HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Օտարերկրացիները կենսաթոշակային հաշվում առկա միջոցները կկարողանան ստանալ, եթե առնվազն 5 տարի աշխատել են ՀՀ-ում

Սոցիալական վճար կատարած օտարերկրացիները մշտական բնակության երկիր վերադառնալու դեպքում կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ կարող են ներկայացնել, եթե առնվազն 5 օրացուցային տարի աշխատել են Հայաստանում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունն առաջարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել։ Նախագիծը հանրային քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

5 օրացուցային տարուց պակաս աշխատելու (սոցիալական վճար կատարելու) և մշտական բնակության երկիր վերադառնալու դեպքում նման պահանջ ներկայացվել չի կարող, իսկ կուտակային կենսաթոշակը կվճարվի օրենքով սահմանված կարգով՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո։

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել Հայաստանում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստանալու պայմանները։

Գործող իրավակարգավորումներով Հայաստանում աշխատող օտարերկրացին իր մշտական բնակության երկիր վերադառնալու դեպքում կարող է կուտակային հաշվում առկա միջոցները, այդ թվում՝ պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները, փոխանցել օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին։

«Օտարերկրացիները, որպես կանոն, Հայաստանի աշխատաշուկայում ներգրավվում են ժամանակավոր և կենսաթոշակային ապահովությունն իրացնում են իրենց մշտական բնակության վայրի երկրում։

Պետական միջոցներն արդյունավետ տնօրինելու, ինչպես նաև ՀՀ աշխատաշուկայում օտարերկրյա քաղաքացիների երկարաժամկետ ներգրավվածությունն ապահովելու նպատակով անհրաժեշություն է առաջացել հստակեցնել ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստանալու պայմանները»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագծով նախատեսված է նաև անցումային դրույթ, որով հստակեցվում է, որ մշտական բնակության երկիր վերադառնալու հիմքով կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ աշխատող հանդիսացող օտարերկրացու կողմից ներկայացվելու դեպքում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 56-րդ հոդվածը (հաշմանդամության ձեռքբերում, Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու, մշտական բնակության երկիր վերադառնալու դեպքում) կիրառվում է անկախ նրա՝ Հայաստանում առնվազն 5 օրացուցային տարի աշխատած լինելու հանգամանքից։  

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ եթե գործատուն ներկայացնում է ճշտված հաշվարկ, որով վերահաշվարկվում է (նվազում է) սոցիալական վճարի պարտավորությունը, ապա փոփոխության արդյունքում առաջացած տարբերությունը հաշվառվում է որպես գործատուի՝ ճշտված հաշվարկ ներկայացնելու արդյունքում առաջացած լրացուցիչ պարտավորություն, եթե հաշվետու ժամանակահատվածում գործատուից եկամուտ ստացած անձն ազատվել է աշխատանքից կամ սույն օրենքով սահմանված կարգով դադարել է համարվել սոցիալական վճար կատարող։

Առաջարկվում է նաև հստակեցնել, որ կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարած անձանց կուտակային հատկացումը կատարվում է ձեռնարկատիրական եկամտի դեպքում՝ այդ եկամտից, որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտներից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափով:

Նախագիծը դեռ պետք է հավանության արժանանա Կառավարության, ապա նաև՝ Ազգային ժողովի կողմից։ Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից 2 տարի հետո։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter