Նոր Խարբերդում երեկվանից լույս չկա
«Հետքը» Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչներից ահազանգ ստացավ, որ ավելի քան 12 ժամ է` Նոր Խարբերդում էլեկտրաէներգիա չկա: Խարբերդի բնակիչ Հասմիկ Ռաֆայլեյանը պատմեց, որ իրենք երեկոյան 8-ից լույս չունեն: Փորձել են Հայկական էլեկտրական ցանցից ճշտել, թե ինչն է պատճառը: Ասել են, որ անջատումները քամու հետևանքով են տեղի ունեցել:
«Պադստանցիան մեր տան կողքն է, երկու անգամ պայթյուն լսեցինք գիշերվա 12-ի կողմերը: Եկել աշխատում էին, բայց հետո էլ չկային»,- պատմեց Հասմիկը:
Հասմիկն ասաց, որ Նոր Խարբերդում սա էլեկտրաէներգիայի անջատման առաջին դեպքը չէ, ձմռանն էլ մի քանի օր լույս չեն ունեցել, ստիպված փոքր երեխաների հետ այլ տեղ է տեղափոխվել: Ամառվա այս շոգին էլ սառնարաններում եղածը փչանում է, իսկ իրենց հստակ չեն ասում, թե երբ կվերականգնեն վթարները:
Հայաստանի էլեկտրական ցանցերի «Արաքս» մասնաճյուղում` Մասիսի էլեկտրացանցի հերթապահ Հարություն Սելիկյանը «Հետքին» տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի անջատումները երեկվա քամիների հետևանքով են տեղի ունեցել:
«Օդային գծերն են վնասվել, քամուց հաղորդալարեր են վնասվել, ծառեր են տապալվել գծերի վրա: Կամաց-կամաց վթարները վերացնելով` դուրս ենք գալիս: Առաջնահերթ բարձր լարման գծերն ենք վերականգնում, հետո` ցածր լարմանը: Սկզբից վերացնում ենք մեծ մասշտաբի վթարները, այսինքն` ըստ բնակչության քանակի, 2-3 գյուղեր ունեմ անջատված, դա եմ վերականգնում, հետո գալիս եմ, ասենք, գյուղի մի հատվածը, նոր հետո անհատական, փողոց-փողոց, հերթականությամբ վերացնում ենք: Ներկա պահին 3 բրիգադ աշխատում է: Գիշերն էլ հնարավորության սահմաններում աշխատում ենք, որն ի վիճակի ենք գիշերվա ընթացքում վերականգնել, վերականգնում ենք, որը ոչ` չէ: Մարդկային ռիսկային գործոնը չենք կարող բարձրացնենք, մարդկանց վթարի ենթարկենք, մենք ի վիճակի չենք գիշերվա էդ պայմաններում էդ քանակությամբ ապահովենք, դա աղետի տեսակ է, քամի, փոթորիկ»,- ասաց Հ. Սելիկյանը:
Հերթապահը նշեց, որ այսօր մինչև երեկո վթարները կվերացվեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել