HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասիսի և Սևանի ավագանիների նախկին անդամները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Մասիս համայնքի և Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանիների նախկին անդամներն իրենց պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Այս մասին հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք պատշաճ ձևով ծանուցվել են 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձինք, սակայն, այդ ընթացքում չեն ներկայացրել հայտարարագրերը և չեն ներկայացել հանձնաժողովին:

Դրանից հետո Մասիս և Սևան համայնքների ավագանիների նախկին անդամների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, և տեղի ունեցած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության արդյունքում որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ 200 000-ական դրամի չափով տուգանք նշանակելու մասին:

Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ ավագանիների նախկին անդամները 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագրեր չեն ներկայացրել իրավասու մարմնին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթներով նախաքննություններն ավարտվել են, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter