
Պեսկովը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումը համարում է Երևանի և Բաքվի գործը
«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է, բայց Ռուսաստանը պատրաստ է աջակցել երկու պետությունների միջև պայմանագրի ստորագրմանը»,- TACC գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
«Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ հասնեն պայմանագրի ստորագրմանը։ Ընդ որում, մենք պահպանում ենք մեր պատրաստակամությունը, եթե դրա կարիքը լինի, այդ գործընթացին ցուցաբերել ցանկացած աջակցություն»- հավելել է նա։
Երևանն ու Բաքուն բազմիցս հայտարարել են, որ կողմերը մոտ են այդ պայմանագրի ստորագրմանը, սակայն ադրբեջանական կողմն առաջ է քաշում երկու նախապայման. ՀՀ Սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմալ վերացումը։ Հայկական կողմը հայտարարել է, որ պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո պատրաստ է ստորագրել նաև Մինսկի խմբի կազմալուծման մասին փաստաթուղթը։
Լուսանկարը՝ REUTERS/Vladimir Pirogov/File Photo
Մեկնաբանել