
Ռուսաստանը ողջունում է Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև բանակցությունները
Ռուսաստանն աջակցում է Արաբական Միացյալ Էմիրություններում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի ուղիղ բանակցություններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք, իհարկե, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը, և մենք բազմիցս տարբեր մակարդակներով ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը»,- ընդգծել է նա։
Պեսկովի խոսքով՝ hայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կայունություն և կանխատեսելիություն կբերի Հարավային Կովկասի տարածաշրջանին։
«Հենց նման պայմանագրի ստորագրումն էլ կդառնա կարևոր գործոն, որը թույլ կտա տարածաշրջանում ապահովել կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն։ Մենք լիովին աջակցում ենք այդ գործընթացին»,- եզրափակել է ռուսաստանցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ այսօր Աբու Դաբիում ընթանում էր Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը, որը տևել է մի քանի ժամ։ Կողմերը հանդիպել են ինչպես ընդլայնված կազմով, այնպես էլ՝ դեմ առ դեմ։ Հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները։ «Երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Փաշինյանն ու Ալիևը հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել սահմանազատման գործընթացը։
Լուսանկարը՝ REUTERS/Stringer/File photo
Մեկնաբանել