
ՀԷՑ-ը պահանջում է անվավեր ճանաչել 10 մլն դրամ տուգանքի որոշումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը, որով ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով։
2025թ. հունիսի 18-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամով տուգանել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։
Ստեղծված աշխատանքային խումբը 2025թ. փետրվարի 3-14-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Գեղամա», «Արաքս», «Նաիրի» և «Մուսալեռ» մասնաճյուղերում իրականացրել է սպառողներին մատակարարված և առևտրային հաշվառքի սարքերով գրանցված էլեկտրաէներգիայի քանակի և որակի վերաբերյալ կարճաժամկետ մոնիթորինգ:
Ընտրանքային կարգով իրականացվել է 732 սպառողների առևտրային հաշվառքի սարքերի զննում և փաստացի ցուցմունքների գրանցում: Միևնույն ժամանակ, ընկերության վերը նշված մասնաճյուղերից պահանջվել է սպառողներին էլեկտրամատակարարող ենթակայանների առանձին 0,4կՎ լարման ուղղություններից սնվող եռաֆազ սպառողների տրանսֆորմատորային միացման առևտրային հաշվիչների տվյալները՝ լարման գործող արժեքների և հզորության գործակցի կեսժամային միջինացումով՝ առնվազն վերջին 15 օրվա համար։
Հանձնաժողովը պարզել է, որ Էլեկտրաէներգիան բազմասակագնային էլեկտրոնային առևտրային հաշվիչներով հաշվառվող 72 սպառողների մոտ նախորդ հաշվարկային ամսվա ծախսի գրանցման փոխարեն, 2025թ. փետրվարի 1-3-ը, ընկերության աշխատակիցները գրանցել են էլեկտրոնային հաշվիչների ցուցմունքները։
140 էլեկտրոնային հաշվիչ ունեցել է ժամային շեղում, իսկ 28 էլեկտրոնային հաշվիչ ցույց է տվել սխալ ամսաթիվ։ 15 էլեկտրոնային հաշվիչի վրա արձանագրված ցուցմունքները չեն համապատասխանել ընկերության աշխատակիցների գույքագրած ցուցմունքներին։
Արձանագրվել է նաև, որ 126 առևտրային հաշվիչների անհատական արկղեր չեն ունեցել կողպեքներ, 5 հաշվիչների արկղեր կոտրված են եղել, իսկ 38 արկղերում տեսանելիություն չի եղել և այլն։
ՀԷՑ-ը պարզաբանումներ էր ներկայացրել Հանձնաժողովին՝ հայտնելով, որ տեղադրված բոլոր հաշվիչները, այդ թվում՝ մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված նախորդ հաշվարկային ամսվա ծախսի չգրանցող 200 հաշվիչները տեղադրման պահից ցույց են տվել ծախսը, սակայն շահագործման ընթացքում՝ 2024թ. հոկտեմբերից հայտնաբերվել է մի խմբաքանակ, որը որոշ ժամանակ աշխատելուց հետո սկսել է չարտապատկերել, և իրականացվել են վերականգնման աշխատանքներ։
Ընկերությունը պարզաբանել է նաև, որ առնվազն տարին մեկ անգամ ուղղում է հաշվիչների ժամերը: Սակայն որոշ տարածքներում անջատումների միջին տևողությունը և քանակը գերազանցել է պարամետրերի հաշվարկման հիմքում ընկած տևողությունը, ինչը բերել է հաշվիչում տեղադրված մարտկոցի՝ ժամկետից շուտ դեգրադացման և ժամերի էլ ավելի շեղման։
Ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել էր հաշվի առնել, որ հայտնաբերված թերությունները կամ ամբողջությամբ վերացվել են, կամ դրանց վերացումը հնարավոր չէ արագ իրականացնել՝ օբյեկտիվ պատճառներով։
Սակայն Հանձնաժողովը նշել է, որ թվարկված խախտւմներն ուղղակիորեն հանգեցրել են մի խումբ սպառողների իրավունքների խախտման։ Միաժամանակ, հաշվի առնելով վարչական վարույթի շրջանակներում հաստատված իրավախախտումների և դրանց առաջացրած հետևանքների բնույթը, Հանձնաժողովը համարել է, որ հետագայում ընկերության պատշաճ վարքագծի ապահովման և նշված խախտումների կրկնությունը բացառելու նպատակով, որպես համաչափ պատասխանատվության միջոց անհրաժեշտ է տուգանել 10 մլն դրամով։
ՀԷՑ-ը, համաձայն չլինելով Հանձնաժողովի որոշման հետ, դիմել է դատարան։
Նշենք, որ հայցը Վարչական դատարան մուտքագրվել է երեկ՝ 2025թ. հուլիսի 9-ին և դեռ վարույթ չի ընդունվել։
Մեկնաբանել