HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վրացի Ռիչմոնդն ու արաբ Շեյխը նորից հետաքրքրված են Ազատեկի ոսկու հանքով, բայց Վայք համայնքը դեմ է

Այն բանից հետո, երբ «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն չկարողացավ վերականգնել Վայոց Ձորի մարզում գտնվող Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իր իրավունքը, ասպարեզում հայտնվել է նույնատիպ անունով մեկ այլ ընկերություն՝ «Վայք Գոլդ Ռիսորսիզ» ՍՊԸ-ն, որի հետեւում կանգնած են «ՎայքԳոլդին» փոխկապակցված անձինք: Դրանք Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են, սակայն ծագումով վրացի եւ արաբ են: 

Դատական ատյաններում «ՎայքԳոլդը» պարտվել է  

Հիշեցնենք, որ «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն 2012-ի հունիսին հիմնադրել էին բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը (20 %), որն այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էր, ու երեւանցի Աշոտ Հովհաննիսյանը (80 %), որը ստեղծումից մինչ օրս ընկերության տնօրենն է: Հովհաննիսյանն Այվազյանի վստահելի մարդկանցից է, տարբեր տարիների ղեկավարել է փաստացի նրան պատկանող հանքարդյունաբերական ընկերությունները:

2012-ի նոյեմբերին տնօրեն Հովհաննիսյանը պայմանագիր էր կնքել այն ժամանակվա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ Ազատեկի հանքավայրը շահագործելու մասին: «ՎայքԳոլդին» այդ իրավունքը տրվել էր 25 տարով՝ մինչեւ 2037 թ.:

2018-ի նոյեմբերին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից 6 ամիս անց, Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: Դատախազությունը, ակնարկելով «Ազատեկգոլդ» ՓԲԸ-ին, հայտնել էր, որ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ անտեսելով օրենքի պահանջները, 2009-ի ապրիլին հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր են կնքել ՓԲԸ-ի հետ: 2011-ի մարտին վերջինիս շահագործման իրավունքը դադարեցվել է պայմանագրային պարտավորություններն ու օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ, ինչից հետո նախարարության պաշտոնյաները, չարաշահելով իրենց դիրքն ու հիմք ընդունելով փաստացի ուժը կորցրած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը եւ վերջինիս վերաբերյալ ԲՆ-ի տված անհիմն պաշտոնական պարզաբանումը, առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության, 2012 թ. նոյեմբերին հանքավայրի շահագործման իրավունքը տվել են մեկ այլ ՍՊԸ-ի: Դատախազությունն այստեղ նկատի է ունեցել «ՎայքԳոլդին»:

Այսինքն՝ Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ թե՛ 2009-ին «Ազատեկգոլդը», թե՛ 2012-ին «ՎայքԳոլդը» օրենսդրության խախտմամբ էին Ազատեկի հանքավայրի շահագործման իրավունք ստացել:

Հատկանշական է, որ թե՛ առաջինը, թե՛ երկրորդը շահագործման իրավունքից զրկվել են իրենց պայմանագրային պարտավորություններն ու օրենսդրության պահանջները խախտելու հիմնավորմամբ: Բայց եթե «Ազատեկգոլդը» ընդամենը 2 տարի անց զրկվեց լիցենզիայից, ապա «ՎայքԳոլդը» նույն ճակատագրին արժանացավ 7 տարի անց՝ 2019-ի դեկտեմբերին, ընդ որում՝ այդպես էլ չշահագործելով հանքը:

Վարչական եւ Վարչական վերաքննիչ դատարաններում «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն չկարողացավ անվավեր ճանաչել տալ իրեն շահագործման լիցենզիայից զրկելու հրամանը, որը 2019-ի տարեվերջին կայացրել էր այն ժամանակվա տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Իսկ Վճռաբեկ դատարանը տակավին վերջերս՝ հունիսի 11-ին, մերժել է վարույթ ընդունել ընկերության վճռաբեկ բողոքը, ինչով էլ ազդարարվել է «ՎայքԳոլդի» ու ՏԿԵՆ-ի դատական քաշքշուկի ավարտը:

Վարդան Այվազյանն ու վրացի Ջորջ Ռիչմոնդը, կամ ովքե՞ր էին «ՎայքԳոլդի» տերերը

«ՎայքԳոլդ» եւ «Վայք Գոլդ Ռիսորսիզ» ընկերությունների կապը հասկանալու համար անհրաժեշտ է հետադարձ հայացք գցել ու տեսնել, թե ովքեր էին «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ի տերերը:

Ինչպես ասվեց, այս ընկերությունը 2012-ի հունիսին հիմնադրել էին Վարդան Այվազյանն (20 %) ու Աշոտ Հովհաննիսյանը (80 %): Ընկերությունը մինչ օրս գրանցված է վերջինիս հաշվառման հասցեում՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: 2013-ի հունվարին Այվազյանը «թղթերով» դուրս է եկել ՍՊԸ-ից, սակայն նրա բաժնեմասը գրանցվել է եղբոր հարսի՝ երեւանցի Ժաննա Մուրադյանի անունով: 2013-ի փետրվարին Հովհաննիսյանն ու Մուրադյանը ընկերությունը կիսել են 50-50 հարաբերակցությամբ: 2014-ի հուլիսին հայտնվել է նոր սեփականատեր՝ Սեյշելյան կղզիներում (օֆշորային գոտի է) գրանցված Coeur Gold Armenia Ltd-ն, որը ձեռք է բերել 80 % փայ, իսկ 20 %-ը մնացել է Ժ. Մուրադյանի անունով:

2017-ի նոյեմբերին Մուրադյանը իր բաժնեմասը հանձնել է Վարդան Այվազյանի ավագ որդուն՝ Սուրեն Այվազյանին: Վերջինս էլ ընդամենը 2 ամիս անց այն փոխանցել է Չարենցավանի բնակիչ Նորայր Զոհրաբյանին (Այվազյանները եւս Չարենցավանից են): Ենթադրելի է, որ Մուրադյանի նման Զոհրաբյանն էլ Վարդան Այվազյանի ներկայացուցիչն էր «ՎայքԳոլդում»: 2024-ի մարտին Նորայր Զոհրաբյանն իր 20 %-ը «վերադարձրել է» Ժաննա Մուրադյանին, իսկ վերջինս էլ մեկ շաբաթ անց այն հանձնել է հորը՝ Հարություն Մուրադյանին (Վ. Այվազյանի եղբոր խնամուն): Սա խոսում է այն մասին, որ «ՎայքԳոլդի» 20 %-ի հանդեպ Վարդան Այվազյանը վերահսկողություն է պահպանում:

Ընդ որում՝ ՍՊԸ-ն այսօր էլ, ըստ ՊԵԿ-ի տվյալների, գործող ընկերություն է, սակայն չունի հանքարդյունաբերական որեւէ լիցենզիա:

Ինչ վերաբերում է ընկերության 80 % բաժնեմասին, ապա այն 2014-ից օտարերկրացիների ձեռքում է: 2014-ին այդ բաժնեմասը ձեռք բերած օֆշորային Coeur Gold Armenia Ltd-ն հիմնադրվել էր 2011-ին Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 56-ամյա Ջորջ Հովարդ Ռիչմոնդի (George Howard Richmond) կողմից: Վերջինս ծնունդով Թբիլիսիից է եւ իրականում ազգությամբ վրացի է՝ Գեորգի Մգալոբլիշվիլի: Ավելորդ չէ ասել, որ Վարդան Այվազյանն էլ ծնունդով Վրաստանի Բորժոմի շրջանի հայկական Տաբածղուր գյուղից է: 

«Հետքը» նախկինում գրել է, որ բրիտանացու անվան տակ հանդես եկող վրացին Ազատեկի հանքի հանդեպ հետաքրքրություն է դրսեւորում շատ ավելի վաղուց: Բանն այն է, որ Մգալոբլիշվիլի-Ռիչմոնդն առնչություն ուներ այս հանքավայրին դեռ այն ժամանակներից, երբ դրա շահագործման իրավունքը պատկանում էր «Ազատեկգոլդ» ՓԲԸ-ին: Մինչեւ 2018 թ. հոկտեմբեր տարբեր միջանկյալ ընկերությունների ու անձանց միջոցով Coeur Gold Armenia-ի շահառու սեփականատերը, այսինքն՝ նաեւ «ՎայքԳոլդի» 80 %-ի իրական տերը եղել է վրացի գործարարը: Նկատենք, որ այդ ընթացքում կարճ ժամանակով Coeur Gold Armenia-ի անվանական (նոմինալ) սեփականատեր էր գրանցվել նաեւ Մգալոբլիշվիլուն փոխկապակցված 53-ամյա Մայքլ Մգալը (Michael Mgal), որի իրական անունը ենթադրաբար Միխայիլ Մգալոբլիշվիլի է: Վերջինս եւս Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, ծնունդով Թբիլիսիից, ու, հաշվի առնելով տարիքային փոքր տարբերությունը, կարող ենք ենթադրել, որ վերոնշյալ երկու անձինք եղբայրներ են:

2018-ի հոկտեմբերին Ջորջ Ռիչմոնդն ու Մայքլ Մգալը Coeur Gold Armenia ընկերությունն ամբողջությամբ օտարել են Մեծ Բրիտանիայում գրանցված Argonaut Minerals Limited-ին (2025-ի մայիսին լուծարվել է): 2021-ին գրել էինք, որ սրա շահառու սեփականատերերը միջանկյալ ընկերությունների միջոցով պակիստանցի Չոուդրի (Choudry) եւ արաբ Շեյխ (Sheikh) ընտանիքներն են: Ընդ որում՝ Շեյխերի ընտանիքից Ասադ Ամին Շեյխը (Assad Amin Sheikh) հանքարդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտի 3 ընկերություն ունի Հայաստանում (մանրամասները՝ այստեղ):

Բայց 2018-ի դեկտեմբերին սեյշելյան Coeur Gold Armenia-ում կրկին սեփականատեր է փոխվել: Դրա 80 % բաժնեմասի տեր է գրանցվել բրիտանական Coeur Gold Holding-ը: Չի բացառվում, որ պակիստանցիներին ու արաբներին Coeur Gold Armenia-ից եւ «ՎայքԳոլդից» վանող հանգամանք է դարձել այդ տարվա նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը «ՎայքԳոլդի» կողմից լիցենզիա ստանալու եւ օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ կատարված ապօրինությունների մասին, ինչի հետեւանքով քրեական գործ էր հարուցվել:

Ամեն դեպքում, վրացական ծագումով Ջորջ Ռիչմոնդը եւ Մայքլ Մգալը Coeur Gold Holding-ի միջոցով նորից վերադարձել են Coeur Gold Armenia Ltd եւ «ՎայքԳոլդ» ՍՊԸ: Սակայն դա երկար չի տեւել. 2019-ի հուլիսին «ՎայքԳոլդի» 80 %-ը ձեռք է բերել բրիտանական Goldfields Holding Limited-ը, որը հիմնադրվել էր դրանից 2 ամիս առաջ՝ մայիսին:

Այդուհանդերձ, տարօրինակ չպիտի հնչի, եթե ասենք, որ Ռիչմոնդ-Մգալ վրացական դուետը կապ ունի նաեւ Goldfields Holding Limited-ի հետ, ինչի մասին հուշում են բրիտանական ռեգիստրի տվյալները: 2024-ի հոկտեմբերի դրությամբ Goldfields Holding-ի 25 %-ը պատկանում էր կանադական Emerging Goldfields Resources-ին, որի հետ Ջորջ Ռիչմոնդը ենթադրաբար եւս կապեր ունի: Բացի դրանից՝ բրիտանական ընկերությունում նախորդ տարվա հոկտեմբերին 25 % մասնաբաժին ուներ Մայքլ Մգալը, որին պետք է ընկալել որպես Ջորջ Ռիչմոնդի ներկայացուցիչ, իսկ մնացած 50 %-ը վերը հիշատակված Ասադ Ամին Շեյխինն էր, որը, սակայն, հետո դուրս է եկել սեփականատերերի ցանկից:   

Այսպիսով՝ 2024-ի մարտից «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ի 20 %-ը պատկանում է Վարդան Այվազյանի եղբոր խնամուն՝ Հարություն Մուրադյանին, իսկ մնացած 80 %-ի տերը բրիտանական Goldfields Holding Limited-ն է, որն առնչություն ունի Ջորջ Հովարդ Ռիչմոնդի՝ Գեորգի Մգալոբլիշվիլու հետ:

Բայց ամենակարեւորն այստեղ այն է, որ 2019-ի դեկտեմբերից «ՎայքԳոլդն» այլեւս որեւէ իրավունք չունի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նկատմամբ: Ահա այդ իրավունքը վերականգնելու համար էլ «ծնվել է» «Վայք Գոլդ Ռիսորսիզ» ՍՊԸ-ն:  

Վրացին ու արաբը նոր ընկերություն են հիմնել Հայաստանում

Այս տարվա ապրիլի 16-ին պետական գրանցում ստացած «Վայք Գոլդ Ռիսորսիզ» ՍՊԸ-ի հասցեն երեւանյան այն շենքի բնակարաններից մեկն է, որտեղ հաշվառված է Աշոտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ գրանցված է «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ն: Ընկերության տնօրենը փաստաբան Արսեն Թավադյանն է, սակայն կոնտակտային տվյալները հուշում են, որ «Վայք Գոլդ Ռիսորսիզը» եւս կապ ունի Աշոտ Հովհաննիսյանի հետ: Ընդ որում՝ եթե «ՎայքԳոլդի» կանոնադրական կապիտալն ընդամենը 50.000 դրամ է, ապա այս նոր ընկերության պարագայում 38 մլն դրամ է:  

«Վայք Գոլդ Ռիսորսիզ» ՍՊԸ-ի միակ փայատերը բրիտանական Auriix Mining Limited-ն է: 2024-ի մարտին հիմնադրված այս ընկերության տնօրեններն են 68-ամյա Ասադ Ամին Շեյխը եւ 24-ամյա Մայքլ Ռիչմոնդը (Michael Richmond), որն, ըստ էության, Ջորջ Ռիչմոնդի որդին է: Թե՛ Շեյխը, թե՛ Ռիչմոնդը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են: Ըստ բրիտանական ռեգիստրի տվյալների՝ Auriix Mining-ի 70 %-ը պատկանում է Շեյխին, իսկ 30 %-ը՝ Մ. Ռիչմոնդին: Կարող ենք եզրակացնել, որ 30 %-ի իրական տերը Ջորջ Ռիչմոնդ-Գեորգի Մգալոբլիշվիլին է:

Հանրային լսումներն անցել են լարված մթնոլորտում, արտահայտվել է նաեւ Ջորջ Ռիչմոնդը

Հունիսի 6-ին Վայք խոշորացված համայնքի Զառիթափ եւ Ազատեկ բնակավայրերում անցկացվել են հանրային լսումներ «Վայք Գոլդ Ռիսորսիզ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերագնահատողական երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ: 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքը սահմանում է, որ նախաձեռնողը (այս դեպքում՝ «Վայք Գոլդ Ռիսորսիզը») պարտավոր է ծանուցել այն համայնքի (տվյալ պարագայում՝ Վայքի) ղեկավարին, որի սահմաններում նախատեսում է համապատասխան գործունեություն իրականացնել (այս դեպքում՝ հետախուզական աշխատանքներ կատարել): Դրանից հետո համայնքի ղեկավարը պարտավոր է ծանուցել շահագրգիռ հանրությանը եւ հանրային լսում կազմակերպել: Սա այն է, ինչ տեղի է ունեցել հունիսի 6-ին:

Ալավերդիում գործող «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, որը եւս ներկա է եղել այդ օրվա լսումներին, իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ ներկայացրել էր այն հիմքերը, որոնք, ըստ նրա, հնարավորություն էին տալիս դրանք անվավեր ճանաչել եւ հետագայում համայնքի ավագանուն դեմ քվեարկել «Վայք Գոլդ Ռեսորսիզի» նախաձեռնությանը:

Բանն այն է, որ չնայած առաջին լսման ժամանակ, ըստ օրենքի, նախաձեռնողը չի ներկայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվություն, այդուհանդերձ, պետք է ներկայացնի նախատեսվող գործունեության համառոտ նկարագիր, որպեսզի հանրությունը նախապես ծանոթանա, թե ինչ գործունեություն է ծրագրվում: Վայքի համայնքապետարանի կայքում, սակայն, լսման վերաբերյալ հայտարարությանը կից որեւէ փաստաթուղթ չի եղել: Համայնքապետարանի ծանուցումը չի ներառել նաեւ տեղեկատվություն շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունների, դիտողությունների ու կարծիքների ներկայացման տարբերակների վերաբերյալ (տես ստորեւ)։

Բացի դրանից, ըստ Դուլգարյանի, Զառիթափում անցկացված լսման ժամանակ այս բնակավայրը ներկայացնող մի խումբ անձինք ագրեսիվ կերպով լռեցրել են այլ գյուղերից ժամանած ներկայացուցիչներին՝ բազմիցս նշելով, որ իրենք են որոշելու, քանի որ ազդեցության կրողն իրենք են, ինչն այդպես չէ, քանի որ, ըստ «Վայք Գոլդ Ռեսորսիզի» ներկայացրած տվյալների, ազդեցության գոտին շատ ավելի լայն է։

«Իրականացված հանրային լսումների ժամանակ չի ապահովվել մարդկանց ազատ կարծիք արտահայտելու հնարավորությունը։ Այն մարդիկ, ովքեր փորձում էին կարծիք ներկայացնել, որոնք չէին համընկնում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նախաձեռնության հետ, ենթարկվում էին բարոյահոգեբանական ճնշումի նախաձեռնությանը կողմ մի խումբ քաղաքացիների կողմից այնքան, որ լսումների կարգը եւ մարդկանց անվտանգությունը ապահովելու համար ստիպված են եղել միջամտել ՀՀ ոստիկանության աշխատակիցները,- հայտարարել է Օլեգ Դուլգարյանը,- բացի դրանից՝ լիարժեք չի ապահովվել ազդակիր բնակավայրերի բնակիչների լիարժեք տեղեկացվածությունը հանրային լսումների վերաբերյալ եւ նրանց մասնակցությունը հանրային լսումներին։ Օրինակ՝ Ազատեկում հանրային քննարկումներին մասնակցել են շատ քիչ թվով բնակիչներ, փոխարենը շատ էին նախաձեռնության կողմնակիցները՝ այն խումբը, որոնք մասնակցել էին Զառիթափի լսումներին եւ այնտեղից ժամանել էին՝ նաեւ Ազատեկի լսումներին մասնակցելու համար։ Ազատեկում հանրային լսումների ավարտից հետո գյուղում իրականացված շրջայցը ցույց տվեց, որ բնակիչների ճնշող մեծամասնությունը տեղյակ չէր գյուղում հանրային լսումների իրականացման վերաբերյալ»։

Հատկանշական է, որ Օլեգ Դուլգարյանի այս գրառման տակ նրան քննադատող մեկնաբանություն է թողել Գիորգի Ռոմանով անունով օգտատերը (տես ստորեւ): Ընթերցողը երեւի կռահեց, որ սույն անձը նույն Ջորջ Հովարդ Ռիչմոնդն է կամ Գեորգի Մգալոբլիշվիլին:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի համաձայն՝ հանրային լսումից հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում, համայնքի ավագանին պետք է որոշում կայացնի նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն հայտնելու մասին: Որոշումը պետք է պարունակի հիմնավորումներ դրա պատճառների մասին։ Եվ ահա հուլիսի 3-ին Վայքի ավագանին դեմ է քվեարկել «Վայք Գոլդ Ռեսորսիզի» նախաձեռնությանը:

Այսպիսով՝ Վայք համայնքը դեմ է արտահայտվել Շեյխ-Ռիչմոնդ (Մգալոբլիշվիլի) զույգի կողմից Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը վերստին ուսումնասիրելուն:

Ազատեկի հանքավայրի լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter