HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Forbes-ը մանրամասներ է ներկայացրել Երևանին և Բաքվին ամերիկյան կողմի առաջարկի վերաբերյալ

Ամերիկյան Forbes ամսագիրը հուլիսի 18-ին հրապարակել է մի հոդված, որտեղ անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Վաշինգտոնի մոտեցումներին ու ներկայացրել նաև Սենատի լսումների ժամանակ ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ելույթից հատվածներ։

Սենատում իր ելույթի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, Օ’Բրայենն ընդգծել է նաև տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, ինչը ներառում է Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման ձգտումը։

Forbes-ը, նշելով ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի անունը, գրում է, որ այս ռազմավարության շրջանակներում Միացյալ Նահանգներն ակտիվացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը՝ Պանամայի ջրանցքի նման առաջարկելով «Զանգեզուրի միջանցքի» կառավարման միջազգային մեխանիզմի ներդրման հնարավորություն։ Ընդ որում, Forbes-ը ոչ մի աղբյուր չի նշում, թե ինչ պայմաններում է Բոնոն առաջարկել կիրառել Պանամայի ջրանցքի մոդելը։ 

Ադրբեջանական որոշ աղբյուրներ, ավելի վաղ, գրել էին, որ 43 կիլոմետրանոց այդ ճանապարհով տարանցումը կարգավորող միջազգային վարչակազմի ստեղծման գաղափարը քննարկվել է դեռ մինչև Սպիտակ տուն Թրամփի վերադարձը։ Ընդ որում, ի սկզբանե նման նախաձեռնությամբ հանդես է եկել Եվրոպական միությունը։ Սակայն բրյուսելյան բանակցությունների ձևաչափից Ադրբեջանի դուրս գալուց և հայ-ադրբեջանական երկխոսությունը ամերիկյան դիվանագիտական հարթակ տեղափոխելուց հետո այդ առաջարկը կրկին արդիական է դարձել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան առաջարկի էությունն այն է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի կառավարումը երկարաժամկետ կտրվածքով կարող է փոխանցվել անկախ օպերատորի, որը պետք է լինի մասնավոր ընկերություն՝ երրորդ երկրից։ 

Ենթադրվում է, որ այս լուծումը թույլ կտա բավարարել անարգել տարանցման վերաբերյալ Բաքվի սկզբունքային պահանջները՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի անվանական ինքնիշխանությունը իր տարածքի այդ հատվածի նկատմամբ։ Այսպիսով, ամերիկյան կողմի տեսանկյունից, Պանամայի ջրանցքի նմանությամբ այս մոդելը կարող է վերարտադրվել նաև Հարավային Կովկասում։ 

Իր հոդվածում Forbes-ը անդրադարձել է ճանապարհի բացման տնտեսական կողմին։ Ամերիկյան պարբերականի փոխանցմամբ՝ ճանապարհի գործարկումը 12-15 օրով կկրճատի Եվրոպայի և Ասիայի միջև բեռների փոխադրման ժամկետները, ինչը կհանգեցնի տարեկան 20-30 միլիարդ դոլարի լոգիստիկ ծախսերի խնայողության: Ընդ որում, պոտենցիալ ներդրումների ծավալը 5-10 տարվա ընթացքում գնահատվում է համեմատաբար համեստ՝ 3-5 միլիարդ դոլար, մինչդեռ մակրոտնտեսական օգուտները, մասնավորապես՝ Ադրբեջանի համար կարող են արտահայտվել ոչ հումքային ՀՆԱ-ի տարեկան 2% ավելացմամբ և արտահանման՝ տարեկան 700 միլիոն դոլար աճով:

Forbes-ը հավելում է, որ արդեն գործող Հարավային գազային միջանցքը, որով Բաքուն տարեկան մոտ 12 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում Եվրոպային, 2027 թվականին պետք է հասնի 20 միլիարդի։ Իսկ ղազախական նավթի լրացուցիչ տարանցումը, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի ենթադրյալ բացումը, միայն ուժեղացնում են այդ ուղղության գրավչությունը։ 

Ըստ պարբերականի՝ Հայաստանում դեռևս քաղաքական կոնսենսուս չկա նախագծում Հայաստանի մասնակցության մասով։ Ավելին, պաշտոնական Երևանը մերժում է իր տարածքի մի մասն արտաքին սուբյեկտների կառավարմանը փոխանցելու հնարավորությունը, սակայն այս ուղղությամբ կա տեղաշարժ։ 

Forbes-ի հաշվարկներով՝ նախագծի ամբողջական իրականացման դեպքում Ռուսաստանը առաջիկա 10 տարիների ընթացքում կարող է կորցնել մինչև 20 միլիարդ դոլար, իսկ Իրանը կարող է կորցնել իր տարանցիկ ներուժի մինչև մեկ երրորդը, ներառյալ Թուրքիայի տարածքով դեպի Կենտրոնական Ասիա երթուղիները:

Լրացում. Հոդվածի վերնագրում և բովանդակության մեջ փոփոխություններ են եղել։ Ջեյմս Օ’Բրայենը հարցազրույց չի տվել Forbes-ին և ամերիկյան պարբերականը ներկայացրել է Սենատում նրա ելույթից հատվածներ։ Forbes-ի հոդվածում ուղիղ խոսքով մեջբերված որոշ հատվածներ առկա չեն Սենատի լսումների ժամանակ Օ’Բրայենի խոսքում։

Լուսանկարը՝ AP գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter