
Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտարկումները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ ընդգծելով, որ համատեղ քննարկումներն ու մասնակցային գործընթացը կօգնեն հստակեցնել ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի ձևակերպումները՝ մինչև երկրորդ ընթերցում իրականացնելով անհրաժեշտ լրամշակումներ:
Նա կարևորել է բարեփոխումների արդյունավետությունը՝ նշելով, որ բոլոր դիտարկումները քննարկելի են. միաժամանակ առաջարկվող լուծումները պետք է լինեն հստակ և թիրախային։
«Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Մասնավորապես՝ քննարկվել են օրենքի նախագծով ամրագրվող գիտական կազմակերպությունների տեսակներին, գիտական գործունեությանը և հետազոտությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Բարձրագույն կրթության կազմակերպման գործընթացում հետազոտական բաղադրիչի ուժեղացման համատեքստում անդրադարձ է եղել նաև ակադեմիական ինստիտուտների և բուհերի միավորմանը:
ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ բարձրագույն կրթությունը և գիտությունը չեն կարող զարգանալ միմյանցից անջատ. գիտությունը պետք է ներառի ոչ միայն բուհական համակարգը, այլև գիտական ինստիտուտները և կենտրոնները, որոնց գործունեությունը միտված է կոնկրետ խնդիրների լուծմանը: Նրա խոսքով՝ կարևոր է ունենալ գիտության զարգացման միասնական ռազմավարություն և հայեցակարգ, որոնք կներառեն տարբեր գիտական հետազոտություններ՝ հիմնարար, կիրառական, փորձարարական և այլն: Նշվել է՝ փորձարարական մշակումների հարցում կան որոշակի անորոշություններ, և անհրաժեշտ է հստակեցնել տարբեր գերատեսչությունների լիազորությունները: Միաժամանակ, ընդգծվել է գիտական քաղաքականությունն ու զարգացման ուղղությունները համակարգող պատասխանատու մարմնի արդյունավետ գործունեության կարևորությունը:
«Գիտությունը պետք է դիտարկել որպես ամբողջական գործընթաց, որտեղ հետազոտությունը, փորձարկումները և կիրառական մշակումները փոխկապակցված են: Գիտական գործունեությունը չի կարող մեկուսանալ կամ բաժանվել առանձին մասերի: Գիտելիքի ստեղծումը և դրա կիրառումը պետք է լինեն անընդհատ գործընթաց, որտեղ հետազոտությունը, փորձարկումները և նորարարությունները միմյանց լրացնում են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Անդրադարձ է եղել նաև ոլորտային քաղաքականության բարելավմանը, մասնավորապես՝ կարևորվել են կառավարման մեխանիզմների, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ հետազոտական ծրագրերի իրականացման, գիտական գործունեությամբ զբաղվողների և հետազոտողների շարունակական զարգացման և աջակցության հարցերը։
Այս համատեքստում քննարկվել է նաև գիտական և ճարտարագիտական գործունեության հասկացությունների և տերմինաբանության հստակեցման անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ստեղծել տնտեսական և գիտական զարգացումը խթանող արդյունավետ համակարգ։ Նշվել է նաև գիտական կազմակերպությունների բարեփոխման և գիտական գործունեության չափելիության կարևորությունը՝ ընդգծելով, որ շեշտը պետք է դնել ոչ թե հոդվածների քանակի, այլ հետազոտությունների որակի և գործնական արդյունքների վրա։ Այս առումով կարևոր է օրենսդրությանը ճկունությունը, որը գիտական կազմակերպությունների համար զարգացման նոր հնարավորություններ կբացի։
Հանդիպմանը քննարկվել են նաև նախագծին և ոլորտային զարգացմանն առնչվող մի շարք այլ հարցեր։
Մեկնաբանել