HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխի ելույթները Կապանում հետաձգվել են

 

Հուլիսի 4-ից Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընթանում է Կապանի միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը՝ միջազգային ճանաչում ունեցող 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների ամենօրյա բազմաժանր համերգներով, ինչպես նաև նրանց կողմից ավելի քան 50 երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասերով։

Փառատոնի կազմակերպիչները, երաժիշտները և հանդիսատեսը սպասում էին նաև աշխարհահռչակ դաշնակահարուհի Մարթա Արգերիխի կատարումներին, որոնք նախատեսված էին հուլիսի 12-ին, 14-ին և 15-ին։ Սակայն վերջին օրերին, ինչպես հայտնում են կազմակերպիչները, հայտնի դարձավ, որ արտիստը հոսպիտալացվել է՝ երկարատև հյուրախաղերից հետո գերհոգնածության պատճառով, և բժիշկները նրա համար առաջիկայում անցանկալի են գնահատել հեռավոր ուղևորությունները։ Այդուհանդերձ, «Մարթա Արգերիխ և ընկերներ» համերգային ծրագիրն ուժի մեջ է, քանի որ նրա ընկերներից Իդո Բար Շայը և Հոնգհայեկ Լիմը հանդես են գալու Կապան ֆեստին։

Ստորեւ՝ Կապան ֆեստի մամուլի հաղորդագրությունը ծրագրային փոփոխությունների մասին։

Մարթա Արգերիխն իր ընկերոջը՝ փառատոնի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանին, որի հրավերն ընդունելով՝ պատրաստվում էր այցելել Կապան, փոխանցել է, որ ցավում է ստեղծված իրավիճակի համար, հայցում է հանդիսատեսի ներողամտությունն ու խոստանում առաջիկայում այցելել Հայաստան՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդես գալ նախատեսված ելույթներով։ 

«Մարթա Արգերիխի այս ուղերձը նշանակում է՝ մենք պահպանում ենք ծրագիրը, և առաջիկայում անպայման կընդունենք լեգենդար դաշնակահարուհուն, իսկ նրա մասնակցությամբ համերգներն  ընդամենը հետաձգված են, - ընդգծեց Սևակ Ավանեսյանը՝ շեշտելով, - Հետաձգվող երեք համերգների նոր ամսաթվերը կհայտարարվեն։ Իսկ հիմա «Կապան ֆեստ - 2025»-ը հայտարարում է աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինի մասնակցության մասին»։

Վադիմ Ռեպինը աշխարհի ամենապահանջված երաժիշտներից մեկն է։ Նա աշխատել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Աշքենազին, Դյութուան, Գերգիևը, Նագանոն, Լևինը, Տեմիրկանովը, և բեմ է կիսել Մարթա Արգերիխի, Միշա Մայսկիի, Չեչիլիա Բարտոլիի, Գոթյե Կապյուսոնի, Ռիկարդո Մուտիի և այլ երաժիշտների հետ։ Վադիմ Ռեպինը, որը նվագում է Ստրդիվարիուսի 1722 թվականին կերտած «Rode» ջութակով, արժանացել է Ֆիանսիայի բարձրագույն պարգևին՝  Արվեստի և գրականության ասպետի շքանշանին։ Նա 2014 թվականից իր հիմնադրած Տրասնսսիբիրյան արտ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ 

Կապան ֆեստ - 2025-ի շրջանակներում հուլիսի 14-ին ծրագրված է Վադիմ Ռեպինի համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, իսկ հուլիսի 15-ին՝ կամերային կազմով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter