HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր կայացել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քննարկվել են տարբեր գերատեսչությունների աշխատանքային ներգրավվածությանը, ծրագրի ընթացքին և հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին վերաբերող հարցեր։ Այս մասին հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են ՀՀ վարչապետի աշխատակազմի, Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ֆինանսների նախարարությունների, Քաղաքաշինության և Կադաստրի պետական կոմիտեների, Երևանի քաղաքապետարանի և այլ կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի ստեղծումը կնպաստի ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով աշխատանքների կազմակերպման ճկունություն և ընթացիկ տեղեկատվության առավել արագ փոխանակում։ 

Նախարարը նշել է, որ կան մի շարք հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնք վերաբերում են հողերի կադաստրային գրանցմանը, ենթակառուցվածքների և կոմունալ ծառայությունների կարգավորմանը, տրանսպորտային ռազմավարության մշակմանը, տարածքի մաքրմանը և բարեկարգմանը։

Ժաննա Անդրեասյանը հատկապես կարևորել է յուրաքանչյուր գերատեսչության գործառութային դերն աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում։  Քննարկման ընթացքում նշվել է, որ ակադեմիական քաղաքի տարածքում նախատեսվում է հիմնել նաև արհեստական բանականության տվյալային կենտրոնը, որի ներդրումային ծրագիրը զուգահեռաբար մշակվում է։ Առաջնահերթ է նաև ազգային ստադիոնի կառուցումը, որը տեղակայվելու է ակադեմիական քաղաքում կամ նրա հարակից տարածքում։ 

Անդրադառնալով կոմունալ ենթակառուցվածքների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է մաքրման կայանի կառուցման անհրաժեշտությունը, որը կարևոր նշանակություն ունի տարածքի բնական միջավայրի պահպանման և համատեղելի զարգացման առումով։ 

Նախարարը հավելել է, որ ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները մեկնարկել են բավականին արագ տեմպերով, և կարևոր է պահպանել աշխատանքների դինամիկան՝ հաշվի առնելով սեղմ ժամկետները և ծրագրի հանդեպ հանրային մեծ հետաքրքրությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացքին առնչվող մի շարք այլ հարցեր»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter