
Հայաստանի հավաքականը 210 ընտրանիների մեջ 105-րդն է
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային աղյուսակը: Ապրիլին հրապարակված նախորդ ցուցակի համեմատ Հայաստանի ընտրանին նահանջել է 3 հորիզոնական եւ հիմա 210 հավաքականների մեջ ուղիղ մեջտեղում է՝ 105-րդ տեղում: Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում՝ հունիսին, մեր թիմը 2-5 հաշվով պարտվել է Կոսովոյին, ապա 2-2 խաղացել Մոնտենեգրոյի հետ:
Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Իսպանիան, Ֆրանսիան, Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Բելգիան, Գերմանիան, Խորվաթիան:
Աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլում մեր ընտրանու առաջիկա մրցակիցներից Պորտուգալիան, ինչպես տեսնում ենք, 6-րդն է (+1 նախորդ ցուցակի համեմատ), Հունգարիան 38-րդն է (-1), իսկ Իռլանդիան՝ 60-րդը (չի տեղաշարժվել):
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան (26), նրան հաջորդում են Ռուսաստանը (35), Ուզբեկստանը (55), Վրաստանը (67), Բելառուսը (97), Ղրղզստանը (104), մյուսները Հայաստանի ընտրանուց ավելի ցածր դիրքերում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր հորիզոնականում Իրանն է, որը 20-րդն է (-2), Թուրքիան 27-րդն է (0), Վրաստանը, ինչպես ասվեց, 67-րդն է (+1), իսկ Ադրբեջանը՝ 122-րդը (-3):
Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի սեպտեմբերի 18-ին: Մինչ այդ՝ սեպտեմբերի 6-ին եւ 9-ին, մեր ընտրանին աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում տնային հանիպումներ կանցկացնի համապատասխանաբար Պորտուգալիայի եւ Իռլանդիայի հետ:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել