
Ռուսական բանակը հարվածել է Խարկովի կենտրոնին. կա 39 տուժած
39 մարդ, որոնց թվում՝ 6 երեխա է տուժել Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնին ռուսական ավիահարվածների հետևանքով։ Այդ մասին հայտարարել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Առնվազն 6 տուժած հոսպիտալացվել է։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը նշել էր, որ հուլիսի 24-ին ռուսական զինուժը երկու հարված էր հասցրել Խարկովի կենտրոնին։ Նրա խոսքով՝ ավիառումբերից մեկն ընկել էր քաղաքացիական ձեռնարկության տարածքում, որտեղ հրդեհ էր բռնկվել։ Երկրորդն էլ ընկել էր բազմաբնակարան շենքի մոտ, ինչի հետևանքով այրվել է 15 ավտոմեքենա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան իր ալիքում մեկնաբանել է տեղի ունեցածը։ «Բացարձակապես անիմաստ հարվածներ, առանց որևէ ռազմական նպատակի։ Եվ մենք տեսնում ենք, որ դա Ռուսաստանի միակ ցանկությունն է՝ շարունակել ագրեսիան, սպանությունները։ Ուստի մեզ անհրաժեշտ է մեր պաշտպանությանն աջակցություն՝ ուժեղ ՀՕՊ, սպառազինության արտադրության ընդլայնում։ Այս ամենը կօգնի պաշտպանել կյանքեր: Ակնկալում ենք համագործակցել գործընկերների հետ և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն պատրաստ են օգնել»,- գրել է նախագահ Զելենսկին՝ հրապարակելով կադրեր դեպքի վայրից։
Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության
Մեկնաբանել