HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՊՎԾ-ն փոփոխել է «Հետք»-ի դեմ հայցի հիմքն ու առարկան. դատարանը բաշխեց ապացուցման բեռը

Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, դատավոր Անուշավան Մուշեղյանի նախագահությամբ, կայացավ Պետական վերահսկողական ծառայությունն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի գործով հերթական դատական նիստը։

Նախորդ դատական նիստի ժամանակ հայցվոր կողմը ժամանակ էր խնդրել հստակեցնելու և ներկայացնելու, թե պատասխանող կողմերից յուրաքանչյուրին ինչ է վերագրվում, և ինչ պահանջներ ունեն նրանցից։

Այսօր Պետական վերահսկողական ծառայությանն ներկայացուցիչ Սյուզաննա Ամզարյանը նշեց մի քանի կետեր, որով փոփոխվել է հայցի հիմքը և առարկան։

Ըստ փոփոխված հայցի՝ «հոդվածի զրպարտչական ձևակերպումներում որպես տեղեկատվության աղբյուր է նշված նաև ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը, մասնավորապես՝ «ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։ Քրեական վարույթի ժամանակ էլ հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու փաստը։» և «ՊՎԾ ուսումնասիրությունը՝ «Արմենիա» ԲԿ-ի մասով, թերի է եղել. ՊՎԾ նախկին աշխատակից»:

Բացի նրանից, որ Սուսաննա Մուրադյանը հանդիսացել է հոդվածի՝ վերը նշված հատվածի աղբյուր, վերջինիս կողմից այդ փաստացի տվյալները ներկայացվել են առնվազն լրատվամիջոցին կամ լրատվամիջոցի թղթակիցներ Գայանե Հովսեփյանին և Տիրայր Մուրադյանին՝ այդպիսով հաղորդակից դարձնելով երրորդ անձանց»։

Հայցում նշված է նաև, որ հոդվածի հեղինակներ են Գայանե Հովսեփյանը և Տիրայր Մուրադյանը։ Որպես ապացույց հայցվոր կողմը դիտարկել է այն, որ լրագրողներն աշխատում են «Հետք»-ում՝ որպես թղթակիցներ՝ ըստ «Hetq.am» կայքի «Մեր մասին» բաժնի տեղեկատվության։

Դատարանը բավարարեց հայցվոր կողմի միջնորդությունը, և ապացուցման բեռի բաշխում իրականացրեց։

Հայցվոր կողմը նշեց, որ ապացուցման բեռը կրում է պատասխանող կողմը, և հայցվոր կողմի վրա, ըստ էության, դրված է ապացուցման միայն տվյալ հոդվածի հրապարակված լինելու հանգամանքը։

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ ներկայացուցիչն էլ տեսակետ հայտնեց՝ պետք է հայցվորն ապացուցի, որ պատասխանողները արատավորել են ծառայության բարի համբավը, քանի որ դա որևէ կերպ չեն կարող ապացուցել։

Դատարանը հայցվոր կողմի վրա դրեց տեղեկությունը զրպարտչական բնույթի լինելու և հայցվորի բարի համբավը նպատակաուղղված արատավորելու փաստի, տեղեկությունները երրորդ անձանց հասանելի դարձնելու, փաստացի տվյալները անմիջապես հայցվորին հասցեագրված լինելու կամ հայցվորի քննադատության թիրախը հանդիսանալու փասերի ապացուցումը։

Պատասխանող կողմն էլ պետք է ապացուցի, որ հրապարակված տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, գերակա հանրային շահին են վերաբերում, դրանց ճշմարտությունը և հիմնավորումը պարզելու կապակցությամբ միջոցներ ձեռնարկված լինելու և այդ տեղեկությունները հավասարակշռված և բարեխղճորեն ներկայացված լինելու փաստերը։

Դատարանը 7 օր հատկացրեց ապացույցներ կամ դրանք ձեռք բերելու միջնորդություններ ներկայացնելու համար։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին՝ ժամը 17.00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter