HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լա Բոհեմ». Երևանի սրտում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր բացվել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, բանաստեղծ, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի արձանը՝ «Լա Բոհեմ» անվանումով: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։

Միջոցառմանը ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Փարիզ քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի պատվիրակներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, Ազնավուրի արվեստի երկրպագուներ, Երևան քաղաքի հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, «Լա Բոհեմ» արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունելով ներկաներին՝ նշել է՝ սերը Ազնավուրի կյանքն ու արվեստը բնորոշող գլխավոր զգացմունքն է։

«Սիրով լցված է ցանկացած դրվագ, իրավիճակ, ստեղծագործություն, երաժշտություն և տող։ Մենք այդ սերը նյութականացնելու և մարմնավորելու ևս մի հնարավորություն ենք ստանում այստեղ՝ Ազնավուրի անունը կրող հրապարակում, որն առաջին հերթին մշակութային հրապարակ է՝ շրջապատված կինոթատրոնի, թատրոնի և Նկարիչների միության կառույցներով: Բնական է, որ այս հրապարակն Ազնավուրի անունով կոչելը և այստեղ Ազնավուրի արձանն ունենալը շատ ներդաշնակ են։ Ինչպես մշակույթն է միավորում մարդկանց, այդպես էլ Ազնավուրն իր գործունեությամբ շարունակում է միավորել մեզ, և սա թերևս ամենամեծ գնահատականն է։

Ազնավուրի հանդեպ մեր վերաբերմունքը շատ առանձնահատուկ է մի բանով նա յուրաքանչյուրիս հարազատ է յուրովի։ Հազվադեպ է պատահում, որ միլիոնավոր մարդիկ հարազատության զգացում ունենան մեկի հանդեպ, ում կյանքում գուցե երբեք չեն հանդիպել։ Հարազատության զգացումը ձևավորում է առանձնահատուկ վերաբերմունք, ինչպես Ազնավուրի, այնպես էլ նրա արձանի հանդեպ։ Մեզնից յուրաքանչյուրն ունի Ազնավուրի իր պատկերն ու ընկալումը, որովհետև մենք նրա երգերի ներքո սիրահարվել, ուրախացել և տխրել ենք՝ ապրելով մեր կյանքի տարբեր իրավիճակները: Վստահ եմ, որ արձանը նաև այս տեսանկյունից հետաքրքիր քննարկում կբերիԱզնավուրին թերևս կարելի էր պատկերել տարբեր ձևերով, բայց պատկերվել է հենց այսպես։ Ուստի, շատ կարևոր է, որպեսզի մշակութային դաշտում ծավալվի քննարկում, հնչեն մասնագիտական դիտարկումներ, և հնարավորություն ստեղծվի խոսելու արվեստի մասին:

Ազնավուրի հարյուրամյակի առիթով Կառավարությունը ձևավորել էր հոբելյանական հանձնաժողով նրա ընտանիքի հետ միասին մի շարք միջոցառումներ են իրականացվել։ Հուսով եմ՝ արձանի բացմամբ նույնպես կկարողանանք ներկայացնել մեր գնահատանքը, նվիրվածությունն ու սերն առ մեծ արվեստագետը, առ մեծ մարդը»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանին կարևոր նախաձեռնության իրականացման համար:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նշմամբ՝ Շառլ Ազնավուրի հրապարակում բացվում է արձան, որը խորհրդանշում է ոչ միայն մեծ արվեստագետի հիշատակը, այլև հայ ժողովրդի ներդրումը միջազգային մշակութային կյանքում։

«Շառլ Ազնավուրը՝ ծնված Փարիզում, հայ փախստականների ընտանիքում, դարձավ համաշխարհային երգարվեստի ամենահայտնի անուններից մեկը։ Հազարից ավելի երգեր, ֆիլմեր, համերգներ՝ ավելի քան 90 երկրում։ Նա այն մարդն էր, որի արվեստը ճանաչում էին առանց թարգմանության և առանց բացատրությունների, և նա շարունակում է մնալ այն մարդը, որի արվեստը ճանաչում են առանց հավելյալ բացատրության»,- նշել է Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ արձանի բացումը ֆինանսավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։

«Երբ հայրս ժամանում էր Երևան, նա կանգ էր առնում այս հյուրանոցում: Նա սիրում էր պատշգամբից նայել այս հրապարակին, որը լեցուն է կյանքով և պատմությամբ։ Հիրավի շատ հուզիչ է, որ այսօրվանից մեկընդմիշտ Ազնավուրը կլինի այստեղ՝ այս հրապարակում»,- ողջունելով ներկաներին ասել է Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:

Նրա խոսքով՝ Ազնավուրը սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ ձևով, և դա արտահայտվում էր ոչ միայն բառերով, այլև գործունեությամբ:

«Նա կրել է Հայաստանն իր սրտի ներքո և համաշխարհային բոլոր հարթակներում: Հայրս հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, մշակույթին ու ապագային: Այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց, որպեսզի իր ընտանիքը ժամանի և հաստատվի այստեղ՝ ապրեցնելով և իրականություն դարձնելով իր գաղափարները»,- նշել է Նիկոլա Ազնավուրը և հավելել, որ արձանը պատկանում է ողջ հայ ժողովրդին և աշխարհի բոլոր այն մարդկանց, որոնք սիրում են Ազնավուրի արվեստը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ողջունելով ներկաներին՝ նշել է՝ Երևանի սրտում տեղադրված Շառլ Ազնավուրի արձանը միաձուլում է մեծ արվեստագետի ինքնությունները՝ Ֆրանսիան և Հայաստանը:

«Շառլ Ազնավուրը միշտ սիրում էր հիշեցնել, որ 100%-ով հայ է և 100%-ով ֆրանսիացի։ Նրան հարգանքի տուրք ենք մատուցում և պատվում թե՛ Ֆրանսիայի, և թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում։ Երևանում, որտեղ շատ հաճախ հնչում են Ազնավուրի երգերը, այդ ամբողջը կհամեմվի, կհամալրվի նրա մշտական ներկայությամբ՝ արձանի միջոցով»,- նշել է դեսպանը և շնորհակալություն հայտնել Շառլ Ազնավուր երևույթին հավատարիմ մնալու համար:

«Լա Բոհեմ» արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը պատմել է արձանի ստեղծման մեկ ու կես տարվա պատմությունը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են գործին: «Ես առանձնահատուկ շնորհակալ եմ Շառլ Ազնավուրին, որ թույլ տվեց իր հետ մեկ ու կես տարի ընկերություն անել»,- ասել է Դավիթ Մինասյանը՝ խոսելով ստեղծագործական մտահղացման մասին:

«Լա Բոհեմ» արձանի մտահղացման հիմքում ընկած է Ազնավուրի կերպարը՝ հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ՝ «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։

Արձանը պատրաստված է բրոնզից, օգտագործվել են նաև այլ նյութեր՝ մարմար, կարմիր էմալ: Չափսը՝ 3350/ 2500/ 1820 մմ, քաշը՝ 1850 կգ: Ստեղծվել է 2025 թվականին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter