HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աղվեսները «լալիս» են, իսկ օձերը` ֆշշացնում բազմազավակ ընտանիքի տնակի պատերի տակ (վիդեո)

Պետրոսյան ամուսիններն իրենց 6 անչափահաս երեխաների հետ արդեն 3 տարի է` ապրում են փայտե տնակում` օձերի, կարիճների ու կրծողների ընկերակցությամբ: Երբ այցելեցի նրանց, ընտանիքի մեծ ու փոքր անդամները կարիճ էին սատկացնում: Իսկ օձն արդեն 5 օր է` ֆշշացնում է տնակի պատի արանքում: Նրան այդպես էլ չեն կարողանում որսալ:

Բոլորն էլ արդեն սովորել են այս վիճակին: Ծնողները 3 տարի շարունակ հերթափոխով են քնում, որ կենդանիները չվնասեն քնած երեխաներին: Նրանց մայրը` Շողակաթ Պետրոսյանը, ասաց, որ իրենց ամեն պահի կարող է դժբախտություն պատահել: Անցյալ տարի էլ օձը հայտնվել է երեխաներից մեկի անկողնում եւ հրաշքով չի խայթել փոքրիկին:

Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում ապրող այս ընտանիքի պատմությանն առաջին անգամ անդրադարձել էինք 2 տարի առաջ: Մինչ օրս ոչինչ չի փոխվել նրանց կյանքում: Հայրական տնից դուրս գալով` ընտանիքի հայրը` Ժորան, կնոջ հետ 10 տարի ապրել է համագյուղացիներից մեկի անասնագոմոմ: Այդտեղ են ծնվել նրանց 5 երեխաները:

Տարիներ շարունակ Շողակաթը տարբեր նամակներով անհանգստացրել է պաշտոնյաներին` նրանց ուշադրությունը սեւեռելով խոնավության եւ վտանգի մեջ ապրող երեխաների խնդիրներին: 2008 թ. կառավարության շենքի առջեւ հերթական բողոքի ակցիայի ժամանակ տիկնոջն ու երեխաներին է մոտեցել Հովիկ Աբրահամյանը եւ խոստացել խնդրին լուծում տալ: Ըստ Շողակաթի` բազմազավակ ընտանիքին տնով ապահովելու խոստում է տվել նաեւ այդ ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Հովիկ Աբրահամյանը ձեռքիցս նամակը վերցրեց, կարդաց, ասաց, որ այս պահին տուն չկա, բայց 3 սենյականոց տնակ կտա, մինչեւ մեկ ամսից կհանձնարարեն, որ տուն հատկացնեն մեզ: Իմ ներկայությամբ հեռախոսով զանգեց մեր նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանին եւ հանձնարարեց, որ զբաղվի այդ խնդրով: Որախ-ուրախ եկա մարզպետարան, այնտեղից ինձ տվեցին դպրոցի տնակներից մեկը, որտեղ ես ու ամուսինս ժամանակին դաս էինք արել»,- ասում է Շողակաթը:

Ընտանիքն այդպես էլ չի ստացել խոստացված 3 սենյականոց տնակը: Նրանց բաժին է հասել փտած եւ քայքայված տանիքով փայտից տնակ, որն անձրեւի ժամանակ կաթում է: Ընտանիքը մի կերպ համակերպվել է` հավատալով, որ մեկ ամսից իրենց տուն կտան: Արդեն անցել է 3 տարի, սակայն մինչ օրս ընտանիքին հավաստիացնում են, թե ուր որ է` կտեղափոխվեն նոր տուն:

Տնակը դրված է Սասունիկ գյուղի ամայի հատվածում, որտեղ բնակելի տուն գրեթե չկա: 1200 քմ հող հատկացրել է Սասունիկ համայնքը: Տնակի հարեւանությամբ է գտնվում գյուղի գերեզմանոցը: Անչափահաս երեխաներն անգիր գիտեն, թե գյուղում քանի մարդ է մահացել: «Մեզ բերել գցել են գերեզմանների մեջ, երեխեքս արդեն վախեցած են, ամեն օր մեռել են տեսնում, երեսներին գույն չի մնացել»,- նշում է Շողակաթը:

7-ամյա Մարգարիտան վախենում է տնակից դուրս գալ: Աղջնակը քնից լացով է արթնանում:

«Կառավարությունից Խաչիկ Վարդանյանն ինձ ասում էր` դուք տնտեսություն հիմնեք, հող մշակեք, ես կգամ կտեսնեմ, թե ինչ եք արել, մինչեւ ձեզ տուն կտանք: Ես էլ պոմիդոր էի ցանել, կարմրել էր, երեխեքին չէի թողնում ուտեին, ասում էի` Խաչիկ Վարդանյանն ասել է կգամ, ուրեմն անպայման հյուր կգա, թող գա տեսնի, որ հողը մշակել ենք: Պոմիդորները փչացան, սերմերը թափվեցին, բայց ոչ ոք չեկավ: Երբ զանգում էի Խաչիկ Վարդանյանին, ասում էր` ի՞նչ ես ուզում, տնակը տվել ենք, հողը տվել ենք, հանգիստ ապրեք: Ես էլի կհրաժարվեմ այդ հողից, թող իրենց լինի: Իմ երեխաների համար տուն եմ ուզում, որ օձ ու կարիճներից պրծնեն»,- ասում է Շողակաթը:

Տնակից քիչ հեռու տան հիմք է գցված: Պետրոսյանները պատմեցին, որ «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի» նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն է իրենց նոր տունը կառուցելու, սակայն մի քանի տարի է` խաբում են ու սկսած գործը ավարտին չեն հասցնում:

«Չենք հավատում, որ կկառուցեն, թող մի գրավոր նամակ գրեն, ասեն, որ այսինչ ժամկետներում կկառուցենք, որ հանգիստ լինենք: Որ զանգում, հետաքրքրվում ենք, թե ինչ աշխատանքներ են տարվելու, հայհոյում են: Ասել ենք սոցիալապես անապահով ենք, չենք ասել, որ անուղեղ ենք: Բա կարելի՞ ա ընկածին քացով խբել գցել»,- նշում է Շողակաթը: Տիկնոջ խոսքերով` իրենց միշտ խաբում են, թե շուտով տունը կկառուցվի, սակայն չի կառուցվում:

Անդրանիկ Նիկողոսյանը «Հետքին» պարզաբանեց, որ իրենք մինչեւ 2013 թվականը բարեգործական կարգով բնակարաններ են կառուցում անօթեւան եւ կարիքավոր ընտանիքների համար: Պետական աջակցություն չեն ստանում եւ որեւէ պարտավորություն չունեն ընտանիքների հանդեպ: Ըստ Ա. Նիկողոսյանի` ծրագրի առաջին փուլն ավարտվել է, իսկ երկրորդ փուլի աշխատանքները կմեկնարկեն հունիսի 20-ից:

«Լավ գիտեք, թե այսօր Հայաստանում ինչ վիճակ է տիրում: Ժորայի ընտանիքից վատ վիճակում գտնվողներ էլ կան, բայց մենք այդ բազմազավակ ընտանիքին ներառել ենք մեր ցուցակում: Մենք չենք կարող միայն Ժորայի տունը կառուցել, հույան-բույան անելով չի, հունիսի 20-ից կսկսենք իրենց տան կառուցումը»,-ասում է Անդրանիկ Նիկողոսյանը:

Նա հերքեց, որ հայհոյել է Ժորային, երբ հետաքրքրվել են շինարարական աշխատանքներով: «Օրվա տարբեր ժամերի զանգում են, ասում` տունս օձ ա մտել, հա, բայց ես ի՞նչ անեմ»,- ավելացնում է բարեգործական ընկերության նախագահը:

Արագածոտնի մարզի 9 կարիքավոր ընտանիքների, ներառյալ այս ընտանիքի համար տուն կառուցելու խոստում տվել էր նաեւ «Առաջ Հայաստան» բարեգործական հիմնադրամը, սակայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ հիմնադրամից իրեն տեղեկացրել են, թե միջոցները սպառվել են, եւ շինարարական աշխատանքները կշարունակվեն գումար լինելու դեպքում: «Մենք հիմա այլ աղբյուրներ ենք փնտրում, որ կարողանանք այդ 9 ընտանիքների տան խնդիրը լուծել»,- տեղեկացրեց մարզպետը:

Նշենք, որ Պետրոսյանների ընտանիքը կենցաղային նվազագույն պայմաններ չունի: Խմելու ջուր չունեն: Երեխաները դույլերով խմելաջուրը բերում են մոտ 1 կմ հեռավորությունից: Գյուղում բոլորն էլ ջրաչափ են դրել եւ թույլ չեն տալիս, որ իրենց բակի ծորակից ջուր վերցնեն:

Մարգարիտան պատմում է, որ երբ տանը ջուր չեն ունեցել, ինքը մի քանի անգամ առվից է ջուր խմել: Երեխաները լողանում են  առվի ջրով, քանի որ 1 կմ-ից այդքան ջուր բերել հնարավոր չէ: Բոլորը մեջքի ցավ ունեն, քանի որ առվի ջուրը, որով լողանում են, ոչ միշտ է մաքուր լինում: Իսկ ընտանիքի ավագ որդին` 7-րդ դասարանում սովորող Մեսրոպը, ասում է, որ երբ տան ջուրը վերջանում է, սկսում են խաղացնել իրենց 1.5 տարեկան եղբորը, որպեսզի մայրը չասի` գնացեք ջուր բերեք:

«Ոչ ջուր ունեմ, ոչ մի բան: Նամակներ ենք գրում տարբեր կազմակերպությունների, ուղարկում են մարզպետարան: Մարզպետն ի՞նչ անի, էն մարդն ինչքան կարում ա, օգնում ա, միշտ ֆինանսով ապահովել ա մեզ: Ընկել ենք ուրիշների տներից որ ջուր բերենք, մարդիկ չեն թողում, ասում են` հաշվիչ ա դրած»,- ավելացնում է Շողակաթը:

Ավագ որդին` Մեսրոպը, հոր հետ այժմ դերասանություն մասնագիտություն է սովորում Երեւանում: Նրանք արդեն նկարվել են մի քանի սերիալներում, որպեսզի այդ կերպ կարողանան ընտանիք պահել: Մեսրոպը դեռ գումար չի վաստակել, իսկ հայրը` Ժորան, 2 կադրում նկարահանվելով 30.000 դրամ աշխատավարձ է ստացել:

«Հիմա սովորում եմ, համ մասնագիտություն է, համ էլ ուզում եմ ընտանիքիս օգնած լինեմ»,- ասում է Մեսրոպը:

Անցած սեպտեմբերին Մարգարիտան պետք է առաջին դասարան գնար, սակայն հագուստ չունենալու պատճառով չի գնացել: Մեսրոպն այժմ ուզում է սերիալներում նկարահանվել, որպեսզի վաստակած գումարով քրոջ համար հագուստ ու գրենական պիտույքներ գնի:

Կրտսեր եղբայրը` Հովհաննեսը, պատմում է, որ «ամեն երեկո իրենց տնակի շուրջ աղվեսներ են հավաքվում ու երեխայի նման սկսում լացել»: Նա նույնիսկ ինձ ուղեկցեց տնակից քիչ հեռու գտնվող աղվեսների բույնը: Շողակաթն էլ հավելեց, որ 2 տարի առաջ փորձել են հավ պահել, 10 ճուտ են գնել, սակայն աղվեսները բոլորին կերել են:

«4 տղա ունեմ, իրանց հայրը հրաշքով է ողջ մնացել Ղարաբաղի ազատամարտում, էգուց կգան, կասեն` պիտի տղաներիդ տանենք բանակ, չէ՞, չեմ թողելու, որ գնան»,- ասում է Շողակաթ Պետրոսյանը:

6 երեխաների հայրը մասնակցել է Արցախի ազատագրական մարտերին եւ ոտքից վիրավորվել: Ժորան չի կարողանում ծանր ֆիզիկական աշխատանք կատարել, սակայն աշխատանք լինելու դեպքում օրավարձով աշխատում է: Այժմ ընտանիքն ապրում է 58 հազար դրամ նպաստով:

Մեկնաբանություններ (5)

Գեւորգ
Ժողովուրդ, հարգելիներս - եկեկ չզարմանանք, սա մեզ համար բոլորովին հայտնագործություն չէ: Կարդացեք Մեծն Րաֆֆու - Երեվանի ու Էջմիածնի նկարագրությունը ջարդից անմիջապես հետո (կարծեմ «Խենթ»-ի մեջ է՝ լավ չեմ հիշում), որտեղ ազգի զինավառ «քաջերն» ու պարարտ տերտերները քյաբաբ ու խորոված են վայելում, հայհոյելով ու քշելով անտուն որբերին՝ «գաղթականի սոված լակոտներին», որ իրենց «հալալ հացը չհարամեն»: Լավ մտածենք՝ շատ հնարավոր է որ այդ խեղճ ու կրակների մեջ ապագա Շառլ Ազնաուր, Վ. Համբարձումյան կամ Բաղրամյան է գտնվում: Եկեք Հետք ի միջոցով խնդրենք՝ մի հաշիվ բացվի մի տեղ, կարգին մարդկանց տնօրինությամբ, որպիսզի կարողանանք այս անմեղ երեխաներին մի բանով օգնել:
Ani
Getiny mten et mardik, vonc chen amachum, lav, ba dranq xixch chunen, vonc chen vaxenum Astco datastanic, de hl@ tox iranq gnan u et paymannerum, shat che, 1 jam aprem, kkaroxanan?Menak uten, uten,................
tatev
Մեկնաբանությունը...ahavor e... bayc aveli sarsapelin ayn e, vor Hayastanum shat-shat en nman @ntaniqner@. Gnaceq heravor marzer u ktesneq...Isk petutyan inchin e petq...? Hayastan aselov` ishkhanavorner@ haskanum en Yerevan@, Yerevann el` Operayi u baleti tatronu shrjakayqn e...el inchu mtacel
Adolf
azgain arjeqnery chenq gnahatum, menq aveli shat pashtum enq goxakanin, hancagorcin qan gitutyamb zbaxvox mardkanc, dra hamar hancagorc ashxari takanqnery villaner unen, isk sovorakan mardik mi mashik el chunen iranc erexu hamar.Bazar anoxnern en shat, lav u vat txa enq xaxum, mardkanc apagan pchacnelov.oligarxik hamakargy, hancagorc, orenqov u chorenqov goxeri het miasin ete veracvi, bolors kunenanq mer minimumy vorpes MARD aprelu.
Edvard
Ahavor er, u mardkanc boxoqy vomanq huyan-buyan en anvanum...chnayac inchu enq zarmanum, irancic baxty araj e @nkel, esor irenq fransianerum shqex villaner en karucum, bentliner qshum, ed vonc, mek@ liner harcner, vonc exav, vor dzer 21 tarekan lakot@ yndgrkvec ashxari milionatereri cucakum, isk 40 tarekan txamardy angam 5000 dram chuni, vor mi saroshka u mi koshik arni, vor erexun septemberin dproc uxarki...Lav el exav...parzapes baxtn er irencic araj @nkel....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter