HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ծանուցումները տպագիր մամուլում հրապարակելու պարտադիր պահանջը կհանվի. նախագիծ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է վերացնել ծանուցումները որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում կատարվող հրապարակմամբ։ Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Հիշեցնենք, որ այժմ գործում են մի շարք օրենքներ, որոնք նախատեսում են որոշակի տպաքանակ ունեցող մամուլում տարաբնույթ տեղեկությունների հրապարակման պահանջ։

Ըստ Արդարադատության նախարարության՝ այդ պահանջն արդիական է եղել նախկինում, երբ տպագիր մամուլը հանրության իրազեկման հիմնական միջոցն էր, և այդպիսի նորմերը միտված են եղել հանրության լայն շրջանակների տեղեկատվության հասանելիությունն ապահովելուն՝ հրապարակային ծանուցելուն։ Նոր օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ տպագիր մամուլը կորցրել է իր նախկին տարածումն ու դերակատարումը։ Բացի այդ, տպագիր մամուլում հրապարակման գործընթացը, ըստ նախագծի հիմնավորման, բավականին ծախսատար է։

«Այս ամենը հանգեցնում է հանրության լայն շրջանակների համար տեղեկատվության փաստացի հասանելիության սահմանափակման և լրացուցիչ ծախսերի: Հետևաբար, տպագիր մամուլի հրապարակումները ներկայումս չեն կարող համարվել արդյունավետ կամ հասանելի ձև տեղեկատվության տարածման համար։

Ավելին, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև կայքում: Այսինքն, ցանկացած դեպքում հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ www.azdarar.am-ում տեղեկատվության հրապարակումը պարտադիր է: Այս պայմաններում լիովին բացակայում է տպագիր մամուլում հրապարակային ծանուցման անհրաժեշտությունը:

Իրավական տեղեկատվության կենտրոնացումն ու միասնականացումն azdarar.am պաշտոնական էլեկտրոնային հարթակում կնպաստի նաև իրավական գործընթացների թվայնացմանը և պարզեցմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Արդարադատության նախարարությունը նշում է, որ նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների աճ, քանի որ կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար պետական բյուջե գանձվում է վճար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter