HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

500 մլն դոլար` արհեստական բանականության գործարանին. ինչ կստանա Հայաստանը

Հայաստանում 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության (ԱԲ) գործարան է կառուցվելու՝ Firebird ընկերության, NVIDIA-ի, «Թիմ Գրուպի» և Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում։ Սա կլինի առաջին լայնածավալ ԱԲ ենթակառուցվածքը տարածաշրջանում։ «Հետքը» զրուցել է նախագծի հետևում կանգնած մարդկանց հետ։ Մեր հյուրերն են Firebird-ի համահիմնադիրներ Ռազմիգ Հովակիմյանն ու Ալեքսանդր Եսայանը և Ռև Լեբարեդեանը NVIDIA-ից։ 

-Սկսենք ամենասկզբից։ Ինչպե՞ս ծնվեց Հայաստանում ԱԲ գործարան ստեղծելու գաղափարը, և ի՞նչը միավորեց ձեր թիմերին։

Ռև ԼեբարեդեանԱյս ամենի սերմերը հայտնվեցին դեռ 2018-ին՝ հեղափոխությունից կարճ ժամանակ անց։ Ինձ հրավիրել էին հանդիպման վարչապետ Փաշինյանի հետ՝ տեխնոլոգիաների հարցով խորհրդատվություն տրամադրելու, և ես նրան խորհուրդ տվեցի՝ պատմելով այն մասին, թե ինչ է սպասվում արհեստական բանականության ոլորտում։ Սա յոթ տարի առաջ էր։ Աշխարհում մարդկանց մեծ մասը չէր մտածում այդ մասին, էլ չենք խոսում կառավարությունների մասին, իրականում՝ որևէ կառավարության։

Մի քանի ամիս անց վարչապետն իր առաջին այցը կատարեց ԱՄՆ։ Նա եկավ Կալիֆոռնիա։ Այդ այցի ընթացքում նրան հրավիրեցինք այցելելու NVIDIA: Նա այցելեց մեր գլխամասային գրասենյակ, հանդիպեց գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ։ Եվ ԱԲ գործարան կառուցելու գաղափարը ծնվեց հենց այդ հանդիպմանը։ Երբ վարչապետը հարցրեց մեր գործադիր տնօրենին, թե ինչ պետք է անի Հայաստանը իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար, այն դարձնելու կենսունակ վայր, որտեղ NVIDIA-ի նման ընկերությունը կցանկանար գրասենյակ բացել և ներդրումներ կատարել, Նա պատասխանեց՝ «Դե, եթե դուք լուրջ եք տրամադրված բարձր տեխնոլոգիաների հարցում, պետք է լրջորեն զբաղվեք համակարգչային գիտությամբ և հաշվողական տեխնիկայով։ Եթե այդ հարցում լուրջ եք, ապա ապագան ամբողջությամբ արհեստական բանականությանն է պատկանում, և այն հիմնական գործիքը, հիմնական կարիքը, այն հիմնական բանը, որն անհրաժեշտ է բոլոր հետազոտողներին, ստարտափներին և մեծ ընկերություններին, արհեստական բանականության համար նախատեսված գերհամակարգիչն է։ Այնպես որ, դուք ձեր ժողովրդի համար պետք է անեք այն, ինչ ես արել եմ իմ մարդկանց համար»։ Ջենսենը բազմաթիվ գերհամակարգիչներ էր կառուցել մեզ համար՝ մեր հետազոտողների և ինժեներների համար՝ արհեստական բանականությունը և համակարգչային գիտության ապագան առաջ մղելու նպատակով։ Այնպես որ, վարչապետը պետք է նույնն աներ Հայաստանի համար։ Եվ գաղափարը ծնվեց այդ պահին։

-Դա վեց տարի առաջ էր։ Ինչո՞ւ հիմա։

Ռև ԼեբարեդեանՄենք սկսեցինք մտածել այդ մասին և փորձեցինք տարբեր ուղիներով դա իրականություն դարձնել։ Այն ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը (թեև դեռ չէր կոչվում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն) Հակոբ Արշակյանն էր։ Նա ներկա էր վարչապետի հետ իմ առաջին հանդիպմանը, ինչպես նաև Կալիֆոռնիայում՝ Ջենսեն Հուանգի հետ հանդիպմանը։ Այդ հանդիպումից անմիջապես հետո սկսեցի աշխատել նրա հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող ենք նման նախագիծ մշակել և գերհամակարգիչ բերել Հայաստան։ Եվ մենք որոշակի առաջընթաց գրանցում էինք, բայց, ցավոք, եկավ 2020 թվականը, COVID, հետո՝ պատերազմ, և այս ամենը հետաձգվեց։

Մի քանի տարի անց, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, մենք աշխատակիցներ ունեինք Ռուսաստանում՝ Մոսկվայում։ Գրասենյակը հիմնել էի 20 տարի առաջ։ Այդ աշխատակիցներից շատերը սկսեցին հայտնվել Հայաստանում, և դա մեզ համար հնարավորություն էր՝ այստեղ գրասենյակ ստեղծելով օգնելու մեր աշխատակիցներին։ Զանգահարեցի Հակոբ Արշակյանին և ասացի. «Կարծում եմ՝ մենք կարող ենք գրասենյակ բացել Հայաստանում։ Կօգնե՞ք ինձ»։ Նա ասաց՝ իհարկե։ Նրա և վարչապետի օգնությամբ կարողացանք արագորեն գրասենյակ հիմնել Հայաստանում, մեր աշխատակիցներին բերել այստեղ, օգնել նրանց ու ապահովել նրանց անվտանգությունը։ Դա մեզ համար դուռ բացեց՝ վերսկսելու քննարկումները գերհամակարգչի շուրջ։ NVIDIA-ի ներկայությունն այստեղ հնարավորություն է տալիս աջակցելու նման նախագծին։

Սա 2022 թվականն էր։ Գրասենյակը բացելուց անմիջապես հետո վերսկսեցի այս քննարկումները բոլորի հետ, ում կարող էի գտնել։ Ի վերջո, ես գտա Ալիկին, որը շատ-շատ ոգևորված էր այս հարցում։ Նա ցանկանում էր հնարավորինս արագ սկսել այս գործը և ներդրումներ կատարել։ Եվ բավականին առաջ գնացինք, բայց փազլի մի կտորը պակասում էր։ Բավարար չէ պարզապես գումար և կապիտալ ունենալ նման բան կառուցելու համար։ Շատ ու շատ ռեսուրսներ և հանգամանքներ պետք է միավորվեն։ Այսպիսով, դրա մի մասը՝ մեծ մասը, փողն է։ Դա այն 500 միլիոն դոլարն է, որի մասին խոսում էիք։ Պետք էր հասկանալ, թե ինչպես ստանալ այդ ամբողջ գումարը։ Պետք էր նաև հասանելիություն ունենալ իրական հաշվողական սարքավորումներին, որոնք ոչ բոլոր երկրները կարող են հեշտությամբ ներմուծել։ Կան արտահանման վերահսկողության խնդիրներ, և դրանք համարվում են շատ-շատ զգայուն տիպի հաշվողական սարքավորումներ։ Օրինակ, այս պահին չենք կարող դրանք արտահանել Չինաստան, այնպես որ պետք է լուծեինք այդ հարցը։ Պետք էր նաև պարզել, թե ովքեր են լինելու հաճախորդները, հաշվողական սարքավորումների վարձակալները, քանի որ առանց դրա անհնար է գումար հայթայթել։ Պետք էր համոզվել, որ կլինի բավարար օգտագործման երաշխիք, որպեսզի հիմնավորվեր այդ ներդրումը, որպեսզի կարողանայինք գումար վերցնել կամ անհրաժեշտ ներդրումը ստանալ և մենք չէինք կարողանում դա պարզել։ Չէինք կարողանում բավարար չափով գտնել դա։

Մոտ մեկ-մեկուկես տարի անց՝ անցյալ տարի WCIT-ի ժամանակ, բոլոր ճիշտ բաղադրիչները համախմբվեցին սա իրականություն դարձնելու համար։ Ես այստեղ էի, հանդես էի գալիս WCIT համաժողովի հիմնական զեկույցով, Ալիկն այստեղ էր, Ռազմիկը եկել էր, և նա, ըստ երևույթին, ինքնուրույն նկատել էր, որ ունենք էներգիայի ավելցուկային հզորություն մեր ատոմակայանի շնորհիվ և Ալիկին առաջարկել էր, որ գուցե պետք է ԱԲ գործարան կառուցենք։ Եվ Ռազմիկը, հաշվի առնելով իր փորձառությունը և դիրքը Սիլիկոնյան հովտում՝ իր բոլոր կապերով, կարող էր օգնել մեզ գտնել այդ վերջին փազլի կտորը՝  հաճախորդների՝ այն, ինչ մենք անվանում ենք «օֆթեյք» (offtake) կամ արտադրանքի երաշխավորված իրացում, միացումը նախագծին, որ մենք կարողանանք ներդրումները սկսել։ Այդ ժամանակ քաղաքում էր նաև Նուբար Աֆեյանը, մենք բոլորս միմյանց ճանաչում ենք։ Նուբարը նույնպես փնտրում էր Հայաստանի համար նման մեծ ներդրում կատարելու հնարավորություն։ Նուբարը Firebird-ի մյուս համահիմնադիրն է։ Նա պարզապես ֆիզիկապես այստեղ չէ, ցավոք, չի կարող մասնակցել այս հարցազրույցին։ Բայց նա միացավ որպես ներդրող և, ինչը կարևոր է, որպես երաշխավորված գնորդ։ Նրա բիոտեխնոլոգիական ընկերությունները՝ Flagship Pioneering-ը, Moderna-ն, բոլորը դրա պոտենցիալ օգտագործողներն են։ Այսպիսով, մենք բոլոր կտորները իրար միացրինք, հավաքեցինք երաշխավորված պատվերներ նաև հայկական այլ ընկերություններից, որոնք կարող էին լինել ԱԲ պոտենցիալ օգտագործողներ, և դա բավարար էր, որ NVIDIA-ն նույնպես մտներ գործի մեջ և ասեր՝ «Լավ, մենք կաջակցենք բոլորիդ»։ Վեց-յոթ ամսվա ընթացքում բոլոր կտորներն իրենց տեղերում էին, ինչի արդյունքում մի քանի շաբաթ առաջ Փարիզի GTC համաժողովին կարողացանք հայտարարել այս մասին։ Ունենք փազլի բոլոր կտորները, մենք հավաքել ենք փազլը, և հիմա մրցավազքի մեջ ենք՝ այն կառուցելու համար, և կառուցելու հնարավորինս արագ։

Ռազմիգ ՀովակիմյանՍա, հավանաբար, պատասխանում է նաև ձեր հաջորդ հինգ հարցերին, բայց պատկերացնելու համար, թե ինչ էր ասում Ռևը. մենք սերմը ցանեցինք կառավարության հետ։ Ալիկի հետ հանդիպեցինք այգում։ Այդ ընթացքում Նուբարը մտնում էր դարպասով։ Սա իսկապես վերածվում է համաշխարհային մակարդակի գործարանի։ Սա Հայաստանում կառուցվելու է աշխարհի համար։ Ամեն ինչ սկսվում է այստեղից։ Սա անհավանական խումբ է։ Կարծում եմ՝ մեր կարիերայի ընթացքում բոլորս էլ մեզ բախտավոր ենք զգում, որ հիանալի բաներ ենք արել։ Բայց սա առանձնահատուկ դեպք է։ Անհավանական թիմ էր պետք սա իրականացնելու համար։ Բայց եթե դուք, տղաներ, չսկսեիք դա, առանց Կառավարության աջակցության, որը ստացել ենք և ստանում ենք, մենք այստեղ չէինք հասնի։

Ռև ԼեբարեդեանԿառավարությունը նաև սրա կարևորագույն մասն է, քանի որ նրանք Firebird-ից կվերցնեն հզորության մի մասը և կկիսեն այն մեր հետազոտական ինստիտուտների, մեր համալսարանների և ստարտափ ընկերությունների, նորարար տեխնոլոգիական ընկերությունների հետ՝ մեր հետազոտողներին ու ինժեներներին տալու առաջատար դիրք, առավելություն աշխարհի մյուս հետազոտողների նկատմամբ։ Այնպես, ինչպես Ջենսեն Հուանգը՝ մեր գործադիր տնօրենը, NVIDIA-ի հետազոտողներին և ինժեներներին առավելություն տվեց բոլորի նկատմամբ, քանի որ մենք սա վաղ հասկացանք։ Այսօր NVIDIA-ն աշխարհի խոշորագույն ընկերությունն է։ Նրա շուկայական կապիտալիզացիան մոտենում է չորս տրիլիոն դոլարի, բայց երբ սկսեցինք զբաղվել սրանով, երբ սկսեցինք ԱԲ և ԱԲ գործարանների գաղափարը, NVIDIA-ն այսօրվա չափի մի փոքր մասն էր։ Մարդկանց մեծ մասը երբեք չէր լսել NVIDIA-ի մասին։ Դուք, հավանաբար, չէիք լսել։ Բայց կարող էինք պատկերացնել, որ ապագայում, եթե սա կառուցենք, մեր ինժեներներն ու հետազոտողները կունենան այնպիսի առավելություն և այնքան առաջ կլինեն մնացած բոլորից։ Այն, ինչ կկառուցենք, այնքան հզոր կլինի, և մենք այնպիսի առավելություն կունենանք, որ կկարողանանք պահպանել դա։ Եվ այժմ NVIDIA-ն վայելում է դա։ Մենք ցանկանում ենք նույն առավելությունը տալ Հայաստանին։

-Այս թեմային ավելի ուշ կվերադառնանք։ Այս նախագիծը շատ հետաքրքիր է հնչում, բայց նաև մի փոքր խորհրդավոր է։ Ես սիրում եմ օգտագործել այս մեթոդը ԱԲ չաթբոտերի հետ խոսելիս։ Ես նրանց խնդրում եմ բացատրել պնդումը կամ տերմինը այնպես, որ նույնիսկ 10 տարեկան երեխան հասկանա։ Կարո՞ղ եք բացատրել, թե ի՞նչ է ԱԲ գործարանը և ինչպե՞ս է այն աշխատելու, այնպես, որ 10 տարեկան երեխան հասկանա։

Ռև ԼեբարեդեանԴա մի տեսակ զվարճալի տերմին է, այնպես չէ՞։ Գործարա՞ն։ Դուք հարցնում եք, թե ինչու է այդպես։ Գուցե հենց դա է խորհրդավորը։ Ինչպե՞ս է սա գործարան։ Որովհետև խոսքը մի շարք համակարգիչների մասին է, և մարդիկ համակարգիչներն ու գործարանները նույն կերպ չեն ընկալում։ Բայց մի պահ հետ նայենք և մտածենք, թե ինչ է գործարանը, ինչ է անում գործարանը։ Գործարանը մեքենա է, որտեղ դուք երկու բան եք ներդնում՝ էներգիա և հումք։ Ավտոմեքենաներ արտադրող գործարանի դեպքում դուք ունեք էներգիա և հումք՝ պողպատ, պլաստմասսա, ինչ-որ ֆիզիկական բաներ։ Այնուհետև դուք այդ էներգիան օգտագործում եք՝ ամբողջ հումքը վերամշակված արտադրանքի վերածելու համար։ Ստացվում է՝ մեքենան և այդ վերամշակված արտադրանքը շատ ավելի արժեքավոր են, քան ներդրված բաղադրիչների գումարային արժեքը։ Այսպիսով, սա է հիմնականում գործարանը։ Դուք վերցնում եք հումք, միացնում եք այն էներգիայի հետ, որոշ փոփոխություններ եք կատարում, և ստացվում է ավելի մեծ արժեք ունեցող մի բան։

Այն, ինչի մասին խոսում ենք՝ ԱԲ գործարան կառուցելը, կարող է շփոթվել մեկ այլ տերմինի՝ տվյալների կենտրոնների հետ (data centers)։ Մենք հաճախ դրանք օգտագործում ենք իրար փոխարինելով, բայց դրանք իրականում շատ տարբեր են։ Բոլոր տվյալների կենտրոնները, որոնք կառուցվել են վերջին տասնամյակների ընթացքում, բոլորովին այլ բան են։ Դրանք նպատակ չունեն արտադրելու մի բան, որն ավելի արժեքավոր է, քան այն, ինչ ներդրել են։ Դրանք նախատեսված են տվյալները տեղափոխելու և պահելու համար, ինչը արժեքավոր է, բայց դա մի բան չէ, որը պետք է շարունակաբար զարգացնել։ Իրականում, ճիշտ հակառակը։ Ձեռնարկություններն ու կազմակերպություններն ունեն ՏՏ բաժիններ։ ՏՏ բաժինները միշտ փորձում են փոքրացնել իրենց տվյալների կենտրոնները, ավելի քիչ գումար ծախսել և ավելի քիչ ներդրում կատարել այնտեղ։ Ամբողջ նպատակը ներդրումները նվազագույնի հասցնելն է։ Բայց երբ դուք գործարանային բիզնեսի մեջ եք, դուք զբաղվում եք ավելի մեծ արժեք ունեցող բան արտադրելով, հակառակն եք ուզում։ Դուք ցանկանում եք դրանք ավելի մեծացնել, ավելի արդյունավետ դարձնել և ցանկանում եք ավելին անել, քանի որ վերցնում եք ավելի քիչ արժեք ունեցող բաներ և արտադրում ավելի մեծ արժեք ունեցող բան։

Այսպիսով, ինչու՞ է սա գործարան։ Դե, եթե նայենք դրան նույն նկարագրությամբ, որը ես օգտագործեցի գործարանի համար, դուք որպես մուտքային տվյալ վերցնում եք էներգիա։ Դա պարզ է։ Մենք դա անում ենք ԱԲ գործարանի հետ։ Եվ մենք նաև հումք ենք տանում այս գործարան, որը չմշակված տեղեկություն է։ Դրանք զրոներ և մեկեր են, որոնք կոդավորում են տեղեկատվություն և գիտելիք, բայց հում գիտելիք։ Եվ այս չմշակված տեղեկությունը վերածում ենք գիտելիքի։ Դրա արդյունքը ոլորտում անվանում ենք «թոքեններ» (tokens)։ Թոքենները գիտելիքի կոդավորումներն են։ Դրանք պարզապես թվեր են, բայց շատ ավելի արժեքավոր են, քանի որ դրանք վերամշակված բանականություն են։ Դա շատ ավելի արժեքավոր է, քան մուտքային տվյալները։ Եվ ի՞նչ է տեղի ունենում աշխարհում։ Բանականությունը շատ արժեքավոր է, թերևս ամենաարժեքավոր բանը, որը կարող եք արտադրել աշխարհում։ Եթե դուք ունեք մեքենա, որը կարող է նման բան արտադրել, ապա կուզենաք հնարավորինս շատ արտադրել։ Մենք տեսնում ենք, որ աշխարհը մրցավազքի մեջ է՝ ամենուր ԱԲ գործարաններ կառուցելու համար, և NVIDIA-ն դարձել է աշխարհի խոշորագույն ընկերությունը, քանի որ տրամադրում ենք ԱԲ գործարաններ կառուցելու հիմնարար գործիքները։ Այժմ Հայաստանը հնարավորություն է ստանում մասնակցելու դրան։

Ռազմիգ ՀովակիմյանԱյո, սա իրականում գաղափարների գործարան է, այնպես չէ՞։ Դա գաղափարների և գիտելիքի գործարան է՝ մարդկանց և մեքենաներին միավորելու, մարդկությունն առաջ մղելու նպատակով։ Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ վերցնեք այդ գիտելիքը։ Մաթեմատիկայի սիրահար 10-ամյա երեխաները կարող են մտածել՝ 1+1=10, ինչը տրամաբանորեն իմաստ չունի։ Այդ մակարդակի հաշվողական հզորությամբ և բոլոր ներդրված տվյալներով կարող եք ստեղծել բոլորովին նոր բաներ տեխնոլոգիան առաջ մղելու համար։ Եվ մենք ուզում ենք, որ դրա կենտրոնը լինի այստեղ։

Ալեքսանդր ԵսայանԿարծում եմ՝ մյուս կարևոր բաղադրիչը վերաբերում է հենց Հայաստանին... այսինքն, սա ընդհանուր հարց է, բայց ինչո՞ւ Հայաստանը։ Մենք հենց հիմա էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք։ Սրա մի բաղադրիչն էլ այն է, որ ըստ էության, այդ ավելցուկային էներգիան մենք այս գործարանի միջոցով վերածում ենք թոքենների, այն, ինչ Ռևը հենց նոր նկարագրեց, այսինքն՝ արդյունքի, բանականության։ Եվ այդ բանականությունը մենք կարող ենք համացանցի կամ կապի միջոցով տեղափոխել աշխարհի ցանկացած կետ։ Եթե մենք այսօր ունենք էներգիայի ավելցուկ, ի՞նչ ենք անում այդ ավելցուկի հետ, մենք չենք կարող այն դրամայնացնել, այսինքն՝ այն, ըստ էության, կորչում է։ Հիմա այս լուծմամբ, եթե ունենք ավելցուկային հզորություն, այն վերածում ենք թոքենների և վաճառում ենք, օրինակ՝ Ճապոնիային, ԱՄՆ-ին, ում ցանկանանք։

Ռազմիգ ՀովակիմյանՀայաստանում նաև մեծ մտավոր կապիտալ կա։ Կան անհավանական ուղեղներ, անհավանական համալսարաններ, և այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Այնպես որ, սա իրականում հիանալի վայր է այս ներուժն աշխարհի մյուս մասեր տանելու համար։ Բայց, միևնույն ժամանակ, մենք հայ ենք, ինչպես ասում էի, մեզ համար կարևոր է անել մի բան, որը կարևոր է և մեծ։ Սա է այդ նախագիծը։ Մենք բախտավոր ենք, որ ունենք Ռև, բախտավոր ենք, որ ունենք Ալիկ, և վեց ամիս առաջ Նուբարի հետ մեր բոլոր գաղափարները ինչ-որ կերպ համընկան, թեև մենք դրան նայում էինք տարբեր տեսանկյուններից։ Օդանավակայան գնալու 10 տարբեր ճանապարհ կա։

Ռև ԼեբարեդեանԵվ, բարեբախտաբար, մենք ունենք Կառավարության աջակցությունը։ Արագության գաղափարը տեխնոլոգիական ոլորտում ամենակարևոր, հիմնական գործիքն է, որն օգտագործում եք մյուսների նկատմամբ առավելություն ունենալու համար։ Առանց դրա կկործանվեք։ Եթե չեք կարող արագ շարժվել, ձեր գործն ավարտված է։ Սա է անընդհատ տեղի ունենում։ Ռազմիկը գիտի սա։ 

Սա հատկապես կարևոր է այս պահին, որովհետև այն, ինչ տեղի է ունենում այստեղ, այն, ինչ ես հենց նոր նկարագրեցի ԱԲ գործարանների այս գաղափարով, սա նոր արդյունաբերական հեղափոխության սկիզբն է։ Երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը սկսվեց այս հրաշք տեխնոլոգիայի՝ էլեկտրաէներգիայի ներդրմամբ։ Մենք սովորեցինք էլեկտրաէներգիա արտադրել և բաշխել։ Եվ երբ այն հայտնագործվեց, մարդիկ լիովին չէին հասկանում՝ ինչ է դա նշանակում։ Կարո՞ղ եք պատկերացնել, 100 տարի առաջ մարդիկ ասում էին՝ «ես պատրաստվում եմ վճարել մի կիլովատտ-ժամ այս բանի համար, որը չեմ կարող տեսնել»։ Ի՞նչ է դա նշանակում։ Նույն կերպ ես հենց նոր խոսում էի թոքենների մասին։ Նրանք լիովին չէին կարողանում հասկանալ դա։ Բայց քանի որ կար լամպը, մարդիկ կարող էին հասկանալ, որ սա իրենց արժեք է տալիս։ Ես կարող եմ լուսավորել իմ քաղաքը։ Ես կարող եմ լուսավորել իմ գործարանները։ Մարդիկ կարող են ավելի երկար աշխատել։ Մարդիկ կարող են ավելի ազատ ապրել և գործել։ Դա բավականաչափ արժեքավոր էր։ Մենք սկսեցինք էլեկտրական ենթակառուցվածքներ կառուցել, դա ամենուր միանգամից չսկսվեց։ Այն նախ սկսվեց որոշակի վայրերում։ Այն սկսվեց Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքում, և առաջին գեներատորները, առաջին էլեկտրական ցանցերը հապճեպ էին հավաքված, բայց ի վերջո այն վերածվեց արդյունաբերության, և՛ այդ ժամանակաշրջանի, և՛ դրանից հետո տասնամյակներ շարունակ խոշորագույն ընկերությունները, ըստ էության, այն ընկերություններն էին, որոնք ձևավորեցին աշխարհի էլեկտրական ենթակառուցվածքը։ General Electric, Westinghouse, այս ընկերությունները շարունակեցին գոյատևել հավերժ։

Եվ այժմ նոր արդյունաբերական հեղափոխության մեջ ենք, և նոր տեխնոլոգիան իրականում նման է հնին նրանով, որ այն, ինչ վաճառում ենք, խորհրդավոր բան է, որը մարդիկ չեն հասկանում՝ թոքեններ,  բայց կարող ենք հասկանալ, որ սա մեծ արժեք է ունենալու։Այսօր ակնկալում ենք, որ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում ենք գտնվում, կա էներգետիկ ենթակառուցվածք, կա էլեկտրաէներգիա, կա էլեկտրական ցանց, կա էլեկտրաէներգիայի արտադրություն, և դա շատ-շատ կարևոր է։ Բոլորը պետք է դա ունենան։ Նույնը ճիշտ կլինի բանականության ենթակառուցվածքի՝ ԱԲ-ի համար։ Բոլորը պատրաստվում են ունենալ դրանք։ Ամենուր կլինեն ԱԲ գործարաններ, և կլինեն բանականության բաշխման համակարգեր։ Բայց այն, ինչ հիանալի է մեզ համար այստեղ՝ Հայաստանում, հենց հիմա, այն է, որ մենք հնարավորություն ենք ստանում լինելու այս ոլորտի առաջին խաղացողներից մեկը։ Մենք հնարավորություն ենք ստանում սովորելու, թե ինչպես կառուցել ԱԲ գործարաններ։ Մենք հնարավորություն ենք ստանում սովորելու, թե ինչպես շահագործել ԱԲ գործարաններ և մասնակցել այս նոր ձևավորվող արդյունաբերությանը։ Ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ չկար էլեկտրաէներգիայի արդյունաբերություն, այն ձևավորվեց և դարձավ հսկայական։ Հիմա այս բանականության արդյունաբերությունն է ձևավորվում, և մենք հնարավորություն ենք ստանում վաղ միանալ դրան և առավելություն ունենալ նրանց նկատմամբ, ովքեր դեռ չեն անում դա։ 

-Ինչպե՞ս են տեղի համալսարանները և հետազոտողները, ստարտափները, օգտագործելու այս հզորությունը, որը կարող է տալ ԱԲ գործարանը։

Ալեքսանդր ԵսայանՄենք արդեն սկսել ենք մտածել այս մասին, հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի առաջատար համալսարանների ռեկտորներից մի քանիսի հետ, ներկայացրել ենք գաղափարը։ Սրա մի մեծ մասը բիզնես բաղադրիչն է, որի մասին խոսեցինք․ մենք վերափոխում ենք էներգիան, վաճառում ենք այդ թոքենները, և դրանից շահում է տնտեսությունը։ Բայց մյուս մեծ բաղադրիչը հետազոտությունն է, և այն, ինչ Ռևն էր նկարագրում, որ մենք կարող ենք առաջ լինել։ Այս ԱԲ գործարանն ունենալով՝ կարող ենք այնտեղ հետազոտություններ կատարել։ Սա ճիշտ նույն NVIDIA-ի օրինակն է․ նրանք վաղ սկսեցին, հիմա առաջ են իրենց մրցակիցներից։ Կարծում եմ՝ հիմա հարյուրավոր գաղափարներ կան, քանի որ այս արդյունաբերությունը, ինչպես Ռևն ասաց, նոր է ձևավորվում։ Այնպես որ, կարող են լինել բազմաթիվ ուղղություններ, որտեղ մենք կարող ենք առաջ անցնել մյուսներից։ Մեր կազմակերպած հանդիպման նպատակը, առաջին հերթին, կարևորությունը փոխանցելն էր, թե որքան կարևոր է, որ համալսարաններում մեծ ուշադրություն դարձնեն սրան։ Երկրորդ՝ ինչպես կարող է Firebird-ը օգնել նրանց հասանելիություն ունենալ այս հաշվողական հզորությանը, որի պակասը կամ սահմանափակ հասանելիությունն ունեն նույնիսկ աշխարհի լավագույն համալսարանները։ Նույնիսկ մեծ երկրները, որոնք ունեն Հայաստանից շատ-շատ ավելի մեծ բյուջեներ և ՀՆԱ, ինչպես նշեցի, չունեն նման մակարդակի հասանելիություն հաշվողական հզորությանը։

Ռև ԼեբարեդեանԱյն հիմնական գործիքը, որն անհրաժեշտ է այս հետազոտությունն անելու համար, համակարգչային գիտությունն առաջ մղելու համար, ԱԲ գերհամակարգիչն է։ Եվ իրականում ճգնաժամ է առաջացել աշխարհի համալսարաններում, նույնիսկ ԱՄՆ-ի լավագույն համալսարաններում։ Խոսքը համակարգչային գիտության լավագույն համալսարանների՝ Սթենֆորդի (որտեղից Ռազմիկն է),  MIT-ի, բոլորի մասին է։ Համալսարանների կառուցվածքն այնպիսին է, որ նույնիսկ ա մենահարուստները չունեն ԱԲ գերհամակարգիչ կառուցելու կարողություն։ Ճգնաժամը հանգեցրել է այս տարօրինակ իրավիճակին, որտեղ համակարգչային գիտության ամենաառաջադեմ հետազոտություններն այլևս տեղի չեն ունենում համալսարանների ներսում։

Բոլոր այդ ասպիրանտները, պրոֆեսորները գալիս են աշխատելու այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են  NVIDIA-ն, Google-ը կամ Meta-ն, որպեսզի հասանելիություն ստանան իրենց հետազոտությունների համար անհրաժեշտ հիմնական գործիքներին։ Իմ թիմում լավագույն համալսարանների պրոֆեսորներ են, ովքեր աշխատում են ինձ համար, քանի որ իրենք չեն կարող բավարար հաշվողական հզորություն ստանալ իրենց աշխատանքը կատարելու համար։ Այսպիսով, գործարանը Հայաստանում ունենալով՝ հայերը կունենան մի առավելություն, որը նույնիսկ Միացյալ Նահանգների հետազոտողները չունեն։ Մենք կարող ենք սա օգտագործել որպես միջոց՝ աշխարհի լավագույն հետազոտողներին, համակարգչային գիտության առաջատար ուղեղներին հրավիրելու այստեղ՝ իրենց հետազոտությունները կատարելու։ Կարող ենք սովորել նրանցից, բարձրացնել մեր համալսարանների, մեր հետազոտողների և ուսանողների մակարդակը՝ նրանց այստեղ բերելով և աշխարհի լավագույն հետազոտությունները Հայաստանում անցկացնելով՝ սկսելով կառուցել Հայաստանի բրենդը՝ որպես մի վայր, որը համակարգչային գիտության առաջնագծում է։ 

Ռազմիգ Հովակիմյան —  Ավելացնեմ՝ արդեն սկսել ենք բանակցություններ MIT-ի, Հարվարդի, Ստենֆորդի, Բերքլիի հետ, անձամբ մենք զրույցներ ենք ունեցել։ Ի վերջո, մենք ցանկանում ենք հետազոտողներին, ուսանողներին, ստարտափներին այստեղ տալ գոնե ավելի մեծ երազելու հնարավորություն։ 

Ես անձամբ ներդրումներ եմ արել մոտ 10-15 հայկական ստարտափներում՝ Երևանի պետական համալսարանից մինչև մաթեմատիկայի օլիմպիադայի հաղթողներ։ Այստեղ կան անհավանական ուղեղներ։ Եվ վերջին 10 տարում ես տեսել եմ, թե ինչպես են այս ստարտափները աճում։ Մենք ցանկանում ենք ոչ միայն նրանց աճի հիմք տալ, այլ նաև կապեր, գիտելիք, հնարավորություն կապվելու Սիլիկոնային հովտի հետ։ Այդ ամենը կարևոր է։

Մենք ցանկանում ենք ստեղծել այդ հնարավորությունը Հայաստանի համար։ Այսինքն՝ ոչ միայն տալ հաշվողական հզորություն, այլ նաև ուղղորդել։ 

Դա իսկապես կարևոր է։ Հաշվողական հզորությունը կատալիզատոր է։ Դա այն բանն է, այն սերմը, ինչից սկսվում է ամեն ինչ։ Բայց մենք կհամալրենք այն այլ ռեսուրսներով և հատկություններով, որոնք անհրաժեշտ են հաջողելու ու աճելու համար։ Առանց այս կտորի, մնացածը չի աշխատի։ 

Կարծում եմ՝ մենք խոսում ենք այն ոլորտների մասին, որտեղ մենք ուժեղ ենք։ Մենք կարող ենք սա պատկերացնել ռոբոտաշինության մեջ։ Մենք կարող ենք սա պատկերացնել տիեզերքում։ Մենք աջակցել ենք Starlink-ն այստեղ բերելուն՝ ենթակառուցվածք կառուցելու համար։ Նուբարի հետ կարող ենք սա կիրառել կենսագիտության մեջ։ Կա անհավանական տաղանդ, եթե որոշենք խորանալ և մտավոր սեփականություն ստեղծել այս ոլորտներում, կարծում եմ, պիտի կենտրոնանանք երեք բնական ոլորտների վրա։ Բայց դա սկսվում է զրոյից՝ Firebird 1-ից։ 

-Կա՞ հաստատված վայր՝ որտեղ է լինելու ԱԲ գործարանը։ 

Ռև ԼեբարեդեանՄիակ չափանիշը, որը մենք պետք է հաշվի առնենք՝ որոշելու, թե որտեղ պետք է լինի, այն է՝ որտեղ մենք կարող ենք դա անել ամենաարագը։ Մենք խոսում էինք այս մասին ավելի վաղ։ Արագությունը կարևոր է։ Ամենակարևոր բանը, որ մենք կարող ենք անել, ամենակարևոր բանը, որ պետք է արվի, այն է, որ այն կառուցվի։ Եվ որքան արագ դա անենք, այնքան արագ կարող ենք ցույց տալ աշխարհին, որ Հայաստանն ի վիճակի է նման մեծ բան անելու։ Երբ կառուցենք առաջինը, ապա կարող ենք շատ ավելին անել։ Մենք կարող ենք ավելի շատ ներդրումներ ստանալ։ Մենք կարող ենք դա ստանալ, կարող ենք ստանալ ամբողջ աշխարհին ասելու՝ դա հնարավոր է անել այստեղ։ Մարդիկ ի վիճակի են դա անել, և մենք կարող ենք ավելին ու ավելին կառուցել։ Պարտադիր չէ, որ սա լինի վերջինը։ Իրականում, կամ մենք ոչ մի հատ չենք կառուցում, կամ շատ-շատ ենք կառուցում։ Մենք պարզապես մեկը չենք կառուցի։ Դա անիմաստ է, քանի որ դա գործարան է, և գործարանները արտադրում են արժեքավոր բաներ։ Եթե մենք արտադրում ենք արժեքավոր բաներ, մենք ցանկանում ենք ավելին ու ավելին կառուցել։ Մենք շատ ավելին կկառուցենք։ Մենք չպետք է կախվենք նրանից, թե որտեղ է գտնվելու առաջին գործարաը։ Նախ՝ իրականում կարևոր չէ, թե որտեղ է այն ֆիզիկապես։ Մարդկանց մեծ մասը, որ կօգտագործի այն, հեռավար է աշխատելու։ Անհրաժեշտություն չկա լինել այստեղ։ Դա նման է ասելուն՝ ես ուզում եմ միջուկային ռեակտորի կողքին լինել։ Պետք չէ, որ այն լինի հենց ձեր կողքին։ Այն պիտի հեռու լինի քաղաքներից և նորմալ վայրերից։ Դա գործարան է։ Չենք ցանկանում գործարաններ հիմնել նորմալ վայրում։ Կան ավելի արժեքավոր բաներ, որոնք կարող են լինել քաղաքի կենտրոնում։ Պետք չէ անհանգստանալ, թե որտեղ է լինելու առաջինը։ Մենք պետք է հաշվի առնենք միայն այն չափանիշը, թե որտեղ կարող ենք դա անել ամենաարագը։ Եվ մենք պետք է արագ ընտրենք, որովհետև մենք մրցում ենք սա կառուցելու համար։ Ալիկը ցանկանում է այն ավարտել մինչև տարեվերջ։ Այո։ Այո, կարծում եմ, յուրաքանչյուրս ցանկանում է դա անել հնարավորինս շուտ։

-Որքա՞ն հողատարածք է անհրաժեշտ այն կառուցելու համար։ 

Ալեքսանդր ԵսայանԻրականում, սրանք շատ խիտ համակարգիչներ են։ Համեմատելով ավանդական տվյալների կենտրոնների հետ, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ՝ մեկ ռեքը սպառում է մոտ չորսից վեց կիլովատտ, որոշ դեպքերում՝ գուցե ութ կիլովատտ էներգիա ավանդական տվյալների կենտրոնների դեպքում։ ԱԲ գործարանի համար նույն չափի ռեքը սպառում է 140 կիլովատտ էներգիայի հզորություն։ Դա շատ խիտ գերհամակարգիչ է։ Փոքր տարածքում ունենք հաշվողական հզորության հսկայական ուժ։ Ահա թե ինչու տարածքային պահանջը, ինչ վերաբերում է նման ԱԲ գործարաններին, մեծ չէ։ 5000 GPU-ների համար, որոնք մենք կառուցում ենք, պահանջվող տեղը մոտ 1500 քառակուսի մետր է, իսկ դրսի հարմարությունները կարող են զբաղեցնել ևս 3-4 հազար քառակուսի մետր, բայց գործարանն ինքնին 1500 քմ է, այսինքն, դա հիմնականում մեծ բան չէ այդ տեսանկյունից։ Ինչ վերաբերում է դրա սպառած էներգիայի քանակին, ապա այն կազմում է 20 մեգավատ։ 1500 քառակուսի մետրում կարող եք ունենալ 20 մեգավատ հզորությամբ ԱԲ գործարան՝ 5000 GPU-ներով։ 

Կարծում եմ՝ մենք կարող ենք դա անել մինչև դեկտեմբեր։

-Մեր ընթերցողները մտահոգված են, որ այս տեսակի համակարգերը ավելի շատ ջուր են պահանջում, քան կարելի է պատկերացնել։ Ես հիշում եմ Կալիֆոռնիայի համալսարանի ուսումնասիրությունը, որը պարզել է, որ ChatGPT-ն մեկ լիտր ջուր է «խմում» յուրաքանչյուր 50-100 հարցումից հետո։ Ի՞նչ կասեք ջրի սպառման մասին։ 

Ռև ԼեբարեդեանՆախ, ես վստահ չեմ, որ դա ճիշտ է։ Եթե դա ճիշտ լիներ, մենք վաղուց ջրի ամբողջ պաշարը սպառած կլինեինք։ Վերջին անգամ, երբ ստուգեցի, ChatGPT-ն ուներ միլիարդավոր օգտատերեր կամ մոտ այդքան, և ամեն օր կատարվող հարցումների քանակը․․․ Եթե այն այդքան ջուր սպառեր, հիմա Երկրի վրա ջուր մնացած չէր լինի։ Չեմ կարծում, որ դա ճիշտ պնդում է։

Ալեքսանդր ԵսայանԱյո, կարծում եմ՝ ապատեղեկատվությունը շատ է։ Տվյալների կենտրոնը, որ մենք կառուցում ենք, փակ կամ ցիկլային ջային համակարգ ունի, այսինքն՝ մենք հիմնականում ջուր չենք օգտագործում։ Վերցնում ենք մեկ անգամ, այսինքն՝ այն ցիկլային է, ջրի օգտագործում հիմնականում չկա այդ տեսանկյունից։ 

Ռև ԼեբարեդեանՋուրն օգտագործվում է սառեցման համար։ Այն ջերմությունը համակարգիչներից փոխանցում է ինչ-որ սառեցնող սարքի, որը սառեցնում է այն, իսկ հետո ջուրը նորից հետ է լցնում։ Դա փակ օղակ է, որտեղ նոր ջուր չի մտնում։ Գուցե ճիշտ է, եթե շրջապտույտը հաշվես ամեն անգամ, դա նույն ջուրն է, լրացուցիչ ջուր չես վերցնում։ Այդ մեկ լիտրը նոր ջուր չէ։ 

Ռազմիգ Հովակիմյան —  Մեր տեսլականը, ի վերջո, դա կայուն դարձնելն է, չեզոք, հնարավոր է նույնիսկ դրական շրջակա միջավայրի համար։ Միջուկային էներգիան մաքուր էներգիա է, մենք ունենք այլ առատ աղբյուրներ, մենք բախտավոր ենք, որ այստեղ ունենք հիդրոէներգիա, արևային էներգիա, կան մաքուր էներգիայի այդքան շատ աղբյուրներ, և անկախ նրանից, թե ինչ հետք կթողնենք որպես գործարան, հնարավոր է կրկնօրինակել դա այլ վայրերում և այլ զարգացող շուկաներում։ Դա կլինի կայունությանն ուղղված, բայց ջրի հարցի վերաբերյալ, ես համաձայն եմ, որ անհրաժեշտ կլինի շրջանառվող ջուր սառեցման համար, կլինեն ջրատար աշտարակներ, և գետերի մոտ և ճիշտ վայրում լինելը, կարծում եմ, մեզ համար նույնպես կարևոր է, բայց մենք հասկանում ենք մտահոգությունները, և դա իրականում կարևոր հարց է, որ դուք տալիս եք, այսպիսով, այն պետք է լինի առաջնային, բայց կայուն լինելը մեզ համար շատ կարևոր է։ Եվ դա բոլոր գործոնների տեսլականն է առաջիկայում։ Այո, մենք կարող ենք հաստատ ասել, որ այն կլինի և կայուն է։

-Խոսենք Հայաստանի կառավարության հետ համագործակցության մասին։ Ի՞նչով կնպաստեն նրանք այս նախագծին և ի՞նչ կստանան դրանից։

Ռև ԼեբարեդեանՆրանք արդեն մեծ ներդրում են կատարել, ես պատմեցի, թե որտեղից է այն սկսվել։ Առանց վարչապետի ներգրավվածության, նվիրվածության և ուշադրության, սա տեղի չէր ունենա հենց սկզբից։ Առանց Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության աջակցության, այժմ Մխիթարի աջակցության, սա տեղի չէր ունենա։ Մեզ պետք է կառավարության մասնակցությունը։ Նրանք պետք է սա օգտագործեն որպես ռեսուրս՝ օգնելու ներգրավել ներդրումներ, ինչպես նաև առավելություն տալու հայկական ընկերություններին։ Նրանք կարող են պարզապես օգնել մեզ արագ շարժվել, ճանապարհ հարթել, ճանապարհ բացել մեզ համար՝ դա հնարավորինս արագ անելու համար։ Եթե կառավարությունը որոշում է, որ ինչ-որ բան կարևոր է ազգի համար, միշտ կան եղանակներ ավելի արագ շարժվելու համար։ 

Ռազմիգ Հովակիմյան —  Ես կառավարությանը երեք խնդրանք ունեմ՝ արագություն, արագություն, արագություն։ 

Դա այնքան մեծ նախագիծ է, որ հնարավոր չէ անել միայնակ։ 

-Ո՞րն է ամենամեծ ռիսկը, որ յուրաքանչյուրդ տեսնում եք այս նախագծում։

Մենք անուղղակիորեն պատասխանեցինք դրան։ Դանդաղ լինելը։ Թիմը իրականում շատ ուժեղ է և էլ ավելի է ուժեղանում։

Ավելացնեմ, որ մենք նաև հսկայական աջակցություն ունենք NVIDIA-ից։ Ես կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Ռևին, նախ և առաջ, այս գաղափարը Հայաստան բերելու համար, 2019 թվականից, և շարունակելու առաջ մղել սա, մինչև որ դա տեղի ունեցավ։ Նա չի հանձնվում։ Շնորհակալություն Ջենսենին և թիմին, ամբողջ թիմին, NVIDIA-ին, որի հետ մենք հիմա հիմնականում ամեն օր քննարկում ենք բարձր մակարդակից մինչև ինժեներներ, ովքեր հսկայական ուշադրություն են դարձնում Հայաստանին և այս նախագծին։ Եվ դա մեզ վստահություն է տալիս, որ մենք կկարողանանք անել։ 

Քանի որ այս տեսակի ԱԲ գործարաններ ոչ ոք չի կառուցել մեր տարածաշրջանում, այնպես չէ, որ մենք կարող ենք գտնել մեկին, ով կարող է գալ այստեղ և օգնել մեզ, այսպիսով, դա շատ յուրահատուկ գիտելիք է, շատ յուրահատուկ գիտելիք։

Սա կարող է վախեցնող թվալ, քանի որ մենք մտածում ենք՝ որտեղից իմանանք, թե ինչպես կառուցել։ Ճշմարտությունն այն է, որ աշխարհում գրեթե ոչ ոք չգիտի, թե ինչպես։ Մենք հավասար ենք աշխարհում բոլորի հետ։ Բոլորը փորձում են հասկանալ սա հիմա։ Մենք կարող ենք սովորել։ Մենք սիրում ենք դժվար խնդիրներ։ Եթե դա հեշտ է, ինչու՞ անել։

Մեկնաբանություններ (1)

John
Is this a high school interview? Maybe it's a PR piece for these AI guys and their companies. What it isn't is a critical interview. The interviewer rarely pushes back on the rosy predictions made by these three AI proponents. Who is going to pay for the huge amounts of electricity needed to implement this? Many lawmakers in the U.S. and elsewhere have sounded the alarm that the costs will be passed on to the average consumer. AI data centers, while crucial for advancements in artificial intelligence and other digital services, come with several potential downsides, primarily concerning energy consumption, environmental impact, water usage, and community concerns. Hetq should investigate further and provide a more balanced interview on this project. Bring in some people who take a more critical approach!!! The title should have read: "$500 Million for an AI Factory: What Armenia Stands to Gain and Lose"

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter