HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաբերդ, Մազրա և Այգեձոր․ նույն բաժնետերերը միանգամից երեք մետաղական հանքավայր են ուզում շահագործել

Քարաբերդի ոսկու հանքավայրի համար օգոստոսի 13-ին լսումներ նախաձեռնող «Զով-Գուժ» ընկերության սեփականատերերը միանգամից երեք մետաղական հանքավայրի շահագործման հավակնություն ունեն․ նրանք գործընթաց են սկսել նաև Սյունիքի մարզի երկու այլ հանքավայրերի՝ Մազրայի և Այգեձորի շահագործման ուղղությամբ։ 

Ովքեր են հանքարդյունահանողները

Քարաբերդում «Զով-Գուժ» ՍՊԸ-ն ուզում է ուսումնասիրել Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերը՝ օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով։ 

2024թ․ հունվարին գրանցված «Զով-Գուժ» ընկերության հիմնադիրը Վարդան Վահեի Խաչատրյանն է։ Վերջինս մի շարք այլ բիզնես նախագծերում մասնակցություն ունի՝ եղբոր՝ Արտակ Խաչատրյանի և գործընկերոջ՝ Արա Ավետիսյանի հետ։ 

Նրանց հայտնի նախագծերից մեկը Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում «Զովեր» թաղամասի կառուցումն է, որն իրականացնում է «Մագնոլիա կոմֆորտ» ՍՊԸ-ն։ Այս ընկերության բաժնեմասը հավասարապես կիսում են Արա Ավետիսյանն ու Արտակ Խաչատրյանը։ 

Հիշեցնենք՝ 2021թ․ մարտին Կառավարությունը հավանության էր արժանացրել այս կառուցապատողի ներդրումային նախագիծը և արտոնություններ շնորհել, մասնավորապես՝ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր ընկերությանը։ 

Խաչատրյան եղբայրների և Արա Ավետիսյանի մասնակցությամբ գործում է նաև «Օպտիմում Գրուպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է շինարարական մետաղյա կոնստրուկցիաների մեծածախ առևտրով։ Նույն անձինք նաև մասնակցություն ունեն ձեռնարկատիրական և կառավարման այլ հարցերով խորհրդատվական գործունեություն ծավալող «Զովեր Ստաֆֆ» ՍՊԸ-ում, «Էմ Էս Զովեր» ՍՊԸ -ում, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Զովեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ում, բնակելի և ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգմամբ զբաղվող «Մֆ Սթոուն» ՍՊԸ-ում,  «Մագնոլիա Կոմֆորտ 2» ՓԲԸ-ում։  

Վարդան Խաչատրյանը եղբոր հետ նաև կիսում է «Ֆիշ Պրոդուկտ» ՍՊԸ-ի բաժնեմասը, որը զբաղվել է անասնակերի և ուրիշ խմբավորումներում չներառված այլ գյուղատնտեսական հումքի մեծածախ առևտրով, ինչպես նաև սպասարկման ծառայություններ մատուցող «Էյչ.Էս.Քորփորեյշն» ՍՊԸ-ի բաժնեմասը։ Այս երկու ընկերությունների գործունեությունը, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավորապես դադարեցված է։ 

Վարդան Խաչատրյանին է պատկանում նաև ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով զբաղվող «Ա Վ Օիլ» ՍՊԸ-ն (յուղման կետ), որի գործունեությունը նույնպես ժամանակավորապես դադարեցված է։ Վարդան Խաչատրյանը ԻԻՀ մի քաղաքացու հետ կիսում է «Ջեներալ Թրեյդինգ Հաուս» ՍՊԸ-ի բաժնեմասը, այնտեղ նաև տնօրեն է։ 

Գծապատկերը` Արեն Նազարյանի

«Մագնոլիա կոնֆորտ» ՍՊԸ-ն՝ Այգեձորի պղինձ-մոլիբդենային և Բարձրադիրի ոսկու հանքավայրերում

«Զով-Գուժ» ընկերության տնօրենը Հակոբ Հակոբյանն է, վերջինս նաև «Զովեր» թաղամասը կառուցող «Մագնոլիա կոնֆորտ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրենն է։ Հակոբ Հակոբյանը մի քանի այլ՝ հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններում է ներգրավված։ Մասնավորապես, նա 2023 թվականից «Ակտիվ Լեռնագործ» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Ակտիվ Լեռնագործ» ՍՊԸ-ն, հիշեցնենք, 2012-ին ընդերքօգտագործման իրավունք էր ստացել Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասի համար, որը պետք է շահագործի մինչեւ 2036 թվականը։  

«Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ում 2023թ․-ից բաժնետեր է դարձել «Զովեր» թաղամասի կառուցապատող «Մագնոլիա կոնֆորտ» ՍՊԸ-ն։ Այդ բաժնեմասը ընկերությունը ձեռք է բերել Մեղրաձորի ոսկու հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի բաժնետեր Վարդան Մարգարյանից։ Հիշեցնենք՝ Մարգարյանը Մեղրաձորի հանքավայրի իր բաժնեմասի մի մասը վաճառել է գործարար Նարեկ Նալբանդյանին։

«Մագնոլիա կոնֆորտը» 2023թ․ նոյեմբերին ձեռք է բերել նաև «Հրաշք մետաղ» ՍՊԸ-ի բաժնեմասը, այստեղ ևս տնօրեն է նշանակվել Հակոբ Հակոբյանը։ 

«Հրաշք մետաղ» ՍՊԸ-ն էլ 2016 թվականին ստացել էր Սյունիքի մարզի Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը՝ 31 տարի ժամկետով, սակայն 2018-ին հրաժարվել էր այդ իրավունքից։ 

Հակոբ Հակոբյանի հետ մեր զրույցը կարճ ստացվեց, մեր հարցերին նա լակոնիկ պատասխաններ էր տալիս։ Ասաց, որ այս պահին հնարավոր չէ խոսել սեփականատերերի հետ, քանի որ բոլորն էլ բացակայում են Հայաստանից։

Հարցին, թե ինչով է պայմանավորված կառուցապատման ոլորտից հանքարդյունահանում անցումը, պատասխանեց հարցով․ «Մի գործը մյուսին ինչո՞վ է խանգարում, գործ է, ուզում ենք անել»։

Հակոբ Հակոբյանը նշեց, որ այս պահին հետաքրքրված են վերը նշված երեք հանքավայրերով։ 

«Այգեձորն ունի իրավունք, թղթաբանությունը գնում է, փաստաթղթերը Շրջակա միջավայրի նախարարությունում են, օրենքով սահմանված կարգով գնում ենք առաջ»,- ասաց նա։

Դիմել են նաեւ՝ վերականգնելու Մազրայի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը։ 

«Մենք ուզում ենք ուսումնասիրություն անենք, որ հասկանանք՝ եթե պաշարներ կան, կհաստատվեն, կգնանք շահագործման, ներդրումներ անելու, եթե չկան, ուրեմն չկան»,- նշեց տնօրենը։ 

Հանրային լսման երկրորդ փորձին անդրադառնալով՝ Հակոբ Հակոբյանը նշեց, որ նախորդ անգամ իրենք հնարավորություն չեն ունեցել իրենց փաստարկները ներկայացնելու, քանի որ բնապահպանների, գյուղացիների միջև վեճ է ծագել, իսկ իրենք դիտորդի դերում են եղել, հնարավորություն չեն ունեցել խոսելու։ Այս անգամ իրենց հիմնավոր փաստարկները ներկայացնելու են բնակիչներին։  

«Մեր հիմնավորված փաստարկները կներկայացնենք, բնակիչները կուզեն՝ կանենք, չեն ուզի՝ չենք անի, խնդիր չկա»,- ասաց տնօրենը։ 

Զրույցի վերջում Հակոբ Հակոբյանը հավաստիացրեց, որ ընկերության սեփականատերերը քաղաքականությամբ չեն զբաղվում, քաղաքականության հետ առնչություն չունեն։  

Այդուհանդերձ, 2023 թվականի հուլիսի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի դրամահավաք-երեկոյին նվիրատվություն կատարողներից են։ Վարդան Խաչատրյանը, Արտակ Խաչատրյանը և Արա Ավետիսյանը ՔՊ դրամահավաքին 100-հազարական դրամ  են նվիրաբերել։ Արտակ և Վարդան Խաչատրյանների հետ մեկ այլ ընկերության՝ «Միլկ պրոդուկտ» ՍՊԸ-ի բաժնետերերից Վահան Մկրտչյանը փոխանցել է 50 հազար դրամ։ Հակոբ Հակոբյանն էլ նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Նույնքան նվիրատվություն է կատարել նաև «Զովեր քնսթրաքշն» ընկերության տնօրեն Արմեն Ղազարյանը։ 

Օգոստոսի13-ին՝ ժամը 11։00-ին, Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Զով-Գուժ» ՍՊԸ-ի նախաձեռնած հանրային լսումը։ Հիշեցնենք՝ 2025 թվականի հուլիսի 9-ին «Զով-Գուժ» ՍՊԸ-ն արդեն մեկ լսում էր նախաձեռնել, որի ժամանակ Քարաբերդի բնակիչները դեմ էին արտահայտվել, եւ լարվածության պատճառով լսումները չեղարկվել էին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter