HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյուզաննա Օհանյան

Պաշտպանված սրտի Երևան. ինչպես կարող ես դու կյանք փրկել

Վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2025 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում գրանցված մահերի 52%-ը պայմանավորված է եղել սրտանոթային հիվանդություններով։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սրտի կանգի դեպքերի 75%-ը տեղի է ունենում բժշկական հաստատություններից դուրս, և հաջողվում է փրկել միայն 5%-ի կյանքը»,- նշում է «Պաշտպանված սրտի քաղաք» ծրագրի ղեկավար Անի Դավթյանը։

«ՀԵՆԱՐ» բարեգործական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի, Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների հետ համատեղ նախաձեռնել է այս ծրագիրը՝ նպատակ ունենալով Երևանում նվազեցնել արտահիվանդանոցային սրտի կանգի դեպքերում մահերի թիվը։

Սրտի կանգի դեպքում ողջ մնալու համար սիրտ-թոքային վերակենդանացումը և դեֆիբրիլացիայի իրականացումը կարևոր նշանակություն ունեն։

Դեֆիբրիլիացիան սրտին տրվող էլեկտրական ցնցում է, որը օգնում է սիրտը վերագործարկել, երբ այն կանգ է առնում կամ սկսում է անկանոն աշխատել։ Այդ ցնցման շնորհիվ սիրտը կարող է վերադառնալ իր բնական ռիթմին։

Երևանի Փոքր Կենտրոնում յուրաքանչյուր 300 մետր հեռավորության վրա «Պաշտպանված սրտի քաղաք» ծրագրի շրջանակում արդեն տեղադրվել են 29 ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ։ Մինչև տարեվերջ կտեղադրվի ևս 15-ը։

Քարտեզում կանաչով նշված են տեղադրված սարքերի հասցեները, կարմիրով՝ հետագայում տեղադրվելիք սարքերինը։

Ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորը (ԱԱԴ) շարժական սարք է, որը ստուգում է սրտի ռիթմը և կարող է էլեկտրական ցնցում ուղարկել սրտին՝ փորձելով վերականգնել սրտի աշխատանքը։ Սարքի օգտագործումն անվտանգ է, քանի որ այն վերլուծում է սրտի ռիթմը և չի աշխատի, քանի դեռ չի հայտնաբերել կյանքին սպառնացող առիթմիա:

Եթե սրտի կանգի դեպքում առաջին օգնություն ցուցաբերվի 5 րոպեների ընթացքում, մարդու ողջ մնալու հավանականությունը կմեծանա։ Բայց հաճախ անհնար է լինում կազմակերպել շտապօգնության բրիգադի ժամանումը այդքան կարճ ժամանակահատվածում։

«Դեֆիբրիլյատորների տեղադրումը ծրագրի առաջին կոմպոնենտն է, հաջորդիվ մենք ակտիվորեն ներգրավում ենք կամավորների, որոնք կկարողանան օգտվել դեֆիբրիլյատորներից։ Բժշկական համալսարանի և «Faster First Aid» կազմակերպության հետ իրականացնում ենք դասընթացներ բոլոր ցանկացողների համար և տրամադրում ենք համապատասխան սերտիֆիկատներ, որից հետո կամավորները գրանցվում են մեր հավելվածում»,- պատմում է ծրագրի ղեկավար Անի Դավթյանը։ 

Խոսքը «GoodSAM» բջջային հավելվածի մասին է, որով համակարգվում է կամավորների աշխատանքը։ Երբ տեղի է ունենում միջադեպ, և կան սրտի կանգի նախանշաններ, շտապօգնության դիսպետչերը հավելվածի միջոցով ազդանշան է ուղարկում ամենամոտ գտնվող կամավորներին, որոնք կարող են արագ արձագանքել և ցուցաբերել առաջին բուժօգնությունը նախքան շտապօգնության բրիգադի ժամանումը: Կամավորները հավելվածի միջոցով ստանում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները և կիրառում են վերակենդանացման սարքավորումները:

«Պարտադիր չէ, որ կամավորներն ունենան բժշկական կրթություն, բոլոր 18 տարեկանից բարձր անձինք կարող են մասնակցել դասընթացներին և ներգրավվել ծրագրին։ Տեղադրված սարքերը «Philips» ապրանքանիշի գերզգայուն սարքեր են, և կամավորը դրանով չի կարող վնասել տուժածին։ Եթե քաղաքացու մոտ սրտի հետ կապված խնդիր չէ, սարքը տեղադրելու ժամանակ այն չի աշխատի։ Հետևաբար, այստեղ պահպանված է նաև «մի՛ վնասիր» սկզբունքը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ Անահիտ Չարխիֆալաքյանը։

«ՀԵՆԱՐ» հիմնադրամի տվյալներով դասընթացների մասնակցել և հավաստագրվել է ավելի քան 790 կամավոր, որոնցից 695-ն արդեն գրացված են հավելվածում։ 

Կամավորների շարքերը համալրելու համար պետք է գրանցվել https://heartsafe.am/ կայքում՝ սեղմելով «Դարձի՛ր կամավոր, դարձի՛ր հերոս» կոճակին։ «Դարձի՛ր Հերոս» կարգախոսով է ծրագիրը փորձում ներգրավել նոր կամավորների՝ սովորեցնելով մարդկանց, որ հնարավոր է որոշ հմտությունների տիրապետելով փրկել կյանք և դառնալ հերոս։

Ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորի կիրառության անհրաժեշտություն տեղադրումից հետո չի եղել, բայց ծրագրի իրականացնողները վստահ են, որ ԱԱԴ-ների շնորհիվ սրտի կանգի դեպքում ողջ մնալու հնարավորությունը կարող է 5%-ից դառնալ 60%։

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է բարեգործական ծրագրի շրջանակում. «Հենար» հիմնադրամը 151 միլիոն 880 հազար դրամ է հատկացրել ծրագրի իրագործմանը, որի 25.6%-ը՝ 38 միլիոն 880 հազար դրամը ուղղվել է դեֆիբրիլյատորների ձեռքբերմանը։ Այս պահին վերապատրաստումները, սարքերի տեղադրումն ու ընթացիկ սպասարկումն իրականացվում է հիմնադրամի կողմից, բայց 2026 թվականի սեպտեմբերից ծրագիրը կհանձնվի քաղաքապետարանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter