HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառում ադրբեջանական նավթատար լցանավերի նկատմամբ  

Հուլիսի 18-ին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն է ընդունել:

Ի թիվս այլ միջոցների, ԵՄ-ն նախկինի նման պատժամիջոցներ է կիրառել աշխարհի տարբեր երկրներում գրանցված նավերի նկատմամբ, որոնց համարում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս: 

«Նավթատար լցանավերի «ստվերային նավատորմի» մաս կազմող կամ Ռուսաստանի էներգետիկ եկամուտներին նպաստող նավերի գործունեությունը հետագայում սահմանափակելու համար Եվրոպական խորհրդի 2025/1495 որոշմամբ 105 նավ է ավելացվում 2014/512 որոշմամբ սահմանված նավերի ցուցակին, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ անդամ երկրների նավահանգիստներ եւ շլյուզներ, ինչպես նաեւ օգտվել ծովային տրանսպորտի հետ կապված ծառայությունների լայն շրջանակից»,- ասվում է հուլիսի 18-ին Եվրոպական խորհրդի ընդունած բանաձեւում:

«Շուշա»

Վերոնշյալ 105 նավերի թվում է ադրբեջանական «Շուշա» (Shusha, օկուպացված Շուշիի ադրբեջանական տարբերակը) անունով նավը (IMO համարը՝ 9779941): ԵՄ-ն վերջինիս ներառել է «սեւ ցուցակ» այն հիմնավորմամբ, որ այս նավը տեղափոխել է հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:

Ադրբեջանական նավը ԵՄ պատժամիջոցների տակ է հուլիսի 20-ից:

250 մ երկարությամբ եւ 44 մ լայնությամբ «Շուշան» հում նավթի լցանավ (տանկեր) է, որը կառուցվել է 2017 թ. Հարավային Կորեայում: Դրա սեփականատերն ադրբեջանական SA Susha Shipholdings ընկերությունն է, իսկ շահագործողը՝ նույնպես ադրբեջանական ASCO Shipmanagement AFEZCO-ն, որը հիմնադրվել է 2023-ի հունվարին ASCO (Azerbaijan Caspian Shipping Company) պետական ընկերության հիմքի վրա եւ սրա դուստր ձեռնարկությունն է: Սեփականատերն ու շահագործողը գրանցված են Բաքվի նույն հասցեում (մանրամասները՝ այստեղ):

ASCO Shipmanagement AFEZCO-ի հիմնադրումից ընդամենը 5 ամիս անց՝ 2023-ի հունիսին, այս լցանավը սկսել է լողալ ադրբեջանական դրոշի ներքո՝ ստանալով «Շուշա» անունը: Իսկ 2017-2023 թթ. այն նավարկել է Մարշալյան Կղզիների դրոշի տակ եւ կրել «Արիստոկլիս» (Aristoklis) անունը:

Ներկա պահին «Շուշան» լողում է Միջերկրական ծովում (հուլիսի 14-ին դուրս է եկել Թուրքիայի «Նեմրութ» նավահանգստից, ժամանումը վերջնակետ նախատեսված է հուլիսի 27-ին): Ադրբեջանական այս լցանավի նավարկության վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում այն նավարկում է Թուրքիայի (Էգեյան ծովի ափին գտնվող «Նեմրութ» նավահանգիստ) եւ Ռուսաստանի (Լենինգրադի մարզի Պրիմորսկ քաղաք, Բալթիկ ծովի ափին) միջեւ:

«Ղարաբաղ»

ԵՄ-ն հուլիսի 18-ին պատժամիջոցներ է կիրառել (մեկնարկը՝ հուլիսի 20-ից) նաեւ ադրբեջանական «Ղարաբաղ» (Karabakh) լցանավի նկատմամբ (IMO համարը՝ 9810513): Հիմնավորումը նույնն է՝ այս նավը տեղափոխել է հում նավթ կամ նավթամթերք, որի ծագման երկիրը Ռուսաստանն է, կամ որն արտահանվում է Ռուսաստանից՝ կիրառելով նավագնացության ոչ ստանդարտ եւ բարձր ռիսկային մեթոդներ:

«Ղարաբաղը» եւս 250x44 մ չափերով նավ է, որը նախատեսված է հում նավթ տեղափոխելու համար: Այն կառուցվել է 2018 թ. Ճապոնիայում: Սրա սեփականատերը SA Karabakh Shipholdings-ն է, տեխնիկական կառավարիչը (ISM manager), որը պատասխանատու է նավի տեխնիկական շահագործման համար, ASCO Shipmanagement AFEZCO-ն է (ASCO-ի դուստրը), իսկ կոմերցիոն կառավարիչը (commercial manager), որն զբաղվում է բեռնափոխադրումների կազմակերպմամբ, կրկին SA Karabakh Shipholdings-ն է։ Այս ընկերությունները գրանցված են Բաքվի նույն հասցեում (մանրամասները՝ այստեղ):

«Շուշայի» նման «Ղարաբաղը» եւս 2023-ի հունիսին է մտել ադրբեջանական դրոշի տակ ու ստացել ներկա անունը: Իսկ 2018-2023 թթ. այն լողացել է Լիբերիայի դրոշի ներքո ու կրել «Սպերխիոս» (Sperchios) անունը:  

«Ղարաբաղի» նավարկությունների վիճակագրությունը նույնպես ցույց է տալիս, որ վերջին շրջանում այն բեռ է տեղափոխում թուրքական «Նեմրութի» եւ ռուսական Պրիմորսկի միջեւ: Մասնավորապես՝ վերջին անգամ լցանավը հուլիսի 8-ին դուրս է եկել Պրիմորսկից ու այսօր՝ ամսի 24-ին, խարիսխ գցել «Նեմրութ» նավահանգստի մոտ:   

«Զանգեզուր»

Այդուհանդերձ, «Շուշան» ու «Ղարաբաղն» Ադրբեջանի դրոշի տակ լողացող նավերից առաջինը չեն, որ հայտնվել են ԵՄ «սեւ ցուցակում»: Մասնավորապես՝ այս տարվա մայիսի 20-ին ընդունած բանաձեւով Եվրոպական խորհուրդը նույն հիմնավորմամբ նույնպիսի պատժամիջոցներ է կիրառել (մեկնարկը՝ մայիսի 21-ից) հում նավթ տեղափոխող «Զանգեզուր» (Zangazur) լցավանի նկատմամբ (IMO համարը՝ 9420617):

243x42 մ չափերով այս նավը կառուցվել է 2010 թ. Ճապոնիայում: Ըստ տեղեկատուների՝ նախապես նավարկել է Պանամայի դրոշի տակ ու կրել «Շահ Դենիզ» (Shah Deniz) անունը, հետո սկսել է լողալ Մալթայի դրոշի ներքո: 2018-2021 թթ. կոչվել է «Զարիֆա Ալիեւա» (Zarifa Aliyeva), իսկ 2021-2023 թթ.՝ «Սիլվեր» (Silver): 2023-ի աշնանից նավը լողում է Ադրբեջանի դրոշի ներքո եւ «Զանգեզուր» անվան տակ:

Նավի սեփականատերն ադրբեջանական SA Zangazur Shipholdings-ն է, տեխնիկական կառավարիչը կրկին ASCO Shipmanagement AFEZCO-ն է, իսկ կոմերցիոն կառավարիչը նույնպես ադրբեջանական SA Maritime AFEZCO-ն է. սա էլ իր հերթին ASCO-ի ու Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի համատեղ ձեռնարկությունն է: «Զանգեզուրի» սեփականատերն ու տեխնիկական եւ կոմերցիոն կառավարիչները գրանցված են Բաքվի նույն հասցեում եւ, ինչպես տեսնում ենք, փոխկապակցված են վերոնշյալ ASCO (Azerbaijan Caspian Shipping Company) պետական ընկերությանը (մանրամասները՝ այստեղ):

Տարօրինակ չպիտի համարել, որ «Շուշայի» ու «Ղարաբաղի» նման «Զանգեզուրը» եւս վերջին շրջանում նավարկել է թուրքական «Նեմրութ» նավահանգստի ու ռուսական Պրիմորսկ քաղաքի միջեւ: Ըստ տեղեկատուների ամենավերջին տվյալների՝ «Զանգեզուրը» մայիսի 27-ից խարիսխ է գցել Էգեյան ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ:

Հավելենք, որ «Զանգեզուր» լցանավը ԵՄ-ից առաջ՝ մայիսի 9-ին, ի թիվս բազմաթիվ այլ նավերի, իր «սեւ ցուցակ» էր ներառել Մեծ Բրիտանիան: Հիմնավորումն այն էր, որ այս նավը կիրառվում է՝ ռուսական ծագման նավթ տեղափոխելու համար:

