Մեկնարկում է «Երևանյան հեռանկարներ» 12-րդ երաժշտական միջազգային փառատոնը
«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի 12-րդ համերգաշրջանը այս անգամ կմեկնարկի հունիսի 3-ին և մինչև տարեվերջ հայաստանյան երաժշտասեր հանրությանը համերգներով կներկայացնի երաժշտական ասպարեզում մեծագույն ճանաչում ունեցող, աշխարհի շուրջ 10 խմբերի ու մենակատարների:
Հանդես կգան «Ակադեմի օֆ Սենթ Մարտին ին դը Ֆինդլս» կամերային նվագախումբը, Գյուլբենկյան սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Լորենս Ֆոստերի գլխավորությամբ, «Հագեն» լարային քառյակը:
Մենահամերգով կներկայանա Պինկաս Ցուկերմանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր` Յոուզաս Դոմարկաս) հանդես կգա դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան: Ծրագրում կներկայացվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Ա. Խաչատրյան- թիվ 3 սիմֆոնիա, Ա. Տերտերյան- թիվ 3 սիմֆոնիա, Ս. Ռոստոմյան- թիվ 1 սիմֆոնիա):
Հունիսի 3-ին` ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում համերգային ծրագրով հանդես կգա լեգենդար «Քինգզ Սինգըրս» բրիտանական վոկալ խումբը: Այն երևանյան իր առաջին այցի առթիվ պատրաստել է հազվագյուտ հարուստ ծրագիր. համերգի առաջին բաժնում խումբը կկատարի միջնադարյան ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ երկրորդ մասում կներկայանա հանրահայտ «Բիթլզի», Ֆրեդի Մերկուրիի, «Քուին» խմբի սիրված երգերի իր կատարումներով:
«Երևանյան հեռանկարները» միակն է ողջ տարածաշրջանում և տևականության ու գեղարվեստական բարձր մակարդակի շնորհիվ ձեռք է բերել միջազգային լայն ճանաչում` մասնագետների կողմից դասվելով աշխարհի ամենահեղինակավոր փառատոների շարքին։ 2007 թ.-ից փառատոնն անդամակցում է Եվրոպական փառատոնային ասոցիացիային:
Արդեն 12 տարի է, ինչ փառատոնը Հայաստան է հրավիրում աշխարհի առաջնակարգ մենակատարների ու նվագախմբերի, որոնց թվում են Վալերի Գերգիևը և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Պլասիդո Դոմինգոն, «Տոկիո» լարային քառյակը, կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Ռոդիոն Շչեդրինը Մայա Պլիսեցկայայի հետ միասին, Ջո Քոքերը և շատ ուրիշներ։
«Երևանյան հեռանկարները» անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը տեղեկացրել է, որ այս տարվա աշնանից կգործի «Բյուրական» արվեստների ակադեմիան, որտեղ կհրավիրվեն դասավանդելու երաժշտական աշխարհի ու արվեստների առաջին դեմքերը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել