
Դուք եք դառնալու հնարավոր արյունահեղության միակ պատասխանատուն. Լևոն Տեր-Պետրոսյանի կոչը Փաշինյանին
Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեղարկել Վաղարշապատի կենտրոնական հրապարակում սպասվող հանրահավաքը՝ «արյունահեղությունից խոսափելու» համար։ Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը եւ անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին։
Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, եւ թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսեւորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների եւ արյունահեղության միակ պատասխանատուն՝ արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։
Վերջում, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար»։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում հավաք կազմակերպելու մասին: Սրա վերաբերյալ Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ կազմակերպվողը եկեղեցու նկատմամբ հերթական ոտնձգությունն է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել