
Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է
Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին ավտոբուսներից մեկում անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։
«Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն կատարած անձի ինքնությունը։ Նույն օրը՝ հաղորդումը ստանալուց ժամեր անց, Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է։
Նա տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Երեկ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում, Մաշտոցի պողոտա-Պուշկինի խաչմերուկ հատվածում։
«Ավտոբուսի վարորդը, լսելով ուղևորների բարձրացրած աղմուկը, կանգնեցրել է տրանսպորտային միջոցը և ամոթանք տալով նշված գործողությունն իրականացրածին` վերջինիս և նրա հետ եղած մյուս տղամարդուն հորդորել իջնել ավտոբուսից։ Այդ ընթացքում ավտոբուսի վարորդը ստացել է հարվածներ նշված տղամարդկանցից մեկի կողմից, սակայն երթևեկությունը չի շարունակել մինչև վերջիններիս չի իջեցրել ավտոբուսից»,- գրել է Ասատրյանը։
Լուսանկարը՝ էկրանակադր ՆԳՆ տեսանյութից
Մեկնաբանել