HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարանով կապված, արևի տակ կամ փոքր վանդակում. Ռուբո կապիկի օրերը «Մանդարինկայում»

Ժենյա Գևորգյան

Աշտարակի խճուղի 68 հասցեում գործող «Մանդարինկա պարկ» ռեստորանային համալիրի տարածքում կապիկներ և թռչուններ են պահվում։ 

Լինա Լազարյանը հունիսի 28-ին՝ առավոտյան ժամը 11։30-ից մինչ 18։00-ը, եղել է այս ռեստորանում։ Նա պատմեց, որ համալիրի բացօթյա տարածքում մակակ տեսակի կապիկ է տեսել՝ կապված, ինչպես նաև՝ փոքրիկ մարմոզետներ (Callithrix jacchus)՝ վանդակում։ 

Այդ ընթացքում Ռուբո անունով մակակ կապիկը շատ կարճ պարանով կապված էր ժայռից: «Ամբողջ ընթացքում կապիկին ո՛չ ջուր տվեցին, ո՛չ սնունդ, կապված էր ուղիղ արևի ճառագայթների տակ, փորձում էր պատսպարվել քարի ճեղքի մեջ։ Դիմացը կեղտոտ լճակ կար, ու իր մոտի ժայռից այդտեղ շատ կամաց ջուր էր թափվում, բայց խմելն այդտեղից անհնար էր, անընդհատ պարանն էր կրծում, որ ջուր խմի։ Մատուցողն էլ ասաց՝ ինքը միշտ տենց կապած ա, երբ ձյուն, անձրև ա գալիս, տանում են փակ տեղ»,- պատմեց Լինա Լազարյանը։ 

 

Տեսանկարահանումը՝ Լինա Լազարյանի

«Թռչուններ նույնպես կային, որոնք ավելի նորմալ վիճակում էին, ջուր կար, սնունդ կար, մեկի մոտ կար կեղտոտ ջուր, մյուսի մոտ՝ ոչ մի բան։ Կարապ կար՝ ցամաքի մեջ, իր չափսից մի քիչ մեծ վանդակի մեջ էր, իրենց մեծ տարածք է պետք։ Սիրամարգը էլի փոքր վանդակում էր, վնասվել էր, փետուրները կպել էին պատերին,- իր տեսածը պատմեց Լինան։ -Շատ փոքր վանդակի մեջ էին նաև մյուս մարմոզետները։ Էլի արևի տակ, վանդակի մեջ՝ 50 սմ լայնություն ունեցող, մի մետր բարձրություն, իրենք էլ թռչող են, մեծ տարածություն է պետք»։ 

Մեր այցելության ժամանակ Ռուբո մակակը փոքրիկ վանդակի մեջ էր, ագրեսիվ դեսուդեն էր փորձում ցատկել, սակայն հազիվ էր տեղաշարժվում։ Համալիրի աշխատողներից մեկն արդարացավ, թե կապիկը պարանը կրծել և կտրել է, դրա համար այդ օրը վանդակից չեն կարողացել դուրս թողնել։ Մյուս օրերին, պարանով կապած, թողնում են վանդակից դուրս՝ քարերի վրա։

Վանդակի հատակին լոլիկի մնացորդներ և հացի փշուրներ կային։ Ամանում ջուր չկար, սակայն աշխատակիցը, մեր ներկայությունից զգոնացած, գործընկերներից մեկին հորդորեց լցնել։ Մարմոզետների համար նույնպես փոքրիկ վանդակ կար, սակայն նրանց այդ օրը չտեսանք։ 

Կապիկների դիմաց թռչունների՝ սիրամարգերի, աղավնիների, բադերի (մանդարինկաներ), թութակների վանդակներ կային։ Դրանց չափն ու պայմաններն ավելի բարվոք էին՝ համեմատած կապիկների վանդակների։ 

Սիրամարգերի վանդակում 4-ն էին։ 

«Մանդարինկա պարկ» համալիրը շահագործում է «Տաքսի-2» ԱԿ-ն։ Տնօրենը և մեծ մասնակցություն ունեցողը Արմեն Վանիկի Վանցյանն է։ Նրա ֆեյսբուքյան էջը ուսումնասիրելով՝ նկատեցինք կապիկի և շան մասնակցությամբ մի հոլովակ, որը տեղադրվել էր այս տարվա հունիսի 6-ին։

Փորձեցինք կապ հաստատել նրա հետ, բայց զրուցել չհաջողվեց, ընկերության աշխատակիցն ասաց՝ տնօրենը տեղում չէ, խոստացավ մեր հեռախոսահամարը փոխանցել նրան, որ մեզ հետ կապ հաստատի։ 

Քիչ անց զանգահարեց Արմեն Վանցյանի կինը՝ Լիլիթ Գևորգյանը, որը «Տաքսի-2» ԱԿ-ի մասնակիցների ցանկում է՝ փոքր մասնաբաժնով։ 

Լիլիթ Գևորգյանը չժխտեց, որ համալիրում կենդանիներ ու թռչուններ ունեն։ «Ունենք մի կապիկ, որ, ասենք, շատ մարդկանցից ավելի լավ պայմաններում է ապրում, ես չգիտեմ` դուք էդ ահազանգը որտեղից եք ստացել»,- ասաց Լիլիթ Գևորգյանը։ 

Մեր դիտարկմանն ի պատասխան, որ նաև երկու մարմոզետ ունեն, տիկին Գևորգյանն ասաց. «Դրանք պահվում են էն պայմաններում, որ պայմաններում որ պետք է ապրեն»։

Լիլիթ Գևորգյանը վստահեցրեց, որ կենդանիներ պահելու թույլտվություն ունեն։ Ավելին, դրանք այդ տարածքում են 2019 թվականից․ «Երբևիցե ոչ մեկը չի բողոքել, և ոչ մեկը չի խղճացել մեր կենդանիներին, հակառակը` մարդիկ հատուկ գալիս են էստեղ, որպեսզի էդ կենդանիներին նայեն»։

Մակակ կապիկի վանդակի փոքրությունը Լիլիթ Գևորգյանը հիմնավորեց նրանով, որ կապիկն այնտեղ գրեթե չի լինում, այլ ամբողջ օրը բաց տարածքում է՝ երկար պարանով ամրակապված, իսկ գիշերը քնում է փակ սենյակում։ 

«Մի հատ հարց տամ էլի ձեզ, մեր երկրում ավելի շատ կարևոր հարցեր կան էսօր լուծելու և դրա մասին մտածելու և դրանք լուսաբանելու, ինչի՞ մասին ենք հիմա մենք իրար հետ խոսում, ուղղակի ծիծաղելու է, էլի։ Մի հատ տեսեք՝ ինչքան անապահով մարդիկ կան և ինչ պայմաններում են փողոցներում ապրում, զիբիլի յաշիկները քչփորում ու փտած ուտելիքներ ուտում, դրանք լուսաբանեք, հա, ոչ թե մեր կապիկին,- մեզ խորհուրդ տվեց տիկին Գևորգյանը։ - Մեր կապիկը էդ մարդկանցից ավելի լավ է ապրում, ավելի լավ պայմաններում և ավելի լավ վիտամիններով սնունդ է ուտում։ Ասեմ ձեզ՝ իմանաք»։ 

2019 թվականին կապիկների ձեռքբերման մասին մեր հարցին Լիլիթ Գևորգյանը չցանկացավ հստակ պատասխանել՝ նշելով, որ դա մեր գործը չէ և կարևոր էլ չէ, նվեր են ստացել։ 

«Ես հիմա չեմ կարողանում հասկանամ` քաղմասում հարցաքննությա՞ն եմ գտնվում։ Դուք քննի՞չ եք, թե՞ լրագրող, եթե լրագրող եք, ձեր գործով զբաղվեք, ավելի կարևոր գործեր կան էսօր մեր երկրում․ խոսեք վարչապետից, խոսեք մեր խուլիգանությունից, ինչ-որ  կատարվում է Ազգային ժողովում, որ ամբողջ օրը իրար մորթում են, հայհոյում են և իրանց խուլիգանի նման են պահում փողոցայինները, ոչ թե ընկեք մեր նման մարդկանց հետևից, ովքեր կենդանիներ են պահում, ուտացնում են, ու մարդկանց ենք մենք կերակրում»: 

Մեր հարցին՝ արդյոք երբևէ ստուգել են իրենց կենդանիների պահման պայմանները, և ինչպես են գնահատել, Լիլիթ Գևորգյանը վստահեցրեց, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է։

«Մեզ մոտ անգամ գազանանոցի տնօրենն է ժամանակ առ ժամանակ գալիս, այցելում, էդ էլ ասեմ` իմանաք։ Գնացեք գազանանոց, ման եկեք, ասեք` ինչի են կապիկները վանդակներում ու ընդհանրապես կենդանիները վանդակներում, մի փոքր գազանանոց էլ մեզ մոտ է, մեր վանդակներն էլ բոլորը համապատասխան են մեր կենդանիներին»,- ամփոփեց Լիլիթ Գևորգյանը։ 

Մակակ և մարմոզետ տեսակները Միջազգային կարմիր գրքում քիչ վտանգված տեսակների ցանկում են, սակայն դրանց պահման պայմանները պետք է բարենպաստ լինեն և համապատասխանեն որոշակի չափանիշների։ Այդ չափանիշներն առավել խիստ են Եվրոպայում։ 

Մակակ կապիկի պահման պայմանների մասին բաց աղբյուրներում բազմաթիվ հոդվածներ և խորհուրդներ, սահմանված նորմեր և չափանիշներ կան։ Այստեղից պարզ է դառնում, որ այս կենդանուն խմբային միջավայր է հարկավոր, այն չի կարող մենակ ապրել, կապիկին խաղալու, թռչկոտելու, իր ժամանակն անցկացնելու մեծ տարածք է պետք, ոչ թե պարանով ամրակապել կամ պահել այդչափ փոքր տարածքում։ Այդ ամենն ազդում է նրա վարքի, առողջական և հոգեբանական վիճակի վրա, դարձնում ագրեսիվ և նույնիսկ վտանգավոր։  

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին գրավոր հարցմամբ խնդրեցինք հայտնել՝ Տեսչական մարմնի աշխատակիցները երբևէ այցելե՞լ են նշված տարածք, ուսումնասիրե՞լ են նշված ռեստորանային համալիրում պահվող կենդանիների, թռչունների վիճակը, պահման պայմանները, կենդանիների ծագման և պահման օրինականությունը, նրանց առողջական և հոգեբանական վիճակը, եթե այո, ապա ի՞նչ են արձանագրել։ 

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը հայտնել է, որ հունիսի 28-ին «Մանդարինկա պարկ» ռեստորանի տարածքում անազատության մեջ պահվող կապիկների և էկզոտիկ թռչունների վերաբերյալ ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, որն ընթացքի մեջ է։

Տեսչական մարմինը խոստացել է վարչական վարույթի ավարտից հետո արդյունքների մասին տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter