
Էկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկներից մեկը, նախապես տեղյակ լինելով Տավուշի մարզի բնակչի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան»-ի անտառտնտեսության տարածքից ապօրինի ծառահատումներ կատարելու մասին, իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել է վերջինիս օգտին անգործության և թողտվության համար, այն է՝ տվյալ անձի կողմից կատարած ապօրինի ծառահատումը չկանխելու, համապատասխան իրավախախտումը չարձանագրելու և հետագայում նրա կողմից ապօրինի ծառահատումը թույլատրելու համար 2025 թվականի ապրիլի 9-ին նրանից կաշառք է ստացել:
«Կաշառք ստանալու համար Էկոպարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոց կիրառվել են վարչական հսկողությունը, 1 մլն դրամի չափով գրավը և ՀՀ-ից բացակայելու արգելքը:
Էկոպարեկին կաշառք տալու համար Տավուշի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Ներկայացված մեղադրանքներում վերջիններս իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել