
Ռուսաստանում ակնկալում են Թրամփ-Պուտին հանդիպում
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է և ժամանակի ընթացքում անպայման տեղի կունենա, սակայն դրան պետք է նախորդի հսկայական աշխատանք։ TACC գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա (հանդիպումը, խմբ.) հնարավոր է և ժամանակի ընթացքում անպայման կկայանա։ Այն անհրաժեշտ է»,- վստահ է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ հնարավոր է, որ հանդիպումն անհրաժեշտ լինի նաև խոշոր պայմանավորվածությունների ամրագրման համար, որոնք ժամանակի ընթացքում ձեռք կբերվեն հսկայական աշխատանք կատարելուց հետո։ «Սակայն դրա ժամանակը դեռ չի եկել»,- շարունակել է նա։
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասին Թրամփը հայտարարել էր դեռ տարեսկզբին, երբ պատրաստվում էր ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Թրամփն ու Պուտինը վեց անգամ հեռախոսազրույց են ունեցել։
Կոլաժը` CNN-ից
Մեկնաբանել