
Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի գործն ուղարկվել է դատարան. Դատախազությունը պահանջում է առանձնատան տարածքը
Գլխավոր դատախազությունը Շրջակա միջավայրի նախարարության դեմ հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 10.526 քմ մակերեսով հողատարածքը կառուցապատման և վարձակալության իրավունքով Բենիամին Ղալեչյանին տրամադրելու մրցույթն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին: Դատախազությունը կարծում է, որ մրցույթը ձևական է անցկացվել: Այս գործով Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը ներգրավվել է որպես երրորդ անձ:
Հիշեցնենք, որ հենց այս գույքի հետ կապված գլխավոր դատախազը 2025թ. հուլիսի 4-ին Ազգային ժողով էր ներկայացրել պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ազգային ժողովը տվեց իր համաձայնությունը, և ընդդիմադիր պատգամավորներին մեղադրանք առաջադրվեց:
Քրեական գործը երեկ՝ 2025թ. հուլիսի 31-ին, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան: Սեյրան Օհանյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2008թ. ապրիլի 14-ից մինչև 2016թ. սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, շահադիտական և անձնական շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ մակերեսով հողատարածքը:
Դատախազությունը փաստում է, որ Բենիամին Ղալեչյանի մասնակցությունը մրցույթին նպատակ է հետապնդել քողարկել իրական սեփականատերերին:
Ըստ մեղադրանքի՝ կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում Օհանյանը հանձնարարել է իր ենթակա, Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Գրիգորյանին և այլ անձանց, նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։ Իսկ նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունն իրականացվել է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներին պետական բյուջեի միջոցներից վճարվել է առնվազն 13 մլն 120 հազ. դրամ աշխատավարձ։
Արծվիկ Մինասյանին էլ մեղադրանք է առաջադրվել, որ զբաղեցնելով Բնապահպանության նախարարի պաշտոնը, և ի պաշտոնե հանդիսանալով ՀՀ բնապահպանության նախարարության կառավարմանը հանձնված «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահի տեղակալ, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ՝ չի կատարել ծառայողական պարտականությունները: Դրա հետևանքով բարձրաստիճան պաշտոնատար անձի արարքների հետևանքով անօրինական ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացվել է:
Մեկնաբանել