«Ռուսաստանի ստվերային նավատորմն այսօր հարված կստանա պատմության մեջ ամենամեծ պատժամիջոցների փաթեթով, ինչը կուժեղացնի ճնշումը Պուտինի վրա եւ կպաշտպանի Միացյալ Թագավորության ու Եվրոպայի կարեւորագույն ազգային ենթակառուցվածքները»,- մայիսի 9-ին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Նույն փաթեթի շրջանակներում Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել նաեւ 5 ադրբեջանցիների հանդեպ: Վերջիններս, ըստ բրիտանական կառավարության, մասնակցում կամ մասնակցել են Ռուսաստանի կառավարությունից օգուտ ստանալուն կամ վերջինիս աջակցելուն նրա համար ռազմավարական նշանակության ոլորտում, այն է՝ ռուսական էներգետիկ սեկտորում:

ASCO Shipmanagement-ի 6 լցանավերը

ASCO Shipmanagement-ի պաշտոնական կայքում նշվում է, որ ընկերության նավատորմը բաղկացած է 6 նավից, որոնցից 4-ը հում նավթ տեղափոխող լցանավեր են, իսկ մյուս 2-ը՝ նավթային/քիմիական լցանավեր:

Չնայած նավերի անունները եւ IMO համարները այս կայքում չեն նշվում, magicport.ai-ում կարելի է գտնել դրանց տվյալները: Ըստ այդմ՝ ASCO Shipmanagement-ը ոչ միայն «Շուշա», «Ղարաբաղ», «Զանգեզուր» նավերի տեխնիկական կառավարիչն է (շահագործողը), այլեւ «Խանքենդի» (Khankendi), «Ադրբեջան» (Azerbaijan) ու «Բաքու» (Baku) լցանավերի:

Սրանցից վերջին երկուսը համեմատաբար փոքր տարողության նավեր են, իսկ ահա «Խանքենդին» (օկուպացված Ստեփանակերտի ադրբեջանական անունն է) «Շուշայի» ու «Ղարաբաղի» չափերի (250x44 մ) լցանավ է (IMO համարը՝ 9867621):

2020-ին Հարավային Կորեայում կառուցված այս նավը 2020-2024 թթ. նավարկել է Մարշալյան Կղզիների դրոշի ներքո եւ կոչվել «Արիստոֆանիս» (Aristofanis): 2024-ի օգոստոսից այն մտել է Ադրբեջանի դրոշի տակ: Նավի սեփականատերն ադրբեջանական SA Leader Shipholdings AFEZCO-ն է, իսկ կոմերցիոն կառավարիչը՝ վերոնշյալ SA Maritime AFEZCO-ն: Կրկնենք՝ բոլորն էլ Բաքվի նույն հասցեում են գրանցված եւ փոխկապակցված են ASCO (Azerbaijan Caspian Shipping Company) պետական ընկերությանը (մանրամասները՝ այստեղ):

«Խանքենդին» վերջին շրջանում «Շուշայի» ու «Ղարաբաղի» նման նավարկում է հիմնականում «Նեմրութ» նավահանգստի ու Պրիմորսկ քաղաքի միջեւ: Վերջին անգամ հուլիսի 2-ին լցանավը դուրս է եկել «Նեմրութից» ու այսօր հասել Լենինգրադի մարզում՝ Բալթիկ ծովի ափին գտնվող Ուստ Լուգա ավանի նավահանգիստ:

Ըստ magicport.ai կայքի տվյալների՝ ադրբեջանական այս նավը «Շուշայի», «Ղարաբաղի» ու «Զանգեզուրի» նման պատժամիջոցների ռիսկի տակ է (հայտնի չէ, թե ում կողմից): Եթե սա ճիշտ է, ապա ստացվում է, որ ASCO Shipmanagement-ի 6 նավերից 4-ը այլեւս խնդիրներ ունեն հակառուսական դիրքորոշում որդեգրած երկրների հետ, ինչն այդ նավերի տերերի ու շահագործողների կյանքը առաջին հայացքից պետք է որ առնվազն բարդացնի: 

Մեկնաբանություններ (1)

Anto
They dont care. The fuel goes to Turkey and from there to bibi.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter