HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի մասնակիցները զորակցություն են հայտնել սիրիահայ համայնքին

Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի աշխատանքները, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 10-14-ը: Երկու տարին մեկ գումարվող խորհրդաժողովին մասնակցել են սփյուռքի 19 երկրների, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի շուրջ 140 ներկայացուցիչներ: Քառօրյա խորհրդաժովի 8 լիագումար նիստերում և 6 մասնախմբերում քննարկվել են Հայաստան-սփյուռք կրթական հարաբերությունների ամրապնդման, ազգային ինքնության պահպանման հետ կապված խնդիրներ: Հիմք ընդունելով Սփյուռքի և Հայաստանի կթական ոլորտի ներկայացուցիչների կողմից ներկայացված առաջարկությունները` ընդունվել է Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի բանաձևը.

•    Շարունակել աշխատանքները հայագիտության ոլորտի միասնական կրթական չափորոշիչների մշակման և ներդրման ուղղությամբ` սահմանելով ակնկալվող գիտելիքների նվազագույն և առավելագույն մակարդակները, դրանց գնահատման չափանիշները:

•    Միջպետական բանակցությունների միջոցով բարձրացնել սփյուռքի կրթական հաստատություններում դասավանդվող հայագիտական առարկաների կարգավիճակը համապատասխան երկրներում օրենսդրորեն ամրագրելու հարցը և նպաստել հայկական կրթական հաստատությունները տվյալ երկրի պետական կրթական ոլորտում ներգրավելու գործընթացին:

•    Շարունակել ՀՀ ԿԳՆ-ի աշխատանքը սփյուռքահայ կրթօջախների համար ստեղծվող և ձեռքբերվող դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, հայագիտական գրականության տպագրության և ըստ անհրաժեշտության տարածման ուղղությամբ: Աշխատանքներ տանել սփյուռքում հայալեզու կրթության վարկանիշի բարձրացման ուղղությամբ:

•    Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և սփյուռքի ուսուցիչների ու աշակերտների շրջանում կազմակերպել Հայոց ցեղասպանությանը նվիրված համահայկական միջոցառումներ, մշակել և տարածել ուսումնաօժանդակ նյութեր: 

•    Շարունակել Սփյուռքի մանկավարժների վերապատրաստման դասընթացները Հայաստանում և տեղերում` իրականացնելով ինչպես մեկամսյա, այնպես էլ կարճաժամկետ խորհրդատվական դասընթացներ` առարկայական, մանկավարժամեթոդական, հոգեբանական ուղղություններով` շեշտադրելով  տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը: 

•    Տարածաշրջաններում ուսումնամեթոդական աշխատանքների համակարգված իրականացման նպատակով՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակներում կազմակերպել վերապատրաստող ուսուցիչների դասընթացներ` համապատասխան ուսումնական ծրագրով:

•    Կատարելագործել վերապատրաստման ծրագրի և նրա արդյունքների մշտադիտարկման համակարգը:

•    Նախապատրաստական աշխատանքներ իրականացնել հեռավար վերապատրաստման ծրագրերի իրագործման ուղղությամբ:

•    Սփյուռքի կրթօջախները բարձրագույն մանկավարժական կրթությամբ մասնագետներեվ համալրելու նպատակով` նպաստել գործող ուսուցչների հեռակա, լրացուցիչ կրթության կազմակերպմանը` առանձնացված ծրագրերով:

•    Սփյուռքում մանկավարժական կադրերի բացակայության դեպքում` աջակցել Հայաստանից մանկավարժներ ապահովելով:

•    Աշխատանքներ տանել համահայկական վիրտուալ միջավայրի զարգացման ուղղությամբ` նպաստելով խորհրդաժողովի քննարկումների շարունակականությանը:

•    Նպաստել օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը:

Ընդունված բանաձևում կարևորվել է նաև հայոց լեզվի ուսուցման, արևելահայերենի, արևմտահայերենի, դասական ողղագրությամբ ձեռնարկների ստեղծման ու տարածման խնդիրը, ինչպես նաև նպաստել Հայաստանում հրատարակվող մանկապատանեկան ամսագրերում սփյուռքին հատկացված բաժինների պատրաստմանը և դրանց էլեկտրոնային տարբերակների ստեղծմանը:

Համահայկական կրթական 5-րդ խորհրդաժողովի մասնակիցները Սիրիայում ստեղծված իրավիճակի կապացությամբ նաև զորակցություն են հայտնել սիրիահայ համայնքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter