նալբանդյանի և Ֆիլիպիննների արտաքին գործերի քարտուղար Ալբերտ դել Ռոսարիոյի բանակցությունները, որոնց ընթացքում կողմերը հանգամանալից քննարկեցին երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք քայլերը, ասիական, կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումները:

Հայ-ֆիլիպինյան փոխգործակցության ակտիվացման նպատակով նախարարները պայմանավորվեցին գործուն քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերությունների, մշակութային փոխանակումների խթանման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղղությամբ:

Քննարկվեցին ներդրումների խրախուսման, գիտակրթական, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, շինարարության, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության ձևավորման հնարավորությունները:

Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն խոսեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների մասին: Այս ենթատեքստում Ֆիլիպինների ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային զարգացումների և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը տեղեկացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին:

Բանակցություններից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտ դել Ռոսարիոն ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ֆիլիպինների Հանրապետության արտաքին գործերի դեպարտամենտների միջև փոխըմբռնման հուշագիրը» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագիրը»:

Երկու երկրների հարաբերությունների զարգացման նպատակով քայլերի շարունակականությունն ապահովելու նպատակով Ալբերտ դել Ռոսարիոն ընդունեց Էդվարդ Նալբանդյանի՝ Երևան պատասխան այց կատարելու հրավերը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter