
ՄԻԵԴ-ը մերժել է Մարին Լը Պենի բողոքը նախագահական ընտրություններին մասնակցելու արգելքը կասեցնելու վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի միջնորդությունը, որը խնդրել էր կասեցնել Փարիզի դատարանի՝ իշխանության մարմինների ընտրություններում իր թեկնածության առաջադրման արգելքի մասին դատավճռի կատարումը։ Այդ մասին նշվում է դատարանի տարածած մամլո հաղորդագրությունում։
Լը Պենը ՄԻԵԴ էր դիմել հուլիսի 8-ին՝ Դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի հիման վրա։ Այդ հոդվածը դիմումատուներին թույլ է տալիս հասնել ազգային դատարանի որոշման կատարման ժամանակավոր կասեցմանը՝ իրավունքների «անուղղելի խախտման անմիջական ռիսկի» դեպքում:
Դատարանի կարծիքով՝ Լը Պենի դեպքում նման ռիսկ «չի սահմանվել»։ Որոշումն ընդունվել է միաձայն։
Ինչպես նշում է RFI-ն, ժամանակավոր միջոցները, որպես կանոն, ՄԻԵԴ-ի կողմից կիրառվում են արտահանձնման կամ արտաքսման գործերով, ինչպես նաև մահապատժի կամ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:
Իր բողոքում Լը Պենը նշել է, որ ընտրություններին մասնակցելու դատական արգելքը «լուրջ և անուղղելի վնաս կհասցնի» իր ու ընտրողների իրավունքներին:
Politico-ն էլ գրում է, որ չնայած միջանկյալ միջոց չկիրառելու մասին այս որոշմանը, ՄԻԵԴ-ը բողոքը կքննի ըստ էության, իսկ դրա վերաբերյալ որոշումը կկայացվի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Փարիզի դատարանը Մարին Լը Պենին արգելել էր 5 տարվա ընթացքում ընտրվել իշխանության մարմիններում՝ նրան մեղավոր ճանաչելով Եվրախորհրդարանի միջոցների ոչ նպատակային ծախսման մեջ: Դատարանի որոշումը նշանակում է, որ ֆրանսիացի աջ պոպուլիստ քաղաքական գործիչը չի կարողանա մասնակցել առաջիկա ընտրություններին, այդ թվում՝ 2027 թվականի նախագահական ընտրարշավին։
Լուսանկարը՝ Xavier Duvot/Hans Lucas/AFP via Getty Images
Մեկնաբանել