
ԱՄՆ-ն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին
ԱՄՆ-ն աջակցում է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։
«Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն ուղղված ջանքերին»,- հայտարարել է ամերիկացի պաշտոնյան՝ պատասխանելով հուլիսի 10-ին Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին հարցին:
Բրյուսը հավելել է, որ Վաշինգտոնը հետևում է լրատվամիջոցների համապատասխան հրապարակումներին։ «Այս պահին հրապարակման համար լրացուցիչ տեղեկություններ չունենք»։
Պետքարտուղարության մամուլի խոսնակը նաև ընդգծել է ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը։ «Ինչպես գիտեք, նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի մոտեցումները խոսուն են: Կառավարության վերջին նիստի ժամանակ նախագահի հայտարարություններից պարզ է դարձել, որ այս վարչակազմը հավատարիմ է խաղաղությանը»,- ասել է Թեմի Բրյուսը։
Նախօրեին Աբու Դաբիում ընթանում էր Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը, որը տևել է մի քանի ժամ։ Կողմերը հանդիպել էին ինչպես ընդլայնված կազմով, այնպես էլ՝ դեմ առ դեմ։ Հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները։ «Երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը»,- ասված էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Փաշինյանն ու Ալիևը հանձնարարել էին համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել սահմանազատման գործընթացը։
Լուսանկարը՝ Danita Delimont / Getty Images
Մեկնաբանել