
7 տարում 99 ոստիկան է դատապարտվել հանցագործության համար
Հանցագործությունների դեմ պայքար մղողները երբեմն իրենք են դառնում հանցանք կատարողներ: Ոստիկանության ծառայողների կողմից բնակարանային գողությունները, թմրանյութի ապօրինի շրջանառությունն ու այլ հանցագործություններն աճում են։
2018-2025թթ․ 1-ին կիսամյակի ընթացքում հանցանք կատարելու համար դատապարտվել է Ոստիկանության 99 ծառայող, արդարացվել՝ 3-ը: Նշված ժամանակահատվածում ամենաշատը ոստիկանները դատապարտվել են 2024թ․-ին՝ 21 ծառայող, որից 12-ը եղել են պարեկային ծառայողներ:
Ուշագրավ է, որ պարեկները հայտնվում են տարաբնույթ պատմությունների մեջ՝ մեկ կասկածվում են կանչով մեկնելու ժամանակ քաղաքացու տնից ոսկյա զարդեր գողանալու մեջ, մեկ կատարում են բնակարանային գողություններ: Սակայն, քիչ չեն նաև դեպքերը, երբ կեղծ արձանագրություններ են կազմում:
Դատապարտված ոստիկաններից 44-ը եղել են մարզային ստորաբաժանումների աշխատակիցներ, իսկ 55-ը՝ Երևան քաղաքի:
Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի կրտսեր պարեկը 2023թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 05:15-ից մինչև 05:21-ն ընկած ժամանակահատվածում և 2024թ. հունվարի 15-ին՝ ժամը 06:42-ից մինչև 06:44-ն ընկած ժամանակահատվածում, 2 անձանց վերաբերյալ՝ առանց նրանց մասնակցության, առանց որևէ իրավախախտում կատարելու փաստի, կազմել է 6 արձանագրություն և որոշում՝ դրանք մուտքագրելով փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում: Այսինքն՝ պարեկը 8 րոպեի ընթացքում 6 արձանագրություն է կազմել:
Սակայն, նրա գործընկեր պարեկն ավելի «ճարպիկ» է գտնվել՝ 2 անձի վերաբերյալ 26 կեղծ արձանագրություն է կազմել:
Հակակոռուպցիոն դատարանը 2024թ. մեղադրական դատավճիռ է կայացրել: 6 կեղծ արձանագրություն կազմած պարեկի նկատմամբ դատարանը նշանակել է տուգանք՝ 1 մլն դրամի չափով, իսկ 26 արձանագրություն կազմածի նկատմամբ՝ 3 մլն դրամ տուգանք:
Ուշագրավ է, որ կեղծ արձանագրություն կազմած պարեկներից մեկն այսօր մեղադրվում է բնակարանային գողություն կատարելու մեջ: Գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի՝ իմանալով, որ Գյումրի քաղաքի տնակներից մեկում պահվում են ոսկյա զարդեր և գումար, իսկ տնակի տերը ոչ սթափ վիճակում քնած է, 2025թ. հունվարին՝ ոչ հայտնի օրը՝ երեկոյան ժամի, երկու այլ անձանց հետ պարեկը գնացել է տնակի մոտակայք: Այնտեղ դրել են նախապես վերցված և մեքենայի բեռնախցիկում տեղադրված դիմակները, վերցրել բեռնախցիկում տեղադրված պտուտակահանները և շարժվել են տնակի ուղղությամբ: Հասնելով տնակին՝ շրջանցել են բակային հատվածը, հրելով փորձել են բացել տնակի պատուհանը, սակայն չեն կարողացել, ինչից հետո բակում գտնվող աստիճանի օգտագործմամբ նրանցից երկուսն անցել են հետնամաս, բացել են պատուհանը և ապօրինի մուտք գործելով տնակ՝ գողացել են ընդհանուր 3 մլն 340 հազ. դրամ արժողությամբ ոսկյա շղթա, թանկարժեք քարերով ոսկյա մատանիներ, արծաթյա սպասք, 160.000 դրամ գումար, հրազենի նմանվող առարկա: Դրանից հետո մեկնել են Երևան և վաճառել դրանք, իսկ ստացված գումարը բաշխել են իրար միջև:
Նմանատիպ մեկ այլ դեպք էլ 2023թ.-ին էր ցնցել հանրությանը: Պարեկային ծառայողը 2021թ. հուլիսի 11-ից մինչև 2023թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում տարբեր օրերի մուտք է գործել Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան համայնքների տարբեր տներ և այնտեղից կատարել գողություններ` տան տերերին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս: Դրանից բացի, նա 2023թ. մարտի 1-ին գողություն կատարելու նպատակով մտել է Կարբի գյուղի տներից մեկը, սակայն համագյուղացիները նկատել են նրան: Համագյուղացիների կողմից բռնվելու վտանգը զգալով և նրանցից խուսափելու նպատակով՝ նշված տանն եղած պահարանից վերցրել է գործարանային արտադրության «ՄՊ-27Մ» տեսակի որսորդական ողորկափող երկփողանի հրացանը և փորձել է փախչել: Կրակել է, որ համագյուղացիները փախչեն, որից հետո, հրացանը ձեռքին, ինքն է դիմել փախուստի: Ցատկել է վերոնշյալ տան պատուհանից ու վնասել ոտքը, ինչից հետո համագյուղացիները բռնել են նրան ու հանձնել Ոստիկանության ծառայողներին:
Ոստիկանության աշխատակիցը մեղավոր է ճանաչվել 28 դրվագով բնակարան մուտք գործելով գողություն կատարելու, 8 դրվագով՝ գողության փորձ կատարելու և մեկ դրվագով ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու համար: Դատապարտվել է 5 տարի 10 ամիս ժամկետով:
Ոստիկանության ծառայողները ներգրավված են նաև թմրամիջոցներ օգտագործելու, ինչպես նաև իրացնելու և ապօրինի շրջանառությանը մասնակցելու գործերում: Մասնավորապես՝ 2018-2025թթ․ 1-ին կիսամյակի ընթացքում թմրամիջոցներ օգտագործելու, ինչպես նաև իրացնելու և ապօրինի շրջանառության դեպքերով ծառայությունից ազատվել է Ոստիկանության 80 ծառայող:
Ըստ ՆԳՆ-ի տրամադրած տեղեկատվության՝ թմրամիջոցների շրջանառությանը մասնակցած Ոստիկանության ծառայողներն ամենաշատն աշխատանքից ազատվել են 2024թ․-ին՝ 18 ծառայող: 2025թ. առաջին կիսամյակի ընթացքում արդեն Ոստիկանության 11 ծառայող է նշված պատճառով աշխատանքը կորցրել:
Նշված 80 ծառայողներից 67-ը Ոստիկանության Երևան քաղաքում տեղակայված ստորաբաժանումների ծառայողներ են, իսկ 13-ը՝ մարզային ստորաբաժանումների ծառայողներ։ Բացի այդ, 80 ծառայողներից 3-ը եղել են Ճանապարհային ոստիկանության ծառայողներ, 14-ը՝ պարեկային, իսկ մնացածը՝ տարբեր ստորաբաժանումների։
Դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով 2018-2025թթ․ 1-ին կիսամյակի ընթացքում Ոստիկանությունում ծառայությունից ազատվել է 93 ծառայող: Միայն 2025թ. առաջին կիսամյակի ընթացքում Ոստիկանության 13 ծառայող դարձել է գործազուրկ:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց՝ մոտ 100 ոստիկանի դատապարտումն արդեն ցույց է տալիս, որ Ոստիկանության ծառայողները դեռևս բավարար գիտակցություն չունեն, թե որն է իրենց առաքելությունը և նպատակը։
«Անձը, որ մուտք է գործում իրավապահ համակարգ աշխատելու, պետք է ունենա արժեհամակարգային առանցք, որի շուրջ հավաքվում է իրավապահ գործունեությունը, լինի դա օրենքի գերակայությունը, իրավունքի պաշտպանությունը, թե հանցավոր աշխարհի դեմ պայքար տանելու պատրաստակամությունը, այդ բարքերը որպես արժեք մերժելու գիտակցությունը։ Նույնիսկ տարրական խոսույթը, որ ոստիկանները հաղորդակցվում են քաղաքացիների հետ, ցույցերի ժամանակ վերաբերմունքը շատ տեսանելի ապացույցներ են, որ քրեական գործելաոճը դեռևս հարազատ է ոստիկաններին և Ոստիկանությանը։ Մինչդեռ պետք է հակառակը լիներ, Ոստիկանությունը պետք է այդ մշակույթից դուրս լիներ, մերժեր»,- ասում է Զառա Հովհաննիսյանը։
Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ ոստիկանների կատարած բնակարանային գողությունները, թմրանյութերի ապօրինի շրջանառության մասնակից լինելը, տարբեր հանցագործություններին ներգրավումը գայթակղություններ են, որին մոտ են կանգնած ոստիկանները։ Զ․ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ոստիկանները գիտեն բոլոր սողանքները, դա է նաև պատճառը, որ ներգրավված են հանցավոր գործընթացներում։
Իրավապաշտպանի կարծիքով՝ շատ կարևոր է, թե ինչպես են անձանց ծառայության վերցնում ոստիկանության համակարգ։ Պետք է իրականացվի խորքային ուսումնասիրություն, որով վեր կհանվեն բացասական երևույթները, հակումները, արժեհամակարգը։
«Ոստիկանությունը ուռճացված համակարգ է, կարելի է ասել՝ ոստիկանական պետություն ենք։ Այստեղ կարևոր է՝ ուղղակի թի՞վ ենք ավելացնում, որ Ոստիկանությունը դառնա ճնշող միջոց, թե՞ փոքր ուժերով փորձի իրականացնել արդյունավետ ծառայություն։ Արդյունավետության, համակարգման բաղադրիչների խնդիր եմ տեսնում, որը ազդում է նաև որակական հատկանիշների վրա»,-ասում է Զ․ Հովհաննիսյանը։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ևս կարևորել է կադրերի ընտրությունը, թե ինչպիսի հատկանիշներ են գնահատվում նրանց մեջ կոնկրետ պաշտոնի դեպքում, ինչպես են ստուգում նրանց բարեվարքությունը, գնահատում հոգեհուզական վիճակը՝ հատկապես գերլարում պահանջող ծառայությունների դեպքում։ Կարևորվել է նաև, թե ինչպիսի կրթություն են ապահովում, ինչպես են երաշխավորում աշխատանքի անցնելուց հետո նրանց շարունակական զարգացումը, կարիերայի աճը, ինչպես են գնահատում կատարողականը և այլն։
Նախարարն ասել է՝ սա առաջնային խնդիր է, և ընթացիկ տարում հստակ լուծումներ են նախատեսվելու այս ուղղությամբ։
Ինֆոգրաֆիկաները՝ Արեն Նազարյանի
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով
Մեկնաբանել