HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել: Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ չի մեկնաբանում, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածներով է մեղադրանքն առաջադրվել: Առաջիկայում կներկայացվեն մանրամասներ:

Հիշեցնենք՝ քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետքի»՝ 2023թ. դեկտեմբերի 5-ի հրապարակումը՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել»:

Դիանա Գասպարյանի լիազորությունները 2025թ. մայիսի 27-ին դադարեցվել է՝ դիմումի համաձայն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն, ուսումնասիրելով հրապարակումը, նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:

Գրել էինք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:

«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի: «Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:

Վաղարշապատ համայնքի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել էր աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վ. Տերյան փողոց, 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ շինություններ կառուցելու համար: Յուրաքանչյուր քառակուսի մետր հողամասի մեկնարկային գինը սահմանվել է տվյալ հողի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազ. դրամ (1 քմ՝ 5775 դրամ): Վաճառքն իրականացրել է համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը:

Աճուրդի միակ մասնակիցը եղել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը: Նա առաջարկել է մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազ. դրամ և հաղթող ճանաչվել: Դրանից հետո համայնքից գնված հողի սեփականատեր է դարձել Դիանա Գասպարյանի ամուսնու մայրը:

Շահեն Շահինյանը Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 5-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով: Շահինյանը Դիանա Գասպարյանի սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի աշխատակիցն է:

Հողատարածքը գնելուց և իր սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելուց հետո Շահեն Շահինյանը դիմել է Վաղարշապատի համայնքապետարան՝ հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող 0,1908 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով իրեն օտարելու խնդրանքով:

Դիանա Գասպարյանը 2022թ. դեկտեմբերի 13-ին որոշել է մոտ 0,2 հա հողատարածքն ուղիղ վաճառքով օտարել Շահեն Շահինյանին, այս անգամ՝ կադաստրային արժեքով՝ 5 մլն 509 հազ. 350 դրամով (1 քմ՝ 2887,5 դրամ): Այսինքն՝ 1 քմ-ն վաճառվել է կիսով չափ պակաս գնով, քան ամիսներ առաջ հարևանությամբ աճուրդով վաճառված հողատարածքը: Պատճառաբանությունն այն է, որ հողամասը հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter