HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիկնիկային աշխարհի հրաշքը` Նարեկացիում

Նարեկացի արվեստի միությունում տիկնիկների զարմանահրաշ ցուցահանդես է:  Նարեկացի արվեստի միության ամեն մի անկյունից դիտողի հետ  խոսում են  հեքիաթային, վարպետների ձեռքով շունչ առած գունագեղ  կերպարներ:

ՆԱՄ-ում,  սակայն, միայն հեքիաթային կերպարներ չեն. այստեղ իրենց չափազանց հարուրստ կենսագրությամբ ցորենից պատրաստված  հին հայկական ծիսական տիկնիկներ կարելի է նաեւ տեսնել` «Խլվլիկ», «Այգու տիկնիկ» , «Կաղանդ պապի»….

Ցուցահանդեսին իրենց իսկ ձեռքերով, անսպառ  երեւակայությամբ շունչ  հաղորդած վարպետներն են Լուսիկ Ագուլեցին, Քնարիկ Հարությունյանը, Անահիտ Պողոսյանը, Գեղամ Գուլիկյանը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցելու եւ  ՆԱՄ հատուկ հրավերով Վրաստանից ժամանած տիկնիկագործ, տիկնիկային ներկայացումների բեմադրիչ Ժաննա Դավթյանի բացառիկ ներկայացումը դիտելու համար  մուտքի մոտ հանդիսատեսին դիմավորում ու ներս էին հրավիրում հեքիաթային կերպարներ Ժամացույցը, Զանգակը, Ավելն ու Ծաղրածուն: 

Ցուցահանդեսի բացման ժամանակ Ժաննա Դավթյանի  տիկնիկային բացառիկ ներկայացման շնորհիվ  հանդիսատեսն ականատես եղավ  միայն արվեստին հատուկ  կենարար ուժով զգացմունք ու ապրում ստացող տիկնիկների կենդանությանը, անմիջական ու ազնիվ շփմանը միմյանց ու ներկաների հետ:

«Ոչ բարի տիկնիկներ չկան, նրանք բոլորն էլ բարի են…  Երբ մարդ ծնվում է, ապրում ու գնում, նա հետեւից պատմություն է թողնում: Հրաշք է, երբ այդ պատմությունը հեքիաթ է դառնում, իսկ ավելի մեծ հրաշք է, երբ այդ հեքիաթը հրաշալի հեքիաթ է դառնում: Դուք դիտեցիք Գարի Դավթյանի հրաշալի հեքիաթի տիկնիկները: Այս տիկնիկներին ստեղծող  վարպետը` Գարի Դավթյանը, թեեւ այլեւս ողջ չէ, բայց միշտ ներկա է այս տիկնիկների շնորհիվ ու նրանց միջոցով»,-տիկնիկների մասին ասաց Ժաննա Դավթյանը: Նրա խոսքով՝ տիկնիկներն իրենք իրենց կյանքն ունեն, բնավորությունը, նրանք ապրում են, շնչում, հոգի ունեն,  մտածում են, տրամադրություն փոխում…

Ներկաները եւս  մտերմացան տիկնիկների հետ. «Կյանքում չէի մտածի, որ տիկնիկներն այսքան կենդանի, այսքան ողջ, այսքան խորը կարող են լինել: Գիտեք, ներկայացման ժամանակ նույնիսկ հուզվեցի: Դրանից հետո ցուցահանդեսն էլ բոլորովին այլ կերպ ներկայացավ, ուրիշ ձեւ սկսեցի նայել նրանց»,-պատմեց  այցելուներից Զոյան: Նա վստահ է` տիկնիկները բացառիկ են  նաեւ մեծահասկաների համար, պարզապես փոքրիկները միշտ բաց են հրաշքների համար, իսկ մեծահասակները փակում են իրենք իրենց. նայում են ու չեն տեսնում, այդ պատճառով էլ շատ հաճախ չեն տեսնում հրաշքը:

Տիկնիկների հետ հանդիպումը, սակայն, չավարտվեց միայն ներկայացմամբ. Ժաննա Դավթյանի ամուսնու` Գարի Դավթյանի մասին վավերագրական պատմող «Տունը, որտեղ ծնվում են հեքիաթներ»  ֆիլմը տիկնիկների ստեղծման, կենսագրության  ու  հետագա կյանքն է ներկայացնում:  Այն կարող եք դիտել օգոստոսի 16-ին` ժամը 19.00-ին, ՆԱՄ-ում: Ֆիլմի դիտումից հետո  նախատեսվում է նաեւ հանդիպում-քննարկում Ժաննա Դավթյանի հետ:

Լուսիկ Ագուլեցու, Գեղամ Գուլիկյանի, Քնարիկ Հարությունյանի ու Անահիտ Պողոսյանի աշխատանքները կարող եք դիտել ՆԱՄ-ում մինչեւ օգոստոսի 22-ը:

Նարեկացի արվեստի միություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter