HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հանրության գերակա շահին վերաբերող օրենքների փոփոխությունները մտահոգություններ են առաջացնում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» և մի շարք այլ օրենքներում լրացում ու փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը: Վենետիկի հանձնաժողովը և իրավաբանները մի շարք խնդրահարույց կետեր են առանձնացրել: 

Օրենքների նախագծային փաթեթ Կառավարության կողմից ներկայացվել է 2024թ-ին: Դրանց վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը 2025թ. մարտի 17-ին տրված եզրակացությամբ մի շարք խնդրահարույց կետեր և կարգավորումներ է առանձնացրել։ 2025թ. հուլիսի 10-ին e-draft.am կայքում տեղադրվել է նոր նախագիծ, որում շարունակում են պահպանել մտահոգիչ կարգավորումները։

Օրինակ՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ եթե օտարման ենթակա գույքի սեփականատիրոջ կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողի կողմից խոչընդոտվում են սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքները, ապա արձանագրությունը կազմում է առկա հնարավորությունից ելնելով՝ առնվազն երկու ընթերակաների մասնակցությամբ, որը և հիմք է հանդիսանում բարելավումները գնահատելու համար: Բացի այդ, եթե խոչընդոտվում են նկարագրման աշխատանքները կամ գույքին հասանելիությունն այլ կերպ անհնարին է դառնում, ապա կազմված արձանագրության հիման վրա որոշված փոխհատուցումը չի կարող վիճարկվել:

Հանձնաժողովը նշել է, որ «խոչընդոտել» տերմինը, օրենքում պետք է  հստակ սահմանվի։ Եթե, օրինակ, դատական հայցի ներկայացումը կամ փոխհատուցման գործընթացին մասնակցությունը որակվի որպես «խոչընդոտում», ապա կարող են կոպտորեն խախտվել սեփականատիրոջ արդար դատաքննության և իրավունքների պաշտպանության երաշխիքները: 

Փաստաբան Դավիթ Ասատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախագծերի փաթեթի հետ կապված ինքը ևս մտահոգություններ ունի: Նշում է, որ փոխանցմամբ չվիճարկելի արդյունք սահմանելը լրջորեն հակասում է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, այնպես էլ ՀՀ Սահմանադրության պահանջներին՝ օրինականության, արդար դատաքննության և սեփականության իրավունքի երաշխավորման առումով։ Դատական գործընթացին մասնակցությունը կամ այլ օրինական գործողությունները չեն կարող ինքնին դիտվել որպես նկարագրման աշխատանքներին խոչընդոտում։

Davit Asatryan.jpg (44 KB)

Դավիթ Ասատրյան

Նախագծով առաջարկվում է օտարվող գույքերի սեփականատերերի համար նախատեսել փոխհատուցման չափին համաձայնելու համար խրախուսում` սահմանելով գործող կարգավորման համեմատությամբ ևս 15 տոկոս ավելի բարձր չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն: Փաստացի` շուկայական արժեքից 30 տոկոս ավել: Սակայն, սա այն դեպքում, երբ գույքի սեփականատերը չի խոչընդոտում սեփականության նկարագրության արձանագրության կազմման նպատակով օտարվող սեփականություն մուտք գործելուն կամ այլ կերպ անհնարին չի դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը: Բացի այդ, ձեռքբերողի հետ կնքում է պայմանագիր ու սահմանված ժամկետում և կարգով ազատում է օտարվող գույքը՝ հանձնելով ձեռքբերողին:

Դավիթ Ասատրյանն ասում է, որ նման կարգավորում կար նաև նախորդ նախագծում, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն է հայտնել: Մասնավորապես՝ թեև շուկայական արժեքից 30 տոկոսով ավելի փոխհատուցում տրամադրելը որպես խթան սեփականատերերի համար ինքնին չի հակասում Եվրոպական կոնվենցիային, այնուամենայնիվ օրենքը պետք է ցանկացած դեպքում երաշխավորի, որ «խոչընդոտելը» եզրը չմեկնաբանվի այնպես, որ սահմանափակի բարեխիղճ առարկությունները կամ օրինական ընթացակարգային քայլերը։ Փաստաբանի խոսքերով՝ փոխհատուցման տրամադրումը չպետք է ունենա պատժիչ բնույթ՝ «չխոչընդոտելը» կամ «ժամանակին հանձնելը» չպետք է մեկնաբանվի որպես օրինական իրավունքներն իրացնելու դեմ քայլ։ Մինչդեռ պետությունը խրախուսում է «հնազանդություն», այլ ոչ թե իրավական պաշտպանության գործիքների օգտագործում։ 

Դավիթ Ասատրյանն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովը դրանում տեսնում էր պատժիչ բնույթ, իրավունքի սահմանափակում, ուստի կարելի է ասել, որ նախագծում այս դիտարկումը նույնպես չի հաշվի առնվել։

Այստեղ նախագծի հեղինակներն այլ կերպ են մեկնաբանում: Հիմնավորումների մեջ նծում են, թե փոխհատուցման չափի որոշման պահանջով դատարան դիմելը անդառնալի հետևանքներ է ունենում այն քաղաքաշինական ծրագրերի իրականացման վրա, որոնց իրականացումը Կառավարության կողմից ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ: Նույնիսկ մեկ սեփականատիրոջ սեփականության համար առաջարկվող գնի շուրջ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ձեռքբերողի կողմից դատարան դիմելը կանգնեցնում է ողջ ծրագրի իրականացումը, ձեռքբերողը չի կարողանում տվյալ սեփականությունն իրեն օտարված չլինելու պայմաններում դրա առնչությամբ որևէ գործողություն անել, քանի որ ըստ օրենքի` սեփականությունը տվյալ դեպքում կարող է օտարվել միայն այդ գործով կայացված վերջնական դատական ակտի առկայության պայմաններում:

Նախագծում ամրագրված է, որ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը տրամադրվում է նաև ձեռնարկատիրական գործունեության ընդհատման (դադարեցման) ժամանակաշրջանի, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա համար դրամական փոխհատուցում հարկային հայտարարագրի հիման վրա` կառավարության սահմանած կարգով։ Նախատեսվում է փոխհատուցում ձեռնարկատիրական գործունեության ընդհատման համար՝ առավելագույնը մեկ տարվա եկամտի չափով, հարկային հայտարարագրի հիման վրա։

Փաստաբան Դավիթ Ասատրյանի դիտարկմամբ՝ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ հստակ նշել է, որ եթե օտարվող գույքը սեփականատիրոջ եկամուտի հիմնական աղբյուրն է, ապա անհրաժեշտ է գնահատել դրա ազդեցությունն ու փոխհատուցել փաստացի կրած եկամտային կորուստը։ Բացի այդ, ՄԻԵԴ-ի պրակտիկայի համաձայն՝ Հայաստանին վերաբերող գործերով, էական է համարվել, որպեսզի օրենքը նախատեսի հնարավորություն՝ դիտարկելու այն իրավիճակները, երբ օտարման ենթակա գույքը սեփականատիրոջ համար նշանակալի եկամուտ է ապահովում, ինչի հետևանքով օտարման արդյունքում վերջինս կրում է զգալի եկամտի կորուստ։

Նախարարության դիրքորոշումն այն է, որ համաձայնության բացակայության դեպքում փոխհատուցման չափի որոշման գործընթացը գնում է դատական փուլ, որտեղ կրկին շարունակում են բախվել երկու կողմի շահերը, իսկ դատարանները, ելնելով համակարգային ծանրաբեռնվածությունից և անձի իրավունքները լիարժեք պաշտպանելու իրենց առաքելությունից՝ տարիներ շարունակ քննում են այս գործերը, նշանակում փորձաքննություններ և մի շարք այլ դատավարական գործողություններ իրականացնում: Արդյունքում, սեփականատիրոջ իրավունքների առավել համակարգված պաշտպանությունն ապահովելու լույսի ներքո հանրային շահով պայմանավորված նպատակները, օրինակ` քաղաքաշինական ծրագրերը, մնում են չիրականացված, հաճախ նույնիսկ այնքան երկար ժամանակով, որ արդյունքում ծագում է գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումն անվավեր ճանաչելու հիմք:

«Խոսքը գնում է անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության եկամտի կորստի փոխհատուցման մասին։ Այդպիսի գործունեությունը, որպես կանոն, կրում է տևական, երկարաժամկետ բնույթ, ուստի մեկ տարվա համար տրվող փոխհատուցումը չի կարող համարվել համարժեք փոխհատուցում։ Այսինքն, չնայած այն հանգամանքին, որ պետությունը ցանկացել է մեղմացնել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների կրած վնասը՝ նախատեսելով փոխհատուցում, այնուամենայնիվ, ձեռնարկատիրական գործունեությունը հանդիսանում է անձի եկամտի հիմնական աղբյուր, և մեկ տարվա եկամտի փոխհատուցումը չի կարող համարվել բավարար»,-ասում է Դ. Ասատրյանը։

Փաստաբանը նշում է, որ նոր նախագիծը թույլ չի տալիս դադարեցնել կամ կասեցնել գույքի օտարման գործընթացը մինչև փոխհատուցման հարցը պարզվի։ Սա հակասում է Վենետիկի հանձնաժողովի այն դիրքորոշմանը, որ պետք է ապահովվի փոխհատուցման համարժեքությունը նախքան անձին սեփականության իրավունքից զրկելը։ Փոխհատուցման միայն մի մասի վճարումը ցանկացած դեպքում չի նշանակում, որ կատարվել է «նախնական և համարժեք» փոխհատուցում։ Անհրաժեշտ է ունենալ արդյունավետ մեխանիզմ, որը թույլ կտա նախքան անձին սեփականության իրավունքից զրկելու գործընթացի ավարտը բացառիկ դեպքերում վիճարկել տեսանելի հակասությունները։ 

Հարկ է նշել, որ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ Կառավարության որոշման օրինականությունը կարող է վիճարկվել Վարչական դատարանում ՝ որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում, սակայն դատարանի կողմից հայցի ընդունումը ավտոմատ կերպով չի կասեցնում այդ որոշման կատարումը։ Դատարանը պահպանում է իր հայեցողությունը՝ կիրառելու կասեցում միայն հայցվորի սեփականության իրավունքի վերաբերյալ դրույթների մասով, երբ կասեցման վերաբերյալ որոշում չկայացնելը կարող է առաջացնել անդառնալի կամ ծայրահեղ հետևանքներ միաժամանակ և՛ հայցվորի, և՛ հանրության համար։

Դավիթ Ասատրյանն ասում է, որ Վենետիկի հանձնաժողովն այս հարցում ևս մտահոգություն է հայտնել: Մասնավորապես՝ նշել է, որ գործադիրի կողմից հանրության գերակա շահի ճանաչման որոշման վերաբերյալ բողոքները՝ դրանց ողջամտության, օրինականության կամ այլ ասպեկտների մասով, որոշ դեպքերում պետք է ունենան կասեցնող ազդեցություն, հակառակ դեպքում ստեղծվում է անարդար հավասարակշռություն՝ ի վնաս անհատի շահերի:

ՄԻԵԴ-ն ընդունել է, որ սեփականության իրավունքին միջամտող միջոցից տուժող անձինք պետք է հնարավորություն ունենան իրենց փաստարկները ներկայացնելու լիազորված մարմիններին, այդ թվում՝ վիճարկելու միջոցների անօրինականությունը կամ կամայականությունն ու անհիմն լինելը։ Իսկ կասեցման բացակայությունը կամ իրավակարգավորման անորոշությունը կարող են այդ հնարավորությունը վերածել ձևականության։

Թեև նոր օրենսդրությամբ փորձ է կատարվել՝ դատական կարգով նախատեսել կասեցում, սակայն այն սահմանափակվել է այն դեպքերով, երբ անդառնալի կամ ծայրահեղ հետևանքները միաժամանակ առկա են և՛ հայցվորի, և՛ հանրության համար։ Հանձնաժողովը նշել է, որ նման զուգահեռ պահանջը անհավանական է, քանի որ հաճախ այս կողմերի շահերը հակադիր են։

Դավիթ Ասատրյանն ասում է, որ Նախագծով՝ օտարումը փաստացի դարձվում է հնարավոր առանց կողմերի համաձայնության կամ դատական որոշման՝ փոխհատուցման գումարի մուտքագրումից ընդամենը 30 օր անց, անկախ նրանից՝ արդյոք սեփականատերը բողոքարկում է փոխհատուցման չափը։ Նույնաբովանդակ կարգավորում նախատեսված է եղել նաև նախորդ նախագծում, որի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ նշել է հետևյալը․«Հանձնաժողովը նկատում է, որ նման ձևակերպումը կարող է կամայականորեն բացառել նաև հիմնավոր պահանջները, քանի որ կարող է բացառել օտարման կասեցումը նույնիսկ այն դեպքերում, երբ փոխհատուցման չափը կամ օտարման գործընթացի այլ առանցքային տարրեր լուրջ և հիմնավորված կերպով վիճարկվում են»:

Փաստաբանի դիտարկմամբ, գործող օրենքի համաձայն, մասնավոր անձինք կարող են հանդիսանալ հանրության գերակա շահի անվան տակ օտարվող գույքի ձեռքբերողներ՝ նույնիսկ այն դեպքերում, երբ գործընթացը իրականացվում է առանց մրցույթի և առանց հանրային վերահսկողության։ Այս իրավակարգավորումը ստեղծում է կամայականության և կոռուպցիոն սխեմաների իրական հնարավորություններ։ Պրակտիկան ցույց է տալիս, որ հանրային գերակա շահի անվան տակ իրականացվող սեփականության օտարումները իրականացվել են առանց մրցույթների, առանց ծրագրերի հանրային ներկայացման, առանց կառուցապատող անձանց կամ կազմակերպությունների նախապես ճանաչման, ստուգման, ինչը հանգեցրել է շահագրգիռ մասնավոր անձանց կողմից քաղաքացիների իրավունքների հիմնարար խախտման։ 

Մասնավոր ձեռքբերողների՝ որպես «անձեռնմխելի գործընկերների» ներգրավումը առանց հանրության իրազեկման հանգեցրել է այնպիսի իրավական միջավայրի, որտեղ պետական իշխանության գործառույթների իրականացումը փաստացի դելեգացվել է անհայտ ծագմամբ և հաճախ՝ անկայուն իրավական կամ ֆինանսական վիճակով անձանց։ Կառավարության ընդունած որոշումները, որոնց միջոցով հողամասերն ուղղակիորեն տրամադրվել են կառուցապատողներին առանց մրցույթի, հակասում են ոչ միայն հրապարակայնության և թափանցիկության սահմանադրական սկզբունքներին, այլ նաև ստեղծում են մարդու իրավունքների խախտման մեխանիզմ:

Ինչ վերաբերում է գույքի գնահատմանը, ըստ Դ. Ասատրյանի, գույքի շուկայական արժեքի որոշման ներկայիս մեխանիզմները Հայաստանում թերի են, խիստ սահմանափակ են որակյալ փորձագիտական եզրակացություն ստանալու հնարավորությունները, փորձագետների թվաքանակը անբավարար է, և բացակայում են արագ և վերահսկելի ընթացակարգերը։ Գնահատման գործընթացներում առկա են խտրական մոտեցումներ, թափանցիկության պակաս, իսկ որոշ դեպքերում՝ նաև ակնհայտ չարաշահումներ։ 

Գույքը հաճախ գնահատվում է առանց տեղազննության, առանց կառույցների փաստացի վիճակի և օգտագործման նպատակների հաշվառման։ Գործընթացը չի երաշխավորում ոչ գնահատման որակը, ոչ դրա հիմքում ընկած տվյալների լիարժեքությունը։ Գույքի գնահատումը՝ որպես նախնական և համարժեք փոխհատուցման հիմնական նախապայման, պահանջում է փորձագետների արդի համակարգ, ինչպես նաև պատշաճ իրավական և գործնական մեխանիզմներ։

Փաստաբանի խոսքերով՝ ներկայիս օրենքի փոփոխության նախագծում շոշափելի մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ չհաշվառված ինքնակամ շենքերը և շինությունները չեն ներառվում գույքի շուկայական արժեքի գնահատման հիմքում։ Այսինքն՝ դրանք չեն փոխհատուցվում՝ անկախ այն հանգամանքից՝ արդյոք այդ կառույցները տարիներով ծառայել են որպես բնակելի տարածք, եկամտի աղբյուր կամ կենսական նշանակության այլ ռեսուրս։ Ըստ Դ. Ասատրյանի, թեև նախագծի տրամաբանությունը կարող է հիմնված լինել իրավական գրանցման բացակայության վրա, սակայն մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ այս մոտեցումը ստեղծում է անհամաչափ սահմանափակումներ և մի շարք իրավական խնդիրներ: Անտեսվում է փաստացի գոյություն ունեցող սեփականության իրավունքը։

Դավիթ Ասատրյանն իր մտահոգություններն ու դիտարկումները ներկայացրել է նաև Արդարադատության նախարարությանը՝ հույս ունենալով, որ նախագծի վերջնական տարբերակում դրանք հաշվի կառնվեն: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում այլ առաջարկություններ և մտահոգություններ ևս ներկայացվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter