Հոկտեմբերին Շուշիում անցկացվելու է «Շուշի արթ փրոջեքթը»
Հոկտեմբերի 1-ից 14-ին Շուշիում անցկացվելու է «Շուշի արթ փրոջեքթը»՝ «Շուշի արվեստի նախագիծը», որին մասնակցելու է շուրջ 20 արվեստագետ ՀՀ-ից և սփյուռքից, ինչպես նաև կազմակերպվելու է տեղի արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրություն:
Ծրագրի մեջ ներառվելու են ժամանակակից արվեստի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են բացօթյա պերֆորմանսները, վիդեոարթը, լենդ արթը և այլն: Ծրագրի շրջանակներում ցուցադրվելու է Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» հայտնի ֆիլմը, տեղի են ունենալու կլոր սեղան-հանդիպումներ մասնակից արվեստագետների հետ, համերգ և այլ միջոցառումներ:
Նախագծի ավարտից հետո այն ներկայացվելու է Երևանում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
«Շուշի արթ փրոջեքթը» անկախ արտիստական նախաձեռնություն է՝ Շուշի քաղաքում հիմնելու և պարբերաբար կազմակերպելու ժամանակակից արվեստի նախագիծ-փառատոն: Նախագծի կազմակերպման և անցկացման համար պատասխանատու է համանուն հասարակական կազմակերպությունը:
Հենված լինելով հայկական արտիստական ներուժի վրա (Հայաստան և սփյուռք)՝ «Շուշի արթ փրոջեքթը» միտում ունի ձեռք բերել միջազգային կարգավիճակ՝ ընդգրկելով և Շուշի հրավիրելով նաև օտարերկրյա արվեստագետների և կազմակերպությունների, կապեր և համագործակցություն հաստատել տեղի և ՀՀ մարզերի արվեստագետների, մշակութային կազմակերպությունների միջև:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել